Քաղաքապետարան տարվածը «կիսլատա՞» էր, թե՞ կոյուղաջուր. փորձագետները չեն կարողանում ապացուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձագետները չեն կարողանում պարզել, թե, ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կիսլատա կամ վնասակար նյո՞ւթ էին բերել, լցրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա, թե՞ պարզապես կոյուղաջուր էր:

Ինչպես հայտնի է` վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն Տարոն Մարգարյանի հրահանգը՝ «դեմն առեք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի արդյունք դարձավ: ՀՀԿ ավագանու անդամները գործի դրեցին բռունցքները. ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին ԵԾ խմբակցության կին անդամներին: Արդյունքում, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով:

Ի դեպ, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ինչպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, այնպես էլ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաեւ մի շարք վկաներ: Բայց արի ու տես, որ այդ քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համենայն դեպս, այդպես են պնդում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները: Մինչդեռ նա առաջին հարցաքննվողներից մեկը պետք է լիներ, քանի որ ողջ ծեծկռտուքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պարոն Տարոն Մարգարյանն իր ենթականերին հրահանգեց «դեմներն առեք, շուտ», եւ շեֆին հաճոյանալու համար քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու ՀՀԿ-ական անդամները հարձակվեցին կանանց վրա: Ասել է, թե քաղաքապետն ինքը սադրեց ողջ միջադեպը, հետեւաբար ինքը եւս պատասխանատու է կատարվածի համար: Կհարցաքննվի՞ Մարգարյանը, թե՞ ոչ, պարզ կլինի քննության ավարտից հետո: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ գործով անցնող տուժող Մարինա Խաչատրյանի եւ մյուս մասնակիցների մեջ դեռեւս առերեսում չի եղել: Այնինչ` քննչական այս գործողությունը եւս պետք է վաղուց արված լիներ. չէ՞ որ Մարինա Խաչատրյանը ՀՀԿ-ական ավագանիներին մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ:
Ինչեւէ, այս միջադեպի թերեւս ամենաինտրիգային հարցերից մեկն էլ շարունակում է մնալ հայտնի կոյուղաջուրը:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, ԵԾ անդամներին մեղադրել էր քաղաքապետի դեմ մահափորձ կատարելու մեջ: Նա մասնավորապես մարտի 19-ին մեզ հետ զրույցում պնդել էր, որ իրեն ասել են.«… ապացուցվել է արդեն վաղուց…..: Կոյուղաջրի մեջ եղել է կիսլատա»:
Իսկ կոյուղաջո՞ւր էր եղել, թե՞ կիսլատա կամ այլ վնասական նյութ, դեռեւս միջադեպի հաջորդ օրը ոստիկանության հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել էր փորձաքննություն, որպեսզի համապատասխան փորձագետները իրավիճակին տան գնահատական:

Այսպիսով` Երեւանի քաղաքապետարանում «մարտեր առանց կանոնների» հիշեցնող միջադեպից անցել է մոտ 2 ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեց պարզել, թե արդյո՞ք հայտնի է փորձաքննության եզրակացությունը, ի վերջո, տարայում կիսլատա է եղել, թե պարզապես կոյուղաջուր, ի պատասխան` կոմիտեից մեզ հայտնեցին. «Փորձագետները հայտնել են, որ ներկայացված հետազոտելի օբյեկտներում բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը պարզել չեն կարող՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունների բացակայության պատճառով։ Ներկայումս վարույթն իրականացնող մարմինը փորձում է պարզել, թե մեր հանրապետությունում կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ,որոնք ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները՝ այդօրինակ փորձաքննությունն անցկացնելու համար»։
Կարելի է ենթադրել, որ պարոն Տարոն Մարգարյանն ու իր ավագանու անդամները փորձել են ազդել «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» աշխատակիցների վրա` համոզելով կամ ստիպելով իրենց ձեռնտու եզրակացություն տալ: Եւ ամեն ինչ ավարտվել է նրանով, որ փորձագետները որոշել են թեման այսպես փակել` փորձելով ցույց տալ թե «գլուխ չեն հանում»: Պարզ է՝ որպեսզի մի կողմից չհակառակվեն ՀՀԿ-ական քաղաքապետին, բայց եւ մյուս կողմից կեղծ եզրակացություն չտան:

Քնար Մանուկյան




Լրահոս