ՊԱՅՔԱՐԸ ՍԿՍՎԱԾ Է. ՀՀԿ-Ն ՀԵՌԱՆՈՒՄ Է ԾԱՂԿԱՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, երեկ բավական բազմամարդ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում: Ավելին` երեկվանից նրանք սկսեցին շուրջօրյա հանրահավաքների շարքը՝ նստացույց անելով հենց Ֆրանսիայի հրապարակում՝ փակելով Բաղրամյան-Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցները: Այսօր էլ նրանք պատրաստվում են շրջափակել Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ գլխավոր գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: Միայն թե, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀԿ-ում որոշել են խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձոր քաղաքում: Պարզ է` իշխանությունները վախեցել են հնարավոր անախորժություններից ու բախումներից եւ որոշել են նման խորամանկությամբ խափանել իրենց որոշման դեմ պայքարելու մասին հայտարարած ուժերի ծրագիրը: Ի վերջո, իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել, մեծ գումարների ակնկալիք ունեն, դրա համար էլ փորձելու են զերծ մնալ անախորժություններից` ձեւացնելով իրենց «ժողովրդավար» եւ «հանդուրժող»: Միայն թե պարզ չէ՝ ինչպես իրենց կպահեն իշխանությունները ապրիլի 16-ին կայանալիք ԱԺ նիստի օրը, երբ ընդդիմադիր ուժերը, ինչպես եւ հայտարարել են, որոշեն շրջափակել ԱԺ շենքը` խափանելու վարչապետի ընտրությունները: Այս դեպքում էլ իշխանություններն ԱԺ նիստը կանցկացնեն ուրի՞շ քաղաքում, թե՞, այնուամենայնիվ, կհամարձակվեն մնալ Երեւանում ու ճանապարհ բացելու համար հարկ եղած դեպքում գնալ բախումների:

 

 

ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ում ճանաչում են որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսեւորել մեծ սպորտում: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` երիտասարդ փոխնախարարը մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայնալիք վազքի մրցույթին։ Փաստորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ առողջապահության փոխնախարարի աթոռին հայտնված երիտասարդն այն աստիճան չի գիտակցում իր պաշտոնի կարեւորությունը, այնքան պարապ է, անելիք չունի, որ հիմնական պարտականությունները որոշել է մի կողմ թողնել ու վազքի մրցույթի մասնակցել: Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել Երեւանի կենտրոնական փողոցներում վազվզելուց. հավանաբար մարզվում է: Հիշեցնենք` խոսքն այն փոխնախարարի մասին է, որը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում: Ի դեպ, մինչ ֆինանսական գծով փոխնախարար Սամվել Մարգարյանը վազվզում է փողոցներում՝ պատրաստվելով մեծ մրցմանը, այս ընթացքում պոլիկլինիկաների աշխատողները չեն ստացել իրենց աշխատավարձերը։

 

 

 

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ բարձրաստիճան սպայական կազմում եղան պաշտոնանկություններ, նաեւ ձերբակալություններ: Մասնավորապես ձերբակալվեցին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը ազատվել էր ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից, նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց այդ քրեական գործով անցնողներից միայն Արմեն Մարգարյանն է հայտնվել դատարանում ամբաստանյալի աթոռին: Սակայն առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Մեղադրող դատախազն էլ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ հաղթել. գործը նորից ուղարկվել է քննության առաջին ատյանի դատարան: Սակայն հիմա էլ ամբաստանյալի պաշտպաններն են վերաքննիչի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում:

 

 

 

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ ՊԵԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները եւ լուրջ ստուգումներ են սկսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում: Մասնավորապես ստուգումներ են սկսվել Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում, «Մ.Մ.Մ.» ընկերությունում, «Չայխոնա» եւ այլ հիմնարկներում։ Նկատենք, որ մինչ այս ստուգումները ՊԵԿ-ը տուգանել էր «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին, եւ ՍՊԸ-ն այդ որոշումները բողոքարկել է դատարանում: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` Մ.Պողոսյանի մտերիմ շրջապատը հայտարարել է, որ նա վճռական է տրամադրված եւ ՀՀ բոլոր ատյանները դիմելու է` իր ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ անհիմն տուգանքները չեղարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց անձամբ զրուցել նրա հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Մեկ փաստ էլ. ՎՊ-ն լրջագույն չարաշահումներ է բացահայտել ԴԱՀԿ-ում, եւ դրանց մի մասն առնչվում է Պողոսյանի պաշտոնավարմանը: ՎՊ-ն փաստերն ուղարկել է դատախազություն:

 

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ ՄՍԽԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Կառարավարությունը մտադիր է լուծարել դեռ 2011թ. իր իսկ ստեղծած «Հայկական միրգ» ընկերությունը: Այդ մասին որոշման նախագիծն արդեն ներկայացված է քննարկման: Որպես լուծարման հիմնավորում նշված է, թե ընկերությունը «չի կարող կայուն լինել այն ձեւով, որով նախագծված է եւ իրականացվում է, ինչպես նաեւ հավելյալ ռեսուրսների տրամադրումը գոյություն ունեցող ծրագրին կլինի ֆինանսական միջոցների ուղղակի վատնում»: «Հայկական միրգ» ընկերության մասին քիչ, թե շատ տեղեկացաված ցանկացած անձ կարող է միանշանակ պնդել, որ կառավարության քայլն առավել քան հիմնավոր է, ավելին՝ իրավիճակը նկարագրելիս` բավական մեղմ ձեւակերպումներ են օգտագործված: Բանն այն է, որ այս ընկերությունն իր գոյության յոթ տարիների ընթացքում պարզապես եղել է մի խումբ մարդկանց համար հարստություն դիզելու անսպառ աղբյուր, բնականաբար, պետական բյուջեի եւ վարկային միջոցների հաշվին: Բավական է միայն հիշել 2014-2015թթ ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի զեկույցները, երբ ստուգումների արդյունքում այս ընկերությունում հայտնաբերվել էին միլիոնավոր դրամների չարաշահումներ, գումարների վատնումներ, անարդյունավետ ծախսեր: Օրինակ` «Հայկական միրգն» ավելի քան 460 հազար դոլար վճարել էր ծիրան աճեցնելու համար Զիմբաբվեից հրավիրված խորհրդատուին. փաստաթղթերով էին վճարել, բայց իրականում այդ գումարը ոմանց ձեռքի ճարպիկ շարժման արդյունքում հայտնվել էր բարձրաստիճան պաշտոնյաների գրպանում:
Ու չնայած բացահայտված չարաշահումներին, որեւէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չի կրել իր արածի համար: Անգամ որեւէ քրեական գործ չհարուցվեց «Հայկական միրգ» ընկերության ղեկավարների եւ նրանց թիկունքում կանգնած անձանց դեմ: Եւ հիմա միլիոնավոր դրամների չարաշահումների հեղինակները՝ այս ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակելու են անպատիժ մնալ նաեւ ընկերության լուծարումից հետո` վայելելով գումարները:
Ի դեպ, հիշո՞ւմ եք՝ ում նախաձեռնությամբ ստեղծվեց տխրահռչակ այս ընկերությունը, ո՞վ էր կանգնած այդ ամենի թիկունքում: Այո՛, այո՛, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հերիք չէ` հողին հավասարեցրեց երկրի տնտեսությունը, հետո էլ սկսեց վարկային միջոցներն ուղղել նման արկածախնդրությունների, ավելի ճիշտ՝ փող աշխատելու միջոցի: Ու հիմա Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին այս ամենի համար պատասախան տալու փոխարեն մեկնել է «խոպան»՝ ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավարի պաշտոնում վայելելու միլիոնները:
«Միայն գողություն, Շուրա»,- համոզում էր հայտնի Պանիկովսկին: «Միայն կողոպուտ»,- հակառակվում էր Շուրա Բալագանովը: Սա հիշեցինք պատահաբար:




Լրահոս