ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ՔԱՄՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տարբեր գերատեսչություններ իրենց ներկայացուցիչներն ունեն օտարերկրյա այլ պետություններում: Բայց այդ մասին գրեթե երբեք չի խոսվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում հայաստանյան ո՞ր կառույցներն ունեն ներկայացուցիչներ, ովքե՞ր են նրանք եւ որքա՞ն աշխատավարձ են ստանում:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը` արտաքին գործերի նախարարությունից նշեցին, որ ՌԴ-ում ներկայացուցիչ ունի պաշտպանության նախարարությունը, ռազմական կցորդ Արշակ Կարապետյանն է, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ներկայացուցիչ` Արտակ Ղազարյան, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, ներկայացուցիչ` Կարեն Ասոյան, իսկ ոստիկանության ներկայացուցիչը Գարրի Զախարովն է:
Սրանք անձինք են, որոնց գործունեության մասին մեր երկրում, թերեւս, որեւէ մեկ անգամ չի հիշատակվել: Միայն վերջերս ՀՀ ռազմական կցորդի նշանակման շուրջ աղմուկ բարձրացավ, բայց սա էլ այն պարզ պատճառով, որ Արշակ Կարապետյանին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ էին արել՝ իրեն վերապահված ոլորտում բացթողումներ անելու համար. նա հետախուզության վարչության պետն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պետական գերատեսչություններից ճշտել, թե իրենց ներկայացուցիչները որքա՞ն աշխատավարձ են ստանում, եւ դա ո՞ր կառույցի կողմից է տրամադրվում: Արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների, արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ խոստացան առաջիկայում պատասխանել, ոստիկանությունից դեռեւս արձագանք չկա: Մեր հարցմանն ի պատասխան` ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ պաշտպանության նախարարության օտարերկրյա ռազմական կցորդներին գումարը տրամադրվում է բյուջեից եւ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ մյուս երկրներում գտնվող ռազմական կցորդների համար գումարը, ընդհանուր առմամբ, կազմում է 339 մլն 345 հազար 800 դրամ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե էլ ո՞ր երկրներում ՊՆ-ն ունի ներկայացուցիչներ, ասաց, որ դա գաղտնի տեղեկատվություն է: «Ես պաշտոնապես ասում եմ, որ հատկապես ռազմական կցորդների մասով մեր ներկայացուցիչների տվյալները խիստ գաղտնի են պահվում, եւ մենք չենք կարող տեղեկություններ տրամադրել նրանց վերաբերյալ»,-նշեց Հովհաննիսյանը:
Ինչեւէ: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների դեպքում աշխատավարձը բյուջեից չի տրամադրվում: Համենայնդեպս, ՀՀ պետական բյուջեում դա արտացոլված չէ: Սա, թերեւս, մեկ պատճառով. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ վերոնշյալ անձինք իրականում զբաղված են իրենց անձնական բիզնեսն առաջ տանելով` իհարկե, ՀՀ անունն օգտագործելով:
ՌԴ-ում գտնվող մեր ներկայացուցիչները սովորաբար հայտնվում են ասպարեզում միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն այցելում է Մոսկվա: Պաշտոնյայի կողքին հայտնվելու եւ քծնանքի չափաբաժինն ապահովելու խնդիր է, իհարկե, ոչ ավելին:
Այնպես որ, հայաստանյան կառույցների` այլ երկրներում գտնվող ներկայացուցիչների ծավալած գործունեությունը գործնականում չենք տեսնում: Բայց իրենք կան, իրենք իրենց համարում են ՀՀ կոնկրետ պետական մարմնի ներկայացուցիչ, եւ նաեւ նրանց պահվածքով են օտարերկրացիները ՀՀ-ի մասին կարծիք կազմում:
Եվ որքան էլ ցավալի լինի, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ մեր երկիրը ոչ թե արդյունավետ կառավարման, սրընթաց զարգացման, այլ առկա գումարները չափազանց անարդյունավետ տնօրինելու առումով կարող էր մրցել ցանկացած ոչ զարգացած պետության հետ: Խնդիրն այն է, որ գումարը կա, սակայն ծախսվում է ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Արդյունքում շատ խնդիրներ տարիներով մնում են չլուծված, իսկ կոնկրետ անձինք վայելում են շքեղ կյանքն` առանց մտահոգվելու ազգակիցների մասին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՀՅԴ-Ն ԿՀԱՄՈԶԻ
Դեռեւս փետրվարի 7-ին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, թե առաջիկայում ՀՅԴ եւ ԲՀԿ փորձագետները կփորձեն համատեղ աշխատել ԸՕ ռեյտինգային համակարգի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ զրույց են ունեցել, սակայն համատեղ աշխատելու պայմանավորվածություն այդպես էլ չեն կարողացել ձեռք բերել: Ինչո՞ւ: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք զրուցել ենք Արմեն Ռուստամյանի հետ, փորձեցինք փորձագետների համատեղ աշխատանք կազմակերպել, չստացվեց, ինչու, որովհետեւ դրանից անմիջապես հետո իմ հարգարժան գործընկեր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք գնում են այլ մարտավարությամբ՝ ՀՀԿ-ին համոզելու մարտավարությամբ: Մենք ՀՀԿ-ին համոզելու խնդիր չունենք»:

 

 

ԸՆԴԴԵՄ «ՄԱՊ»-Ի
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՄԱՊ» ՓԲԸ-ի` պահանջելով բռնագանձել մոտ 91 մլն դրամ: Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդութունը, իսկ այս գործով նախնական դատական նիստը կանցկացվի մարտի 6-ին: Թե կոնկրետ ի՞նչ գումարի մասին է խոսքը, պարզ չէ. «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ճշտել: Այս գործով դատավորն է Էդգար Հովհաննիսյանը: Փաստորեն, պատգամավոր չդառնալուց հետո Ալիկ Պետրոսյանի գործերը սկսել են վատանալ:

 

 

ԴԱՐՁՅԱԼ ԱՆԿՈՒՄ
Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.4 տոկոսով նվազել են` կազմելով 17 մլրդ 535 մլն 700 հազար դրամ: Իսկ ահա դեկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է 25 տոկոս: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում, որի հիմնական պատճառը եղել է ամռան ամիսներին ողջ հանրապետությունում արձանագրված երաշտը: Քանի որ տեղումների բացակայության արդյունքում ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց, եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Նման պայմաններում գյուղատնտեսության համախառը բերքի ծավալների անկումը լրիվ սպասելի արդյունք է: Բայց բացառված չէ, որ պաշտոնական վիճակագիրներն առաջիկա ամիսներին ամեն ինչ այլ կերպ ներկայացնեն, ասենք` աճ ներկայացնեն` այդ կերպ պնդելով, թե ամեն բան հրաշալի է:

 

 

«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ» «ՔԱՇԵՑ»
Երեկ հերթական անգամ «Ծառուկյան» խմբակցությունը չսատարեց «Ելք» խմբակցությանը, եւ սա այն դեպքում, երբ վերջիններս հակառակ պահվածքը ցուցաբերեցին: Մասնավորապես, երեկ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում քննարկվեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցությունը: Քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկեց: Արդեն քիչ անց նույն հանձնաժողովում քննարկվում էր «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հայտարարության տեքստի շուրջ: Այս անգամ «Ծառուկյան» խմբակցության անդամները ձեռնպահ քվեարկեցին նախագծին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ծառուկյան» խմբակցության անդամները չեն կանգնում իրենց ընդդիմադիր գործընկերոջ կողքին: Վառ ապացույցը նախագահի թեկնածության հարցն է, երբ «Ծառուկյան» խմբակցությունը չօգնեց որպես նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին:

 

 

ԱՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտնել է, որ Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: «Կարեւոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր` ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

 

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը եւ հաշվի առնելով արդարադատության խորհրդի` 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Աղասի Դարբինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը եւ հաշվի առնելով արդարադատության խորհրդի` 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»:
 

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ` ՀՀ-ՈՒՄ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական: Նրան կընդունի Սերժ Սարգսյանը: Անրի Ռաբարի-Նձական կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի եւ Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 

 

ՎՈԼԳՈԳՐԱԴԻՑ ԵՐԵՎԱՆ
Վոլգոգրադի միջազգային օդանավակայանից հնարավոր կլինի թռչել ՀՀ: Ապրիլի 24-ից սկսած չվերթը կիրականացվի ամեն շաբաթ, երեքշաբթի. կիրականացվի տեղական ժամանակով 21:45-ին, Երեւանից` 19:45-ին, կտեւի 2 ժամ: Հավելենք, որ ավիատոմսերի վաճառքի ծառայության տվյալների համաձայն, որը տեղադրվել է Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում, չվերթը կիրականացնի «Սարատովյան ավիաուղիները»: Օդանավի տեսակը, որով թռիչքներ են կատարվելու Երեւան, առայժմ հայտնի չէ: Ավիատոմսերի վաճառքն արդեն սկսված է:




Լրահոս