Ես խոսում էի, իմ բերանը փակում էին. կոլեգաներս նախագահի հետ հանդիպմանը գնացել էին վարդագույն ակնոցով. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում նախագահը ներկաների հետ զրուցել է գրահրատարակչական աշխատանքի ձեռքբերումների եւ խնդիրների մասին, անդրադարձ կատարել գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության բարելավման, ընթերցանության խրախուսման, պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության խնդիրներին: Հրատարակիչները նախագահին են ներկայացրել նաեւ իրենց առաջարկությունները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, որքանո՞վ եք կարեւորում այս ձեւաչափի հանդիպումները:

-Ես չեմ կարեւորում այս ձեւաչափի հանդիպումը, սա լավ հանդիպում չէ, որովհետեւ պետության ղեկավարի գործը չէ այսպիսի հարցերի մեջ խորանալը: Սերժ Սարգսյանը, անկախ այն բանից՝ ընտրվել է, թե ոչ, պետության ղեկավարն է, դա փաստ է, իսկ այս հարցերը կառավարության օղակների հարցերն են, եթե նա միջամտում է այդ օղակների գործունեությանը, նշանակում է կառավարությունը լավ չի աշխատում: Կարող է արդյունքում լինել սուպերփիար, թե Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո, օրինակ, գրքի ավելացված արժեքի հարկը զրոյացրել է:

Դա, իհարկե, դրական շարժ կլինի շուկայի համար, սպառողների համար: Սերժ Սարգսյանի այցի շրջանակում մեկ ուրիշ դրական բան էլ նկատեցի եւ երբ արտահայտվեցի, ինձ սկսեցին հոշոտել: Հինգ տարի է՝ ասում եմ, որ պետականաստեղծ գիրք չի ծնվում Հայաստանում, մեկ էլ հանկարծ նույն բանն ասում է Սերժ Սարգսյանը: Շշմում ես, որ առավոտից երեկո այդ մասին խոսում ես, ոչ ոք չի արձագանքում, մեկ էլ այս մարդը դա որպես ցավոտ կողմ նշում է: Եթե դա իր միտքն է, զիլ է, եթե իրեն հուշել են, ավելի զիլ է. նշանակում է, որ կողքին կան մտածող մարդիկ:

-Իսկ Դուք Սերժ Սարգսյանի հետ երկրում տիրող հակագրքային մթնոլորտից խոսեցի՞ք: Չէ՞ որ հաճախ եք բարձրաձայնում այդ մասին:

-Բանն այն է, որ ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ: Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Օրինակ՝ ես ասացի, որ գրախանութ մարդ չի մտնում՝ նկատի ունենալով Հայաստանի բոլոր գրախանութները. քաղաքացիների 2 տոկոսը հազիվ է մտնում գրախանութներ: Այդ ժամանակ Խաչիկ Վարդանյանը բերանս փակեց՝ ցույց տալով իրենց գրախանութի գրանցած դրական ցուցանիշը: Իրենց մասով դա ճիշտ էր, բայց չէ՞ որ դա ամբողջական պատկերը չէր: Մենք ունենք ընդամենը մի քանի գրախանութ, որոնք արդարացնում են իրենց, ու դա խայտառակություն է: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք` այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ:

Մի խոսքով, այս խնդիրն ամբողջ զրույցի ընթացքում կար: Երբ տեսա, որ իմ կոլեգաները եկել են հանդիպման վարդագույն ակնոցով եւ պետության ղեկավարին ասում են, թե ինչ լավ է Հայաստանում, ես միջամտեցի, այլապես հանդիպման գնացել էի միայն խաղաղության պայմանագիր կնքելու հարցը բարձրացնելու համար, որին, ի դեպ, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա: Մեկ այլ դեպքում եւս միջամտեցի, երբ կոլեգաներս ասացին, որ անհրաժեշտ է ընդունել գրքի մասին օրենք: Ես ասացի, որ գրքի մասին օրենքը ցենզուրայի մասին օրենքն է: Գրքի մասին օրենքին սկսեց դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանը, պատկերացրեք՝ այնտեղ ինչ խայտառակ վիճակ էր, որ Սերժ Սարգսյանը փրկիչ էր: Մերոնք հենց պաշտոնյա են տեսնում, ամեն ինչ մոռանում են:

-Է՞լ ինչ կարեւոր հարցեր քննարկեցիք:

-Սերժ Սարգսյանը շատ զարմացավ, որ մենք չգիտենք գրքի շուկայի ծավալը. դա խայտառակություն է: Մենք ցույց տվեցինք, որ իրավիճակին չենք տիրապետում: Հայաստանում մեր բնագավառում երբեք նման հետազոտություն չի իրականացվել:

-Ո՞վ է մեղավոր:

-Մենք, շահագրգիռ կողմերը մենք ենք, 25 տարի է՝ այս ասպարեզում ենք, հետազոտություն չպետք է կատարե՞նք:

-Դա մեծ ռեսուրսների հետ է կապված:

-20 հազար դոլարի մասին է խոսքը: Ոչ ոք չի կարող ինքնուրույն նման ներդրում անել, բայց մենք չենք էլ հավաքվում, որ ամեն մեկս 1000 դոլար ներդրում անենք, ու հետազոտությունն իրականացվի: Իսկ դա մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Ինչպե՞ս կարելի է գնալ պետության ղեկավարի հետ հանդիպման այդքան տկլոր: Սերժ Սարգսյանն ասաց՝ չե՞ք կարողանում հավաքվել, այդ հետազոտությունն անել, ասացի՝ ոչ, մենք երբեք չենք կարողանում հավաքվել:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանի այցը, այնուամենայնիվ, կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել. որքանով տեղյակ եմ, նա նախկինում գրքի տոնին որեւէ կերպ անդրադարձ չէր կատարել:

-Կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանին սկսել են խորհուրդ տալ ավելի բանիմաց ու հեռատես մարդիկ: Այդքանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս