Ճիշտ բանն ասողին հաճախ հիվանդի տեղ են դնում. Վահագն Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» սիթքոմից հայտնի դերասան Վահագն Գալստյանի հետ։ Նա խոսել է առաջիկայում իր մասնակցությամբ նոր ներկայացման, դերասանների՝ միմյանցից հեռանալու պատճառների, մարդ-մարդ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ։ Վահագնը նշել է, որ եթե մշակութային քաղաքականության դաշտում որոշումներ կայացնելու հնարավորություն ունենար, ամեն ինչ կաներ, որպեսզի դերասանի ստատուսը բարձրանար։ Նա մտահոգություն է հայտնել նաեւ այն առնչությամբ, որ դերասաններն իրարից հեռացել են, «պոկվել» եւ ներկայացումից ներկայացում են հանդիպում։

-Վահա՛գն, Դրամատիկական թատրոնում, որքանով տեղյակ եմ, նոր ներկայացում եք պատրաստում։ Կպատմե՞ք դրա առանձնահատկությունների եւ Ձեր դերի մասին։

-Այո՛, խոսքը Սեմ Բոբրիկի հեղինակած գործի մասին է։ Ներկայացումը կոչվում է «Եթե անկեղծ խոսենք», բեմադրիչը Ժան Նշանյանն է։ Այն կատակերգություն է՝ երկու գործողությամբ։ Գլխավոր դերերում ենք Արթուր Ութմազյանը, Լուիզա Ղամբարյանն ու ես։ Իրադարձությունները ծավալվում են երկու հոգեբույժի եւ իրենց հիվանդի շուրջ։ Արդյունքում պարզ է դառնում՝ ով է հոգեբույժը, եւ ով՝ հիվանդը։ Սա բոլորովին ուրիշ մարդկային հարաբերությունների մասին ներկայացում է՝ հետաքրքիր, բարդ, խորը։ Կրում է այն իմաստը, որ ճիշտ բանն ասողին հաճախ հիվանդի տեղ են դնում, այնինչ` այդ մարդն ուղղակի ասում է այն, ինչ բոլորս ենք մտածում, բայց ոչ բոլորը ռիսկ ունեն բարձրաձայնելու այդ մասին, թեեւ կողմ են դրան։ Թերեւս մայիսին կկայանա ներկայացման պրեմիերան։

-«Տնփեսա» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարը շատ սիրվեց։ Էլի նմանատիպ հումորային ծրագրերում հանդես գալու առաջարկ կամ ցանկություն ունե՞ք։

-Սիթքոմում ոչ, բայց «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարմիր բլուր» հեռուստասերիալում եմ նկարահանվում, կերտում եմ, այսպես ասած, կյանք տեսած մարդու կերպար։ Իսկ ինչ վերաբերում է առաջարկներին կամ ցանկությանը, թող անհամեստ չթվա, բայց ես կարծում եմ՝ որոշակի դադարներ վերցնելը լավ դերասանի պարագայում պարտադիր է։

-Վահա՛գն, մեր երկրում տարվող մշակութային քաղաքականության ոլորտում ի՞նչը կփոխեիք։

-Ես խելացի, կիրթ, արժանապատիվ պայքարի կողմնակից եմ։ Կողմ եմ, որ նախ՝ մարդիկ ցույց տան, թե ինչպես պետք է գործել, հետո` նոր խոսեն այդ մասին։ Թե չէ միայն խոսում են, բայց սեփական օրինակով ոչինչ ցույց չեն տալիս։ Անձամբ ես կփորձեի մի փոքր բարձրացնել դերասանների ստատուսը. դա շատ կարեւոր է այսօր։ 26 տարի շարունակ թատրոնի հետ կապ եմ ունեցել եւ կարծում եմ, որ ավելիին պետք է հասնեի։

-Իսկ ի՞նչն է Ձեզ այսօր մտահոգում նախ՝ առհասարակ, մարդ-մարդ եւ հետո՝ դերասանների միջեւ հարաբերություններում։

-Գիտեք՝ ամեն ինչ շատ արագ փոխվեց՝ մոտեցումները, չափորոշիչները, էտալոնները։ Մարդկային հարաբերություններն աստիճանաբար փտում են։ Կուզեի ամեն ինչ լավ լինի, ինչպես մանուկների կյանքում, բայց մեկ էլ մտածում եմ՝ ախր մանուկների հարաբերություններն էլ են փոխվել… Ինչ վերաբերում է դերասաններին, պետք է նկատենք, որ նրանք շատ հեռացան, պոկվեցին իրարից։ Մի ժամանակ մտավորականներն ինչքան էլ չմասնակցեին քաղաքական բուռն պրոցեսներին, միեւնույն է, հանդիպում էին, ինչ-ինչ հարցերի շուրջ իրենց տեսակետն էին հայտնում։ Իսկ հիմա, օրինակ, նրանք ներկայացումից ներկայացում են հանդիպում, ու ոչ ոք դրա համար մեղավոր չէ. վազվզոցն է շատացել, եւ հետո՝ տրամադրություն չկա։

-Նաեւ կեցության խնդիր են լուծում։

-Այո՛, մեկը կեցության խնդիր ունի, մյուսը՝ կայացման, մեկ ուրիշն էլ մոռացել է, որ ինքը դերասան լինելուց առաջ նախ եւ առաջ մարդ է։ Կան այնպիսիք, ովքեր սիրում են իրենց թատրոնում, կան նաեւ այնպիսիք, ովքեր սիրում են թատրոնը իրենց մեջ։ Կրակը, որ նախկինում վառվում էր, եւ որի շուրջ հավաքվում էինք, հիմա չկա։ Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, բայց ես փորձում եմ իմ տեղում գործս լավ անել՝ չմոռանալով մարդկային արժեքների մասին։

Անի Անտոնյան




Լրահոս