Վարկով ջերմոց, պարտքով ծախսեր. արդյո՞ք ստացված եկամուտը կարդարացնի գյուղացիների ներդրված ծախսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հողի վրա փող պիտի ծախսես, որ փող վերցնես»,- ասում է Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Միքայել Գյուլամիրյանն ու պարզաբանում, որ իրեն մի մեքենա ոչխարի չոր գոմաղբ է հարկավոր հիմա` հողը պարարտացնելու համար. «Բայց այդ 100 հազար դրամն այսօր ես չունեմ, որ առնեմ, իսկ հողը թուլությունից հիվանդանում է, եթե չես պարարտացնում։ Դու չես տալիս հողին, հողն էլ քեզ չի տալիս»։

Միքայելը 2017թ. սարքել է 500 քմ մոմլաթով ծածկվող նոր տիպի ջերմոց, որը վերջին տարիներին հաճախ կիրառելի է Արարատյան դաշտում: Նախկին` ավանդական ջերմոցների համեմատ ավելի բարձր են` մինչեւ 7 մ, առավել մեծ` 1000 քմ, մինչ 2000 քմ եւ ավելի, հատկապես ֆերմերների տնտեսություններում: «Վարկով եմ սարքել, հին ջերմոցների մետաղե ձողերն ու խողովակներն էլ եմ օգտագործել, իսկ աշխատանքները բացառապես մենք ենք արել անցած գարնան ու ամռան ամիսներին, եթե վարպետի տայինք, չէինք կարող վճարել:

Նման ջերմոցի ծախսը 4-5 մլն դրամ է նստում: Մոտ 1,5 մլն վարկ եմ վերցրել, տնից էլ ենք փող դրել, իմ ու տղաներիս աշխատածից, բայց դեռ վերջնական տեսքի չեմ բերել»,- ասում է Գյուլամիրյանն ու հավելում, որ նորից է դիմել բանկին վարկի համար, որպեսզի աշխատանքներն ավարտի: Բացի այդ` ուզում է եւս 120 քմ մեծացնել ջերմոցը, քանի որ տնամերձում համապատասխան չափով տեղ ունի, սակայն. «Բանկը վարկ չի տրամադրում, ասում է` մեծացրու, աշխատանքներն ավարտի, շուկայի համար էլ բերք ունեցի, նոր կտամ: Իսկ հիմա ես ջերմոցի կեսն եմ մշակում անավարտ լինելու պատճառով: Եթե պիտի իմ ուժերով աշխատանքներն ավարտեմ, էլ ինչո՞ւ եմ վարկ վերցնում»:

Ջերմոցի մի մասը մոմլաթով ծածկած չէ, ասում է, որ ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում, որպեսզի պղպեղի թաղար դնի. «Թաղարն ինքս եմ աճեցրել, 70 հազար դրամի գազ, նույնքան էլ հոսանք եմ ծախսել, այս տարի դեռ տաք էր, քիչ վառեցինք»: Նշում է, որ ամռանը մոտ 300 քմ քրիզանթեմ էր սածիլել ջերմոցում եւ դեկտեմբերին արդեն ծաղիկ ուներ. «Բայց այնքան էժան էր, որ կարելի է ասել` ծախսն ու չարչարանքը չարժեր ստացած եկամուտին: Հիմա չգիտեմ, թե պղպեղն ինչ գին կունենա ապրիլ-մայիս ամսին, երբ արդեն մշակածս բերքը հանեմ շուկա»:

Արարատյան դաշտի ջերմոցագործը խոսքի մեջ Թումանյանինն էլ է հիշատակում, թե մեր ունեցածն ինչ է` մի կտոր չոր հաց, էն էլ, հրեն հա, երկնքից կախված. «Իսկ այսօր մեր այդ մի կտոր հացը շուկայից է կախված, գներից»:

Տարվա տաք լինելն իր ջերմային առավելությամբ հանդերձ նաեւ տագնապներ հարուցող թերություններ ունի։ «Արդեն լվիճն ու տիզը խեղդում են բույսին: Երեկ 2500 դրամի թույն եմ առել` սածիլը սրսկելու համար, իսկ արդեն մարգերում դրած ժամանակ ավելի շատ թույն ենք սրսկում` ամեն անգամ զգալի գումար ծախսելով: Չգիտեմ էլ, թե այս տարի, այս շոգի պայմաններում, ինչքան թույնի փող կտամ»,- ասում է Միքայելն ու իր ջերմոցային հաշվարկը ներկայացնում. սեմը հողը գցելու պահից մինչեւ բերքը շուկա տանելը մոտ 1000 դոլարի ծախս է նախատեսվում, ամիսը մոտ 200 հազար դրամ: Չգիտի էլ, թե տարին ինչպիսին կլինի, շուկայում ինչ գներ կլինեն, արդյո՞ք ստացված եկամուտը կարդարացնի ներդրված ծախսը, որ առայժմ պարտքով է անում:

Ֆելիքս Եղիազարյան
Արարատ




Լրահոս