ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆԵՐՈՐԴԻՆ` ԿԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին զրուցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցածը:
-Իմ գնահատականը հետեւյալն է. շատ տհաճ է եղել, այդ կարգով հարց չեն բարձրացնում, նամանավանդ, որ դա Երեւանի քաղաքի լիազորությունների ներքո չի գտնվել: Դա գտնվել է արդարադատության նախարարության ներքո, պետք է երեւի բարձրացնեին այդ հարցը, ինձ թվում է` լուծումը միանշանակ կստանային:
-Մարդիկ տարիներ շարունակ բարձրացրել են հարցը, լուծում չի եղել, բայց ամեն դեպքում, եթե կոյուղաջրով լի տարան բերեին եւ դնեին Տարոն Մարգարյանի դիմաց, ինչ-որ խնդիր կլինե՞ր:
-Տեսեք, նա զինվում է, այսինքն` զինվում է դիմակով, զինվում է ձեռնոցներով, իսկ եթե նա չվերցներ այդ բանկան առանց այդ դիմակի, ինձ թվում է` այդ միջադեպը տեղի չէր ունենա:
-Բայց միջադեպը դիմակից չսկսվեց, այլ սկսվեց Տարոն Մարգարյանի հայտնի արտահայտությունից հետո` «դեմն առեք, շուտ»:
-Հիմա, եկեք, տեսեք` մեկը ձեզ վրա զինված գալիս է, այսինքն` դուք ի՞նչ պետք է անեք, պետք է պաշտպանվեք:
-Դե, ասաց` դեմն առեք, նրանք էլ առան:
-Բայց չգիտես` ինչ կլիներ:
-Ի՞նչ կլիներ, եթե տարայով մոտենար:
-Բա որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ:
-Ի՞նչ վատ բան, օրինակ:
-Ես չգիտեմ` ինչ կարային իրենք անեին:
-Ստացվում է, որ ցանկացած մարդ Տարոն Մարգարյանին մոտենում է, պետք է վատ բան անի՞:
-Այսինքն` եթե զինված է մոտենում:
-Բժշկական դիմակ կրելը, կամ տարան Դուք զինված մոտենալ ե՞ք համարում:
-Բա ինչի՞ համար է դիմակ հագնում:
-Որ նիստում գտնվողները գարշահոտությունը չշնչեին:
-Բա մնացած ավագանիները, ինքը ոնց է վերաբերվում, թեկուզ իր ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, ինքն իրեն պահպանում է, կոպիտ ասած` մյուսների վրա թքած ունի:
-Կին ծեծելո՞վ եք հարց լուծում:
-Ես չեմ տեսել այնտեղ կին ծեծել:
-Մազերը քաշեցին, ապտակեցին, բռնությամբ դուրս հանեցին, էլ ի՞նչ է պետք:
-Ես տեսել եմ ավագանիների մեջ վիճաբանություն, ես տեսել եմ, որ նաղդ առաջինը կինն է ապտակել:
-Կինն ասել է, թե ինչու է ապտակել. իր նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել:
-Գիտեք, սեռական ոտնձգություն, ինքը դա իրան արդարացնելու համար, ինքը իրան ծիծաղի առարկա է սարքել, այսինքն` ո՞նց ոտնձգություն, այն էլ սեռական, որտե՞ղ ենք մենք տեսնում այնտեղ սեռական ոտնձգություն: Այսինքն` մարդուն ձեռք տալը դարձել է սեռական ոտնձգությո՞ւն:
-Միգուցե Դուք ծեծ չեք տեսել, բայց փաստ է, որ ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մտավախություն չունե՞ք Տարոն Մարգարյանի համար:
-Ինչի համար պետք է մտավախություն ունենամ, ուրեմն կա փաստ արձանագրված, որը գտնվում է իրավապահների դաշտում, նրանք կքննեն եւ կտեսնեն` իրո՞ք բռնություն եղել է, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է բռնությանը, ես դեմ եմ, դատապարտում եմ բռնությունը:
-Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախագահականի աշխատակցին ապտակեց, հրաժարական տվեց: Հիմա Տարոն Մարգարյանը ասեց` դեմն առեք, ու կին ծեծեցին, արդա՞ր է, որ ինքը հրաժարական չտա:
-Եկեք` մեկը մեկի հետ չկապենք, ու այնտեղ կին չեն ծեծել, ես չեմ տեսել, որ այնտեղ կին են ծեծել, կներեք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյան. նա պատգամավոր է ընտրվել 4-րդ ընտրատարածքից, որը ընդգրկում է նաեւ Էրեբունի վարչական շրջանը:


-Ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու նիստում կատարվածը:
-Շատ տհաճ միջադեպ էր բոլորի համար, եւ կարծում եմ, որ դա ոչ մեկի համար պատվաբեր չէր: Խնդիրները երբեք չեն լուծվում ուժով, ինչ վերաբերում է բռնությանը, ես դեմ եմ բռնությանը, դա կլինի կանանց, տղամարդու, թե ծերի հանդեպ: Ի սկզբանե սադրիչ գործողություններ կային այնտեղ: Չեմ կարծում, որ կազմակերպիչները չգիտեին, որ իրենք ուրիշ ուղղությամբ էին տանում, բոլորը գիտեին: Դժվարանում եմ ասել, թե ինչու այդպես եղավ, ինչու այդպես կազմակերպեցին:
-Տարիներ շարունակ խնդիրը չի լուծվել, ու մարդիկ խնդիրը բարձրացրել են, էլի արդյունք չի տվել, եւ ահա ավագանու անդամները որոշեցին գարշահոտությունը բերել քաղաքապետարան:
-Լրիվ կողմ եմ Ձեր ասածին, որ մարդիկ բարձրացրեցին խնդիրը, այդպես բազմաթիվ խնդիրներ են բարձրանում: Խնդիրներ շատ ունենք, բայց խնդիրները պետք է լուծվեն կոռեկտության սահմաններում, այնպես որ, չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, ոչ մեկի փառաբանել, բայց այն, որ պետք է փոխադարձ հասկանալով լինի դա, միանշանակ է:
-Դուք պատգամավոր եք ընտրվել 4-րդ ընտրատարածքից, որը ընդգրկում է նաեւ Էրեբունի վարչական շրջանը, խնդրին, ըստ էության, տեղյակ էիք, կոնկրետ օգնելու համար քայլեր կատարե՞լ եք:
-Ես ոչ:
-Ինչո՞ւ, Ձեզ չէի՞ն դիմել, թե՞…
-Քաղաքացիները, որպես այդպիսին, դա ընդհանուր այսպիսի մի խնդիր է, որ այդ հոտը բոլորը զգում են, բայց որպեսզի ազնիվ եւ շիտակ լինենք, շատ քչերը գիտեն դրա մասին, թե այդ հոտը որտեղից էր գալիս, մարդիկ գիտեին` այնտեղ դիտահորեր կային, չգիտեմ, այդ հորից է գալիս:
-Բնակիչներն այս միջադեպից մի քանի օր առաջ խնդրի մասին բարձրաձայնել էին, Ձեզ չմտահոգե՞ց նրանց խնդիրը:
-Ա՛յ, հենց ամբողջ խնդիրը այդտեղ է, ընդամենը մի քանի օր առաջ ոչ թե բարձրաձայնել են, այլ ճանապարհ են փակել: Ճանապարհը փակելու ժամանակ, կարծում եմ, որ ոստիկանության եւ մեր տարածքային վարչական շրջանի ղեկավարությունից մարդիկ են գնացել, եւ մարդկանց օր ու ամիս, ժամ են խոստացել, իսկ ի՞նչ եք կարծում` խոստանալուց մի օր հետո կարելի էր այդ շոուն սարքել:
-Ի դեպ, Դուք կին կծեծեի՞ք:
-Կարծում եմ` ոչ, ես իմ ապրած ձեւով դեմ եմ դրան:
-Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախագահականի աշխատակցին ապտակեց, հրաժարական տվեց, արդա՞ր է, որ Տարոն Մարգարյանը հրաժարական չտա:
-Կարծում եմ, որ արդար է: Դուք ի՞նչ եք կարծում` ամեն մի շուոից հետո քաղաքապետը պետք է հրաժարական տա՞:
-Մարդիկ կոնկրետ խնդիր բարձրացրին, Դուք դա շոու եք համարո՞ւմ:
-Գիտեք` գնահատականները մարդիկ տարբեր ձեւով են տալիս, ինձ համար ի սկզբանե շոու էր:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից սնանկության գործով կառավարիչ նշանակված Լեւոն Ամիրխանյանը կալանավորվել է: Ավելին` կառավարչին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու եւ ապօրինի զենք պահելու համար:
Եվ այսպես` նախաքննությունը իրականացնող մարմինը բացահայտել է որ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ Լեւոն Ամիրխանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքացի Արթուր Սարկիսյանի սնանկության գործով կառավարիչ: Թեեւ նա պետք է իրականացներ վերապահված գործողությունները, սակայն բացահայտվել է, որ Արթուր Սարկիսյանի օգտին գործողություններ կատարելու` սնանկության վարույթի ավարտի մասին դատարան միջնոդություն ներկայացնելու համար վերջինիս ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանից պահանջել եւ 2017թ. նոյեմբերի 15-ին «Ազնաուր» սրճարանում որպես առեւտրային կաշառք ստացել է 275 հազար դրամ:
Եվ ահա այս արարքի համար Լեւոն Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի` առեւտրային կաշառք ստանալը պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Լեւոն Ամիրխանյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի` ապօրինի կերպով հրազեն կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, հատկանիշներով:
Ըստ էության իրավապահները կաշառք ստանալու դեպքից հետո խուզարկել են կառավարչի բնակարանը եւ այնտեղ ապօրինի զենք են հայտնաբերել, ասել է, թե կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Արդյունքում այս բացահայտումներից հետո Լեւոն Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
Արագածոտնի մարզի` Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են ավտոմեքենաներ: Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրել են, որ երեխան ունի գանգուղեղային վնասվածքներ, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

 

ՔԱՈՍ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը անցել է լարված մթնոլորտում: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նիստերի դահլիճից հեռացրել է «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանին` տեղից խոսելու համար: Դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղից ձեռքերով ինչ-որ բան է ասել, ինչից Արայիկ Խանդոյանը վրդովվել է: Դատարանը սանկցիա է կիրառել նաեւ Արայիկ Խանդոյանի նկատմամբ եւ նրան նույնպես հեռացրել դահլիճից: Պարզ է դարձել, որ դատախազը Պ. Մանուկյանին թուրք է անվանել, որից հետո դատավոր Մակյանը նկատողություն է արել դատախազ Պետրոս Պետրոսյանին: «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը նույնպես ինքնակամ լքել է նիստերի դահլիճը:

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ»-ԻՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի Դաշնությունից «օրենքով գողեր»-ի արտաքսման մեկնարկը տրված է: Այժմ երկրից պատրաստվում են Վրաստան արտաքսել 51-ամյա Ասլան Քոբուլաձեին եւ Սուլիկո Շարիքաձեին, իսկ Ղրղզստան` 43-ամյա Քամչիբեկ Քոլբաեւին: Քրեական հեղինակությունների շրջանում զտումները պայմանավորված են մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որը մեկնարկում է 2018թ. հունիսին: Նշենք, որ այժմ Ռուսաստանում 432 «օրենքով գող» կա: «Օրենքով գողերի» թվով առաջին եռյակում են ազգությամբ վրացիները, ռուսները, հայերը:




Լրահոս