Ինտրիգ՝ հայտնի ավարտով. Մանվել Գրիգորյանի հայտարարությունների հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի վարչապետի ընտրությանը մնացել է մոտ մեկ ամիս: Իշխող Հանրապետական կուսակցությունում թեեւ մի կողմից փորձում են խնամքով թաքցնել վաղուց բոլորին պարզ որոշումը, սակայն մյուս կողմից կարկառուն ՀՀԿ-ականներն առիթը բաց չեն թողնում իրենց «երազանքների» թեկնածուի մասին խոսելու:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում փորձել է ինքնատիպ երեւալ` նշելով, թե քաղաքականությունը խայտաբղետ է, եւ վարչապետի թեկնածուի հարցում ոչինչ չի բացառվում: Բաղդասարյանն, այսպիսով, փորձում է դեռեւս պահել ինտրիգը: Նա շեշտել է, որ վարչապետի թեկնածուի հարցով որոշումն, իհարկե, կայացնելու է կուսակցությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը ցանկություն չունենա առաջադրվել այդ պաշտոնում, պե՞տք է ենթարկվի կուսակցական որոշմանը, Բաղդասարյանն ասել է, թե բոլորը պետք է ենթարկվեն քաղաքական ուժի որոշմանը:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանին որեւէ մեկը կարող է կուսակցությունում ենթարկեցնել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե Վահրամ Բաղդասարյանն ասել է, ուրեմն մի բան գիտի: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա` թեմայի շուրջ Բաղդասարյանը բոլոր հարցերի պատասխանը տվել է:

Շատ ավելի կոնկրետ է գտնվել ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գեներալ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով ապագա վարչապետի վերաբերյալ հարցին` դիտարկմանը, թե ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող նորից վարչապետ լինել, ոչ ավել, ոչ պակաս ասել է. «Կարեն Կարապետյանն ով ա, ինքն ի՞նչ գիտի Արցախի մասին: Սերժ Սարգսյանից գիտակից մարդ չկա»:

Նկատենք` թեեւ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, ծնվել է Ստեփանակերտում ու պետք է, որ բացի քաղաքական կարգավիճակից` նաեւ այս առումով բավական քաջատեղյակ լինի արցախյան խնդրին: Սակայն հանուն արդարության պետք է նկատենք, որ մինչեւ այժմ` վարչապետության մոտ մեկ ու կես տարիների ընթացքում, նա արցախյան խնդրի շուրջ որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել: Բացի հերթապահ խոսքերից` Կարապետյանից հանրությունն այս թեմայով ոչինչ չի լսել. պարզ չէ՝ նա ինչպես է պատկերացնում ԼՂ խնդրի լուծումը, փոխզիջումներ հասկացության տակ ի՞նչ է տեսնում, մինչեւ որտե՞ղ է պատկերացնում փոխզիջումը եւ այլն:

Ամեն դեպքում, վարչապետը երեկ չի պատասխանել գեներալ պատգամավորի խոսքերին. վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե ցանկություն չկա մեկնաբանելու Մանվել Գրիգորյանի անձնական տեսակետը: Իսկ արդյո՞ք վարչապետը կպատասխանի Գրիգորյանին, խոսնակը չնշեց:

Մինչ այդ նկատենք, որ պարզ է՝ հանրապետականները հենց ղարաբաղյան խնդիրն են առաջ բերելու եւ հիմնականում այս կերպ հիմնավորելու Սերժ Սարգսյանի` որպես վարչապետի լավագույն թեկնածու լինելու հանգամանքը:

Հաշված օրեր անց ինտրիգը կհասնի հանգուցալուծման: Սպասենք հայտնի վերջաբանին:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս