Սևանա լճից ջուր բաց կթողնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը պատրաստվում է Սեւանա լճից կրկին մեծ ծավալների ջուր բաց թողնել: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել Սեւանա լճից մինչեւ 170 խմ ջուր բաց թողնելու մասին որոշման նախագիծ: Պատճառը Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելն է ու ջրապահովվածությունը բարձրացնելը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ջրպետկոմին ջրապահանջ են ներկայացրել նաեւ ջրօգտագործողներ: Ըստ այդմ` ընթացիկ տարվա ոռոգման շրջանում մարտի 5-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազար հա, իսկ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի 482 մլն մ3:

Սակայն, ըստ որոշ բնապահպանների, Սեւանից ջրի միջին տարեկան բացթողումների ծավալները չեն համապատասխանում պաշտոնական կառույցների չափից ավելի «համեստ»` մոտ 2 անգամ պակաս տվյալների իսկությանը: Նրանց կարծիքով` կառավարության կողմից Սեւանա լճի ջրի բացթողման միակ, արդարացված եւ օրինական պահանջարկը ոռոգման նպատակներով դրա օգտագործումն է: Բայց արի ու տես, որ ջրի` նման մեծ ծավալների բացթողումից հետո էլ պարզվում է` բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ շարունակում են մնալ առանց ոռոգման ջրի:

Սակայն որոշ բնապահպաններ, որոնք դեմ են արտահայտվել այս նախագծին, կարծում են, որ սրանով ամեն բան արվում է Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացնելու նպատակով: Մասնագետները համոզված են, որ ոռոգման անվան տակ Սեւանից բաց թողնվող ջրի մեծ մասն օգտագործվում է այլ նպատակներով: Իսկ այդ ամենի արդյունքում կասեցվում է լճի մակարդակի հետագա բարձրացումը. մի հանգամանք, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Սեւանա լճի համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս