Տավուշի մարզպետարանում 2014թ. հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել էր, թե գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում կստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն: 3 տարի անց` 2017թ. դեկտեմբերին, «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետին եւ հետաքրքրվել` նախատեսվո՞ւմ է Իջեւան եւ Դիլիջան քաղաքների կենցաղային աղբը վերամշակել, գործարան կառուցվելո՞ւ է:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի կողմից ներկայացված պատասխանում նշված է. «Ներկայումս մշակվում է ռազմավարություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ուղղությամբ, նախատեսվում է մինչեւ 2018-2020թթ. Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տարածքում 50 հեկտարի վրա 30 մ խորությամբ կառուցել եվրոպական եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների աղբավայր (համալիր), որը ներառելու է նաեւ Դիլիջան համայնքի կենցաղային աղբի տեղափոխումը` կոշտ կենցաղային թափոնների վերբեռնման սկզբունքով: Առաջիկայում Իջեւան համայնքի կամ Իջեւանի տարածաշրջանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով ժամանակակից աղբավայրի կառուցում նախատեսված չէ»:
Օրերս կրկին գրավոր հարցում էինք ուղարկել մարզպետին: Ահա մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյանի պատասխանը. «Մարզի համայնքներում շահագործվում է 36 հիմնական գործող աղբավայր, որտեղ տեղադրվում է մարզի բոլոր համայնքներում առաջացող աղբը: 26 համայնքում, «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների շրջանակներում, աղբավայրերը փակվել են: Մարզի տարածքում ժամանակակից պահանջներին ամբողջությամբ համապատասխանող, շահագործվող աղբավայրեր չկան»:
Ոսկան Սարգսյան
Տավուշ