Ինչպես հայտնի է՝ ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ մեկտեղ «Իմ քայլը» նախաձեռնությունն են իրականացնում եւ չեն մասնակցում երեկ մեկնարկած ԱԺ նիստի աշխատանքներին: Սովորաբար պատգամավորի աշխատավարձից պահումներ են կատարվում լիագումար նիստերից եւ հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայելու դեպքում: Գործող կանոնակարգումը կարող է տարածվել նաեւ ՔՊ-ականների վրա, եթե նրանք նիստերից բացակայելու վերաբերյալ հարգելի համարող տեղեկանք չներկայացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, թե այդ հարցերը կատարվում են ամսվա վերջին, եւ անհարգելի բացակայությունների պարագայում պահումներ կարվեն նաեւ նրանց աշխատավարձերից: Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորների բոյկոտն ու ԱԺ-ից դուրս գործունեությունը խորհրդարանի ղեկավարությունը մտադիր է համարել անհարգելի բացակայություն: