«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եւ Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում` գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել:
Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին` իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է: 2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները նույնիսկ ամենալուրջ հարցերի վերաբերյալ անգործության են մատնված»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: