Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 14–ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»–ը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին: Նշենք, որ ՀՀԿ–ն նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հայտարարության մեջ, սակայն, ընդգծվել է, որ թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, նա չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստի և չի կարող ծառայել որպես ՀՀ գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Նշվել է, որ ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թ. հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:

Հայտարարությանը միացել էին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ Արմեն Սարգսյանից պահանջելով սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել պաշտոնական տեղեկանք՝ հավաստելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու հանգամանքը: Պահանջել են նաև պաշտոնական տեղեկանք ներկայացնել իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, իր և իր կնոջ (այդ թվում՝ բիզնեսներից ստացված) եկամուտները, ինչպես նաև հիմնավորում, թե որն է եղել եկամուտները 2013 թվականից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանից փորձեցինք ճշտել՝ մինչ օրս թեկնածուի կողմից ստացե՞լ են արդյոք բավարար հիմնավորումներ, որոնք կփարատեին նշված կասկածները:

Արմեն Գրիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 16–ին կայացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արմեն Սարգսյանի հանդիպման ակնկալիքն այն էր, որ նա նշված երեք կետերի վերաբերյալ մանրամասն հիմնավորումներ ներկայացնի հանրությանը:

«Ակնկալիքն այն էր նաև, որ կասկածի տակ գտնվող հարցերին հստակ պարզաբանում տրվի: Նամակը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ են եղել այդ հանդիպմանը, և Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել փաստաթղթեր, որպեսզի փարատի այդ կասկածները: Այս պահին այդ հրապարակումները չկան և կարելի է ասել, որ կասկածները դեռ կան և կշարունակվեն մնալ, մինչև այդ փաստաթղթերի հրապարակումը»,– ասաց Արմեն Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ փաստաթղթերը հրապարակելու պատրաստակամությունն առաջընթաց է, բայց դրանք դեռ չկան. «Բացի այդ՝ մենք չգիտենք, թե ինչ տարբերակով է հրապարակվելու: Սպասում ենք հրապարակմանը»:

Իսկ թե մասնավորապես ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, քաղաքագետն ընդգծեց. «Ամենակարևորը՝ քաղաքացիության մասին փաստաթուղթն է: Օրինակ, դա կարող է ենթադրել Մեծ Բրիտանիայի ոստիկանությունից կամ այլ մարմնից քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ խնդրել ու ներկայացնելը: Ինչպես նաև՝ իր մոտ առկա այն փաստաթղթերը, որոնք կարող են հավաստիացնել, որ նա քաղաքացիությունից հրաժարվել է: Այսինքն՝ դա կլինի պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի քաղաքացիությունից հրաժարվելը»:

Հավելենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»–ը վերոնշյալ պահանջների կատարման առնչությամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս