ՖՈՏՈ. Ինչպե՞ս են բուժում արգանդի արտանկումը «Սլավմեդ» ԲԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգանդի արտանկումը սեռական ուղիներից արգանդի մարմնի եւ վզիկի դուրս գալն է, հեշտոցի պատերի հետ միասին: Բուժման հիմնական մեթոդը, որը խորհուրդ է տրվում այդ դեպքում, վիրահատությունն է։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի Ծննդատան եւ գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Վարդան Ռափյանը բացատրեց, որ կախված կնոջ տարիքից ու երեխա ունենալու ցանկությունից, իրականացվում է կամ արմատական հիստերէկտոմիա (արգանդի ամբողջական հեռացում), կամ վիրահատություն՝ արգանդի ֆունկցիոնալության պահպանուման նպատակով։

Բժիշկը պարզաբանեց, որ արգանդի արտանկումը հիմնականում միջինից բարձր տարիքի կանանց մոտ հանդիպող հիվանդություն է: Որպես կանոն հիվանդությունն արտահայտվում է արգանդի եւ հարակից օրգանների դիսֆունկցիայով: Հիմնական գանգատը կանանց մոտ սեռական ուղիներից արգանդի մարմնի և վզիկի դուրս գալն է, հեշտոցի պատերի հետ միասին: Այս երեւույթը կարող է հանգեցնել միզարձակության խանգարումների՝ հաճախամիզության, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողության առաջացման, որոշ դեպքերում՝ անմիզապահության, ծանրության զգացողության եւ ցավերի։ Սեռական ուղիներից արգանդի արտանկում հաճախ տեղի է ունենում նաեւ մեխանիկիական վնասվածքներից, որոնցից կարող է լինել նույնիսկ հագուստի հետ շփումը:

Այս խնդիրը մեծամասամբ հանդիպում է ծննդաբերած կանանց մոտ կամ հյուսվածքների փոփոխության արդյունքում՝ ինչին կարող են հանգեցնել ծննդաբերությունները, պատռվածքները, խոշոր պտղով ծննդաբերելը, շարակցական հյուսվածքների դեֆեկտները եւ այլն:

«Եթե արդեն իսկ կա արգանդի թեթեւ արտանկում, ու միաժամանակ կնոջ կյանքի որակը չի տուժում, ապա մենք՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի մասնագետներս՝ նրան խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել ու վերացնել այն գործոնները, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը՝ քրոնիկ փորկապությունները, հազը եւ այլն։ Իսկ եթե արգանդի արտանկումն ուղեկցվում է լուրջ ախտանշաններով՝ ցավեր որովայնի ներքեւում եւ հեշտոցում, միզարձակման խանգարում, արտադրություն հեշտոցից, աղիների գործելու խնդիրներ, ապա այդ դեպքում խորհուրդ է տրվում վիրահատություն, եթե իհարկե ուղիղ հակացուցումներ չկան», – ասաց բժիշկը։

Եթե կան հակացուցումներ, լուծում կարող են լինել պեսարիաները՝ օղակներ, որոնք տեղադրվում են արգանդի վզիկի վրա, եւ արգանդը պահում են անհրաժեշտ դիրքում։ Բայց խնդրի նման լուծումը Վարդան Ռապյանը լավագույնը չի համարում, քանի որ այն կապակցված է ինֆեկցիայի ներթափանցման վտանգի հետ։ Նա նման խնդիր ունեցող տարեց կանանց խորհուրդ է տալիս իրականացնել վիրահատական բուժում, երբ դեռ տարիքը այդ հնարավորությունը տալիս է։

«Եթե հաշվի առնենք, որ արգանդի արտանկումը հիմնականում միջին եւ ավելի բարձր տարիքի կանանց մոտ է հանդիպում, երբ արդեն երեխա ունենալու կարիքը չկա, եւ դաշտանային ֆունկցիան ավարտված է, ապա բուժման հիմքում ընկած է արգանդի հեռացումը», – ասաց նա։

Ընդ որում, բժշկի խոսքով, արգանդի իջեցումը կամ արտանկումը տեղի է ունենում կապանային ապարատի ու ֆասցիաների թուլացման հետեւանքով ու այն ուղեկցվում է նաեւ փոքր կոնքի մյուս հարակից օրգանների ՝ միզապարկի ու ուղիղ աղու իջեցմամբ։ Դրա համար էլ վիրահատության ընթացքում, արգանդի հեռացումից հետո կատարվում է ոչ միայն հեշտոցի պլաստիկա եւ արգանդի ծայրատի ֆիքսացիա կոնքի խոռոչում, այլեւ ուղիղ աղու եւ միզապարկի ֆիքսացիա։

Վարդան Ռապյանը պարզաբանեց, որ արգանդի իջեցումը պետք է դիտարկել որպես ճողվածքի տեսակ ու այդ դեպքում հասկանալի է դառնում, որ ներորովայնային ճնշման բարձրացումը հավասարաչափ ներգործում է բոլոր երեք հարակից օրգանների վրա ու վիրահատության ընթացքում պետք է վերացնել այդ բոլոր խնդիրները։ Իսկ վիրահատությունից հետո կանանց պետք է բացատրել, որ կրկնություններից խուսափելու համար պետք է վերացնել ներորովայնային ճնշման բարձրացմանը նպաստող բոլոր հնարավոր գործոնները՝ պետք է կարգավորել աղիների աշխատանքը, բուժել քրոնիկ հազը, սահմանափակել ծանրություններ բարձրացնելը եւ այլն։

Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հատուկ սոցփաթեթի շահառուների համար բացարձակապես անվճար հիմունքներով իրականացնում է այնպիսի գինեկոլոգիական խնդիրների վիրահատական բուժում, որոնց շարքին են դասվում՝ արգանդի միոմատոզ հանգույցների հեռացումը, արգանդի զարգացման դեֆեկտների վերացումը, արգանդի վզիկի մասնակի կամ ամբողջական հեռացումը, արգանդի հեռացումը հեշտոցային ճանապարհով, ձվարանների եւ արգանդափողերի վիրահատությունները, միզապարկի իջեցման վիրահատությունները, արգանդի արտանկման վիրահատությունները, շեքի հետծննդաբերական պատռվածքների վերականգնումը, արտաքին սեռական օրգանների կիստաների և թարախակույտերի հեռացումները եւ այլն:




Լրահոս