Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի ընտրության հարցը գյուղում մեծ լարվածություն է առաջացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի ընտրության հարցը գյուղում մեծ լարվածություն է առաջացրել, կրքեր բորբոքել: Այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2017թ. դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն:

Օրենսդրության համաձայն` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն, եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: ՀՀ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը 2018թ. հունվարի 8-ին մարզպետ Հ. Աբովյանին ուղարկված գրությամբ առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանին, սակայն մարզպետը վերջինիս դպրոցի տնօրեն չի նշանակել: Մարզպետը փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը հայտնեց, որ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը նշանակված է ապրիլի 6-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս