ՌԴ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թվում նախնական տվյալներով կան նաև հայեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախնական տվյալներով` հայեր կան վիրավորների թվում: Հետևեք սոցիալական ցանցերում մեր գրառումներին, երբ նորություններ լինեն, կհայտնենք», -ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով հաստատված է 56 մարդու զոհվելը: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:
Հոսպիտալացվել է 12 մարդ, իսկ 36-ին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել:
Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին: