Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Մայրաքաղաքի դեղատներից մեկում հայտնված այս գրությունից հետո մնում է եզրակացնել, որ քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան վատ է, որ նրանք անգամ դեղորայքն են ապառիկ եղանակով ձեռք բերում:
ՀԱՐՑ. Եթե անձը հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց է թողել, ապա բաց թողնված ի՞նչ ժամանակահատվածի համար է կենսաթոշակ վճարվում:
Ստելլա Սարուխանյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սարուխանյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ եթե անձը բաց է թողել հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը եւ այդ ժամկետից հետո` 3 ամսվա ընթացքում, վերստին հաշմանդամ է ճանաչվել, ապա կենսաթոշակը բաց թողնված ժամանակահատվածի համար վճարվում է, ընդ որում` նախկին չափով: Նշենք, որ այդ ժամկետը 3 ամսից ավելի բաց թողնելու եւ վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում բաց թողնված ժամանակահատվածի համար կենսաթոշակ չի վճարվում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ եւ հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու նպատակով:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ ամուսնության գրանցման ժամկետների մասին: Ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնության գրանցում:
Մերի Օհանյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ տարածքային մարմին համատեղ դիմում տալու oրվանից 10 օր հետո: Ամուսնացող անձանց համատեղ դիմումում կարող է նշվել ամուսնության պետական գրանցումն իրականացնելու համար ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ուշ, քան դիմումը տալու օրվանից երեք ամիս հետո:
Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա: Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին ամուսնության դիմում տալու օրվանից հետո եռամսյա ժամկետում, ապա դիմումը համարվում է անվավեր:
Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում.
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա ունենալը.
2) ամուսնացող կնոջ հղիությունը.
3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.
4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.
5) ամուսնացողների կամ նրանցից մեկի` ՀՀ տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու դեպքում.
6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով: