«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ հայտարարել է, թե Կոտայքի, Սյունիքի, Արարատի ու Արմավիրի մարզերը հայտնվել են լավ ցուցանիշներ արձանագրած մարզերի քառյակում, իսկ մյուս մարզերը գտնվում են միջանկյալ տիրույթում: Հատկանշական է փաստը, որ ՀՅԴ-ական նախարարի համար «լավ ցուցանիշներ» չեն արձանագրել այն մարզերը, որտեղ մարզպետը ՀՅԴ-ական է:
Խոսքը Շիրակի ու Արագածոտնի մարզերի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, թե 2017 թվականին սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 220 մլն դրամով ավել է, եւ պնդել. «Արագածոտնի մարզում երբեւէ այդքան սեփական եկամուտ չի հավաքագրվել»: Սիմոնյանը նաեւ նշել է. «Վեց ամսվա մեր կատարած աշխատանքի բնութագրող ցուցանիշների առումով մենք առաջընթաց ունենք, բայց, իհարկե, դա ինձ չի գոհացնում»: Ի դեպ, Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք իրենց գործառույթներն ամբողջովին կատարել են: Ի դեպ, մարզպետներին տրված գնահատականները դժգոհություն է հարուցել հենց այն մարզպետների մոտ, ովքեր «տնային աշխատանքները լավ չեն արել» ու «ցածր» են ստացել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: