Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆԸ, ՏԵՐՆ ՈՒ ՏԻՐԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվեցին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները: Ու մինչ ոմանք կշտապեին ուրախանալ այդ իրադարձությամբ, դառը հիասթափություն էր սպասվում. նույն օրն իսկ գրեթե պաշտոնապես հայտարարվեց՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության ղեկին, պարզապես վարչապետի պաշտոնում:
Եւ այսպես` խորհրդարանի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները: Դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված կարգով նորընտիր նախագահին ներկայացրեց իր հրաժարականը: Ու թվում էր՝ արարողակարգով նախատեսված իրադարձություններն այսքանով ավարտվեցին:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ապագա վարչապետի թեկնածուին. «Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:
Այսպիսով` Արմեն Սարգսյանը հասցրեց ընդամենը մի քանի ժամ վայելել իր նոր կարգավիճակը եւ զգալ որպես պետության գլուխ /ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ/: Կարապետյանն այս հայտարարությամբ ուղղակի վերջ դրեց նրա ոգեւորությանը` շեշտելով հատկապես Սերժ Սարգսյանին «առաջին դեմք ներկայացնելու» մասին: Այսինքն` Սերժ Սարգսյանն այսպես Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը:
Բայց նկատենք, որ այդ հայտարարությունն անելիս Կարեն Կարապետյանն ինքն էլ անհարմար վիճակում էր. չէ՞ որ ժամանակին իրեն Մոսկվայից հրավիրեցին՝ խոստանալով պաշտոնավարելու հնարավորություն տալ նաեւ ապրիլից հետո: Եւ երբ Կարապետյանը ոգեւորված սկսեց հայտարարել, թե ցանկություն ունի եւ պատրաստ է վարչապետ մնալ ապրիլի 9-ից հետո, ՀՀԿ-ականները, մեջտեղ բերելով չորս տարվա մշտական բնակության ցենզը, հասկացրին՝ «որտեղ են գիշերում խեցգետինները»: Ու երեկ «առաջին դեմքի» մասին այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը ստիպված էր ընդունել նաեւ իր պարտությունը եւ հպատակվել Սերժ Սարգսյանին:
Իսկապես, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հիշեցնում է մկան հետ կատվի խաղ:

 

 

 

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու գործարքներին, հայտարարել է, թե այդ երկիրը դրանք չպետք է օգտագործի ո՛չ ՀՀ-ի, ո՛չ ՌԴ-ի դեմ: «Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի` բացի ՌԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ, Ադրբեջանը միայն կախված չէ մեզանից: Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին,- ասել է նա՝ պնդելով,- նաեւ հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում: Այս պարագայում պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաեւ հակասություններ: Դրանք հայտնի են, եւ այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաեւ ՌԴ-ի դեմ, դա խելամիտ չէ, իհարկե»:

 

 

 

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Մինչդեռ այդ տարիներին Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում բնապահպանական լրջագույն խնդիրներ են առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս հանգամանքին իր ամենամյա զեկույցում անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը` ընդգծելով, թե հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով եւ ծանր մետաղներով աշխատանքային եւ շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա: ՄԻՊ-ը նաեւ արձանագրել է, որ այդ ամենի հետեւանքով խաթարվում է նաեւ բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես` օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում` տոքսիկության առաջին դասի տարրերի: Իսկ թե ինչո՞ւ է «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի հանդեպ նման բարի վերաբերմունք, կարող եք ինքներդ կռահել. «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը` Վալերի Մեջլումյանը, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել: Եւ երբ ոստիկանները բեռնատարի վարորդից փայտի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են պահանջել, վերջինս հայտարարել է, թե այն տանում է կոնկրետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների համար: Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել: Պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեեւ ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով: Բակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում:

 

 

 

ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՎԱՂՈՒՑ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հրապարակված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ուշագրավ արձանագրում է կատարել: «Ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաեւ փաստաթղթում ամրագրվի», – ասել է Լավրովը` հավելելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում: Նա միաժամանակ ընդգծել է. «Ամենակարեւորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսեւորվում է բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են»:
Եթե վերանանք դիվանագիտական ձեւակերպումներից, կստացվի հետեւյալը. ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը փաստացի ընդունում են այսօր բանակցային սեղանին դրված փաստաթուղթը: Նրանք վաղուց համաձայնել են հակամարտությունը կարգավորել հայտնի սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս հրապարակել են ե՛ւ եռանախագահող երկրների նախագահները, ե՛ւ համանախագահները: Պարզապես դեռ փաստաթուղթը չեն ստորագրել, որովհետեւ չեն վստահում միմյանց:
Սա, իհարկե, ակնհայտ էր վաղուց: Բազմիցս նշվել է, որ կողմերը մի քանի անգամ շատ մոտ են եղել փաստաթղթի ստորագրմանը, վերջին անգամ այդպես է եղել 2011թ. Կազանում: Այսինքն՝ կողմերն ընդունել են բանակցային սեղանին դրված փաստաթուղթը: Պատահական չէ, որ մի քանի անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Լավրովը, պնդել են հետեւյալ միտքը. «Կողմերը, հիմնականում չհերքելով հենքը, տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը…, նրանք համաձայնության չեն եկել մի քանի հարցերի շուրջ»:
Մեկ փաստ էլ. ճիշտ է` Լավրովը հայտարարում է կողմերի միջեւ անվստահության մասին, բայց իրականում այստեղ խնդիրը ավելի խորն է: Կողմերն այս տարիների ընթացքում չեն փորձել իրենց երկրների հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ընդհակառակը՝ սերմանել են թշնամանք ու ատելություն, հետեւաբար նման իրավիճակում ԼՂ խնդրի լուծումը, փոխզիջումների գնալը շատ ավելի դժվար է, չնայած միջազգային հանրության երաշխիքներին եւ ստանձնած պարտավորություններին: Այնպես որ, անվստահությունը ոչ թե Սարգսյանի եւ Ալիեւի մեջ է, այլ երկու երկրների հասարակությունների: Իսկ երկու երկրների հասարակությունները չեն վստահում միմյանց, որովհետեւ նրանց այդպես են սովորեցրել իշխանությունները:




Լրահոս