Երեւանի Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում ապրիլի 16-ին քաղաքացիների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով մինչ այժմ հարուցված քրեական գործ չկա: Հիշեցնենք, որ 62ss465 պետհամարանիշով «Մերսեդես G500» մակնիշի մեքենայի ուղեւորները առանձնակի դաժանությամբ, ֆիզիկական ուժ գործադրելով ծեծի ենթարկեցին երիտասարդ կանանց ու տղաներին: Ավելի ուշ պարզվել էր, որ երիտասադներին ծեծի ենթարկողը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է` Գոռ Համբարձումյանը:
Նույնիսկ հրապարակվել էին նրա լուսանկարները: Բայց արի ու տես, որ իշխանությունները չեն շտապում` ո՛չ քրեական գործ հարուցելու, ո՛չ էլ անգամ Համբարձումյանին հայտնաբերելու եւ հարցաքննելու համար: Այս օրերին հանձնարարական է տրվել իրավապահներին պարզել լուսանկարներում ներկայացված անձանց ինքնությունը եւ նրանց հրավիրել` բացատրություն տալու համար: Բայց սայլը տեղից չի շարժվում: Իրավապահների այս դանդաղկոտությունը, իբր դեռ Համբարձումյանին չճանաչելը, հայտնաբերել չկարողանալը պատահական չէ: Բանն այն է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Այնպես որ, չենք զարմանա, եթե նրան ջրից չոր դուրս բերեն: Չէ՞ որ նման մարդիկ ունեն առանձնահատուկ անձեռնմխելիություն եւ ամեն ինչ անելու արտոնություն:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին հետ, սակայն վերջինս հայտնեց, որ ինքը Հայաստանում չէ` չցանկանալով պատասխանել որեւէ այլ հարցի: