ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք վիրավորելով` մարդիկ գալո՞ւ են քո կողքը. Թևան Պողոսյանը` Փաշինյանի և Մարուքյանի տարաձայնությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքում այս օրերին խորացող հակասությունների եւ պառակտման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի հետ, ով մեկ տարի աառաջ հաշտեցրել էր Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին` այդպես դառնալով «Ելք»-ի «կնքահայրը»:

-Պարո՛ն Պողոսյան, ՔՊ-ն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շրջանակում այս օրերին մարզերում է: Ինչպե՞ս եք գնահատում այդ պայքարը:

-Այն, որ ունեինք մի իրավիճակ, երբ կարծես թե լճացում էր, որեւէ զարգացում չէր լինում, ՔՊ այս քայլը դիտարկում եմ որպես շատ գեղեցիկ, տեղին քայլ, որն ինչ-որ չափով արթնացրեց նաեւ հանրությանը: Շատ հետաքրքիր եւ գեղեցիկ երգով սկսեցին եւ ասեմ, որ հզոր էներգետիկա ունի կրկներգը: Շատ գեղեցիկ է այն, որ բոլորով քայլում են, փորձում ցույց տալ, որ եղանակը կարեւոր չի. եթե մարդիկ ունեն նպատակ, պատրաստ են դրան գնալու: Բայց, ցավոք, մինչ այս պահը ինձ համար գլխավոր հարցը, որ մնում է` ինչպիսի՞ն է լինելու ավարտը: Ուրախ եմ այն կոչերի համար, որ ամեն ինչ արվելու է առանց բռնության: Բայց պետք է գիտակցել, թե արդյո՞ք հաշվարկված են բոլոր սցենարները. եթե նույնիսկ վերջնական նպատակին չհասնելու, ապա գոնե նրա համար, թե ո՞ր ուղղությամբ են զարգանալու իրադարձությունները: Խնդիրն այն է, որ հասկանանք` ապրիլի 9-ին Հայաստանում կյանքը չի ավարտվելու, ոչ էլ 17, 18-ին:

-Մարզերում քայլելը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել Ս. Սարգսյանի վարչապետությունը կանխելու հարցում:

-Աշխարհում չկա անհնարին բան, բայց այդ կարողության խնդիրը միայն ու միայն ՔՊ տղաների քայլերթի մեջ չի: Խնդիրն այստեղ է մնում. Ս. Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու ի՞նչ հնարավորություններ կարող են լինել: Եթե իրավական դաշտում նայենք, ապա հաջորդ վարչապետի թեկնածությունն առաջարկելու է ՀՀԿ-ն: Կլինի՞ Ս. Սարգսյանի անունը` որպես թեկնածու, թե՞ ուրիշ անուն, դա էլ է հարցականի տակ: Իսկ եթե ապրիլի 16-ին այլ անուն ասեն, ի՞նչ ենք ասելու, ո՞րն է լինելու հաջորդ գործողությունը: Իսկ եթե պատկերացնենք, որ այնպիսի զանգված է լինելու, որ ԱԺ 5 մուտքերը փակելու են եւ թույլ չեն տալու, որ պատգամավորները կարողանան ներս մտնել ու քվեարկել: ԱԺ-ն կանոնակարգ-օրենքով իրավունք ունի այլ վայրում նիստ անելու. իսկ եթե այդ րոպեին որոշում կայացվի, որ արտագնա նիստ են անում եւ, օրինակ, գնան Գյումրի: Ես չգիտեմ` այդ սցենարը մշակվե՞լ է, թե՞ ոչ: Խնդիր է առաջանում, թե արդյո՞ք բոլոր սցենարները հաշվարկված են, եւ որո՞նք են լինելու գործողությունները, մի քիչ պարզ չէ: Ցավոք, ավելի շատ ներգրավվում են միջանձնային բախումների դաշտ:

Փաստ է, որ դաշինքում կոնսենսուսի չեկան, եւ այդ պարագայում 2 ուժերի պահվածքից ո՞վ է տուժում եւ ո՞վ` շահում:

-Ոնց որ թե «Ելքում» դեռ որեւէ մեկը չի հեռացել, եւ Ն. Փաշինյանն էլ ասել է, որ չի համարում, թե «Ելքը» վախճանվել է, ոնց որ թե մյուսներն էլ չեն խոսում «Ելքի» պառակտման մասին: Կան մոտեցումների տարբերություններ, բայց ինչպես լսում եմ` մեկը մյուսին հաջողություն է մաղթում: Այնպես որ, այնպես չի, որ այնտեղ ամեն ինչ ավարտված է. ես հուսով եմ, որ բոլոր քաղաքական տարընթերցումները ապագայում կհաղթահարվեն: Մեզ միասնություն է պետք: Այն մարդիկ, ովքեր տանելու են այնտեղ, որտեղ Հայաստանը չպետք է շահի, արդյո՞ք ճիշտ ուղղության վրա ենք:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս