Մի քանի հարյուր միլիոնանոց աշխատանք. հերթական «ատկատը» Տարոն Մարգարյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է վստահվելու մի քանի հարյուր միլիոնանոց աշխատանք: Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման հիմնադրամին ընթացիկ տարում կհատկացնի 550 մլն դրամ: Իսկ ահա բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահվել է Երեւանի քաղաքապետարանին: Բայց մի պայմանով, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինումն ու դրա կատարման հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն տարածքային կառավարման եւ զարգացման, ֆինանսների նախարարություններ:

Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհահատվածը ճարտարապետաէսթետիկական տեսանկյունից գտնվում է ոչ բարվոք վիճակում, ինչը բացասական ազդեցություն է թողնում զբոսաշրջային այցերի առումով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ճանապարհահատվածը բարեկարգելու հանձնարարական տվել էր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մարտի 1-ի նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մշակվել են «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման եւ դիզայներական ձեւավորման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ըստ դրանց` ընդհանուր աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 812 մլն դրամ, որն իր մեջ ներառում է նաեւ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունները:

Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի միլիարդավոր դրամներ է ծախսում ճանապարհների ասֆալտապատման համար: Բայց մեկ տարի անց դրա նախորդ տարվա ասֆալտապատված փողոցները կրկին «նորոգվում են»: Չէ՞ որ ասֆալտապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, իսկ փողոցներում փռված ասֆալտն արագ քայքայվում է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս