Ինչպե՞ս է Լիլիթ Կարապետյանը ստիպված եղել խաբել իրեն սիրահարված տղային և ինչու՞ նրանց ճանապարհները բաժանվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: Նա վստահեցնում է, որ առաջին սերը պլատոնական, երկնային, անհասանելի զգացմունք է, որն առանձնանում է հետագա սերերից իր երազային բնույթով:

Երգչուհին հիշում է իր առաջին սիրուն, որն իր երկրպագուն էր դեռեւս 8-9-րդ դասարաններում. «Նա իմ հարազատ Ալավերդի քաղաքից էր, շատ էր սիրում ե՛ւ իմ երգերը, ե՛ւ ինձ: Ի դեպ, ինձնից մեկ տարով փոքր էր, շատ հարգված տղա էր քաղաքում: Նրա քույրերը կարում էին իմ բեմական հագուստները, այնպես որ մուտք ու ելք ունեի իրենց տուն: Այն թվականներին Ալավերդիում որեւէ տղայի հետ կանգնել-խոսելն անգամ լավ չէր ընկալվում, ուստի առանձնապես չէի շփվում նրա հետ, բայց ամբողջ քաղաքը գիտեր, որ Արմենը շատ էր սիրում ինձ, եւ շատ տղաներ ռիսկ չէին անում մոտենալ ինձ»,-հիշեց երգչուհին:

Նա պատմեց, որ տարբեր երկրպագուներ եկել են` իր ձեռքը խնդրելու դեռ այն ժամանակվանից, երբ ինքը 7-8-րդ դասարան էր: 10-րդ դասարանում էլ Արմենի ծնողներն են գալիս Լիլիթի ձեռքը խնդրելու. «Ես այն ժամանակ արդեն քիչ թե շատ հայտնի էի, ունեի իմ սկավառակը, համերգ էի ունեցել Մարզահամերգային համալիրում, մուտք էի գործել երգարվեստ եւ հաստատ հետ չէի կանգնի: Մայրիկս նրանց ասաց, որ ինձ համար մեծ ապագա է տեսնում մայրաքաղաքում եւ մերժեց նրանց: Բայց մի հանգամանք կար. Արմենի ընտանիքը պետք է մեկներ երկրից, եւ նա չէր համաձայնում լքել Հայաստանը, մինչեւ որ ես չտայի իմ համաձայնությունը: Այդպիսով մեր ծնողները պայմանավորվեցին, որ Արմենին կխաբեն, կասեն, թե իբր մենք ընդունել ենք նշանադրության առաջարկը, որպեսզի Արմենը համաձայներ գնալ ծնողների հետ: Այդպես էլ արեցինք»,-պատմեց Լիլիթը:

Նա խոստովանեց, որ այդ ժամանակ իրեն դուր էր գալիս Արմենի ուշադրությունը, վերաբերմունքն ու ջերմությունը եւ այն անշոշափելի զգացմունքը, որն ինքը տածում էր նրա նկատմամբ. «Երբ դպրոցն ավարտեցի, եկանք, մայրաքաղաքում հաստատվեցինք, մի առիթով մայրիկիս հարցրի՝ կարո՞ղ է` ճիշտ չարեցինք, որ խաբեցինք Արմենին, գուցե այլ կերպ դասավորվեին իրադարձությունները: Բայց մայրիկս շատ խիստ կերպով ասաց, որ ոչ: Հետագայում ես էլ համոզվեցի, որ մեր մերժումը ճիշտ քայլ էր, եւ չեմ ափսոսում դրա համար»,-անկեղծացավ երգչուհին:
Մայրաքաղաքում հաստատվելուց հետո Լիլիթը զանգ է ստանում Արմենից, որը վերադարձել էր Հայաստան, սակայն երգչուհին արդեն տարված էր իր կարիերայով, ամբողջ օրը պարապմունքների մեջ էր, եւ այդպիսով կրկին ոչինչ չի ստացվում:
«Ամեն դեպքում, այդ տղան միշտ կմնա իմ հիշողություններում որպես ջերմ հուշ: Գիտեմ, որ նա ամուսնացել է, դուստր ունի, եւ շատ ուրախ եմ նրա համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս