«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարօրինակ «աբլավներ» են սկսվել ճանապարհներին: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ ճանապարհային ոստիկանությունը համատեղ «ակցիա» են անցկացնում բեռնատար ավտոմեքենաների վարորդների դեմ: Մայրաքաղաքում ու նրանից դուրս համատարած կանգնեցնում են բեռնատար ավտոմեքենաները եւ, մարդկանց գործից կտրելով, կշռում են ավտոմեքենաները իրենց բեռներով: Վայ նրան, ում ավտոմեքենայի բեռը սահմանված նորմերից ավելի լինի: Յուրաքանչյուր ավել 500 կգ–ի դիմաց տուգանում են 100 հազար դրամով:
Խմբագրություն դիմած վարորդներից Հակոբն ու Արմենը տուգանվել են համապատասխանաբար՝ 200 հազար ու 300 հազար դրամով:
– Սա խայտառակություն է, մեր հաշվին բյուջե են լցնում: Ընտանիք ենք պահում, ավազ ենք տեղափոխում եւ հանձնում շինարարական խանութներին, մեջը մի 6–7 հազար դրամ ենք աշխատում: Մի քիչ ավել ենք բարձում, երկու–երեք հարյուր հազար դրամով տուգանում են,– ասում է Հակոբը,–ես երկու ամսում այդքան չեմ աշխատում, որտեղի՞ց տամ:
Նա նշեց, որ նույն օրը նախարարության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իր հետ միասին մի քանի բեռնավորված մեքենաներ կանգնեցրին, բայց նրանցից մեկն ասաց՝ արա սրանք տրանսպորտի փոխնախարարի ավտոներն են, շառ են, բաց թողեք, գնան:
– Անտերը մենք ենք, մասնավորը, սա անօրինականություն է: Երեխեքիս հացից կտրում են: Տուգանելիս էլ էնքան արագ են գործում. հաջորդ օրը տուգանքի նամակը տուն են հասցնում,– պատմում է Արմենը:
Այսպես է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում