Ռուսլան Էլյազյանն էլ է 6/8 երգու՞մ․ պարզաբանում է երգիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը երկրպագուների համար նոր երգ է պատրաստում, որի երաժշտության հեղինակը նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Երգիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մեկ ամսից այն կներկայացվի հանրության դատին։ Ի դեպ, Ռուսլանը նաեւ դասավանդում է Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիայում։

Մենք հետաքրքրվեցինք՝ Արթուր Գրիգորյանի դպրոցն անցած երգիչը, երբ այսօր նայում է իր հարազատ թատրոնից դուրս եկած երգիչների անցած ուղուն, նրանց, ովքեր ընտրել են անորակ, ռաբիս երաժշտություն մատուցելու ճանապարհը, ի՞նչ է մտածում այդ ուղղությամբ. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում նման դիտարկումներ անել, որովհետեւ ինքս էլ սկսել եմ, քիչ թե շատ չէի ասի՝ շեղվել, բայց կողքից ինչ-որ բաներ անել, որպեսզի գումար աշխատեմ։ Միայն թատրոնում մնալով եւ երգելով, հատկապես՝ այսօրվա դրությամբ, երբ հանդիսատեսի շարքերը ստվարացել են, չես կարող գումար վաստակել։ Երգիչն այն մասնագետն է, որն անընդհատ ուզում է ուշադրության կենտրոնում լինել, որպեսզի իր երգը ավելի շատ մարդ լսի, քան, ասենք՝ 200 հոգի։ Թյուր կարծիք է, որ ասում են՝ թող մեզ 100 հոգի լսի, բայց որակյալ երաժշտությունը գնահատող, այդպիսի բան ասողները պարզապես անհաջողակներ են»,-մեկնաբանեց երգիչը։

Հարցին, թե արդյոք ինքն ունի 6/8 ռիթմի երգեր, Ռուսլանը պատասխանեց, որ այո՝ միաժամանակ նշելով, որ իր համար ընդունելի չեն 6/8 չափի ռաբիս երգերը, որոնք գրվում են թուրքա-արաբական լադերի վրա։

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ռուսլանը ելույթ ունենո՞ւմ է, արդյոք, կոորպորատիվ միջոցառումների շրջանակում. «Ես ինձ համարում եմ ունիվերսալ երգիչ, երգում եմ նաեւ այսօրվա պոպուլյար երգերից։ Մտածում եմ, որ այսօր ապրելու խնդիրը լուծելն առաջնային է։ Թեպետ ասեմ, որ որքան ժամանակն ացնում է, այնքան դա ավելի դժվար է դառնում»,-եզրափակեց նա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս