«ՊԱՅՔԱՐԻ ԱՅԴ ՁԵՎՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԾԵԾԿՌՏՈՒՔՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակի, իշխանությունների, ընդդիմության եւ ժողովրդի դիրքորոշումների մասին զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հետ:

-Պարո՛ն Ծատուրյան, օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Մեր նոր նախագահի հետ հույսեր կապո՞ւմ եք, ըստ Ձեզ` նա կարո՞ղ է քաղաքական դաշտում եղանակ փոխել:
-Ուզում եմ նրա հետ հույսեր կապել…
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսել է «Իմ քայլը» արշավը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով: Պայքարի այս տարբերակը ողջունելի՞ է, ըստ Ձեզ:
-Ո՛չ, ես դա արդյունավետ չեմ համարում: Պայքարի այդ ձեւը ավարտվում է ծեծկռտուքով: Ոստիկանները դեմ են դուրս գալու, ծեծելու են ժողովրդին, ժողովուրդն էլ ասելու է` Էս ի՞նչ են անում:
-Նկատի ունեք՝ փորձվա՞ծ տարբերակ է:
-Այո՛, բազմիցս:
-Ընդդիմադիր ուժերի մեջ կա՞ն այնպիսիք, որոնք հավատ են ներշնչում:
-Չէ՛, չէ՛, ընդհանրապես: Ընդդիմադիր կոչվածները դատարկ բաներ են, ասում են՝ հերիք է` դուք ուտեք, մենք ենք գալու` ուտենք. սա է ամբողջը: Եվ հետո մի բան էլ. ժողովուրդը շատ է սիրում անընդհատ բողոքել, դա էլ կա: Բայց ես ուզում եմ ասել՝ դու՞ք չեք, որ 5000, 10000 դրամի դիմաց նախագահ եք ընտրել, ուրեմն ձայններդ կտրեք, տեղներդ վեր ընկեք: Մինչեւ մարդկանց ուղեղների մեջ փոփոխություն չլինի, ոչ մի ցույց-մույց ոչ մի բանի պետք չէ: Պետք է ուղղակի մանկապարտեզից մարդկանց մեջ մտցնել ազնվություն, մարդկային ամենաբարձր հատկանիշները, թե չէ մնացածը դատարկ բաներ են:
-Դուք առաջին դեղատոմսը տվեցիք՝ գիտակցություն ձեռք բերելը, իսկ հետո՞, հետո՞ ինչ անել:
-Դե, ասում եմ, չէ՞, դա միանգամից չի լինում, ամեն ազնիվ բան պետք է մարդկանց մեջ արմատացնել, որպեսզի նրանք վաղը 5000-ով նախագահ չընտրեն: Սերժ Սարգսյանը կնստի վարչապետ, թե Պողոս Պողոսյանը, ի՞նչ է փոխվելու: Հիմա էլ այդ Պողոսյանն է սկսելու ուտել, գոնե սրանք կերել են, մի քիչ կշտացել են…
-Լավ, պարո՛ն Ծատուրյան, մի փոքր էլ մշակութային կյանքից խոսենք: Նախկինում Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էիք, հիմա արդեն այնտեղ հանդես եք գալիս որպես խորհրդատու: Հաճա՞խ եք լինում Գյումրու թատրոնում:
-Ոչ այնքան հաճախ, ամիսը մեկ շաբաթով եմ այնտեղ լինում:
-Գյումրիում թատրոն այցելողների թիվն ավելացել է, այո՞:
-Այո՛, բավականին:
-Ձեր ձեւակերպմամբ՝ ո՞րն է բանաձեւը, որը կիրառելու դեպքում մարզի թատերական կյանքն ակտիվանում է:
-Բանաձեւը լավ տնօրեն ունենալն է: Մեր թատրոնի տնօրենը, օրինակ, նախաձեռնող է, նորամուծությունների ձգտող:
-Ձեր կարծիքով` կարեւո՞ր է, որ թատրոնի տնօրենը լինի թատրոնի մարդ, թե՞ լավ մենեջեր:
-Թատրոնի մարդ՝ մենեջերական հատկանիշներով. դա իդեալական տարբերակն է:
-Ի՞նչ եք կարծում՝ մեր թատրոններում սերնդափոխությունը սահու՞ն է ընթանում, թե՞ ավագ սերնդի ներկայացուցիչները, ամեն դեպքում, դժվարությամբ են իրենց տեղերը զիջում երիտասարդներին:
-Ես որ շատ հեշտ եմ զիջել, ինքս եմ դուրս եկել ու տեղս տվել երիտասարդի: Իսկ, առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում ոչ ոք չի ուզում իր տեղը զիջել…
-Մեզ մոտ 50 տարեկանում կարող են Ռոմեո խաղալ…
-Գիտեք՝ դերասանությունն այն արվեստն է, որը 90 տարեկան դերասան էլ է պահանջում: Թոշակի թող անցնեն, օրինակ, ֆինանսական ծառայության աշխատակիցները, բայց արվեստագետը ո՞նց թոշակի անցնի: Պարզապես նա պետք է իմանա իր տեղը, ամեն մեկն իր գործը պետք է անի: Եվ հետո` մեր երկրում սերնդափոխությունը սահուն է տեղի ունենում՝ ինչու՞, որովհետեւ մարդիկ երկրից գնում են, եւ նրանց փոխարեն ուրիշներն են գալիս, ու այդպես շարունակ: Այնպես որ, ամեն բան ինքնըստինքյան վճռվում է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՈՒԶԵՑԻ ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԳԱԼ»

Տեւական ժամանակ է՝ երգիչ Վարդան Բադալյանը փոփ երգեր չի ներկայացնում իր հանդիսատեսին, փոխարենը կենտրոնացել է ազգային, ժողովրդական երգերի կատարումների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին Վարդանը տեղեկացրեց, որ ապրիլի 20-ին կկայանա «Շերամ անսամբլի» (ինքը խմբի մեներգիչն է-հեղ.) մեկամյակը եւ այն կնշանավորվի համերգով. «Կլինեն նաեւ հատուկ հյուրեր՝ Սոնա Ռուբենյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո)»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այլեւս փոփ երգեր չի երգում, Վարդանը պատասխանեց. «Եթե այն երաժշտությունը, որն այսօր գերակշռում է մեր շոու-բիզնեսում, փոփ է, ավելի լավ է՝ ես դա չերգեմ: Ինձ դուր է գալիս այն, ինչով հիմա զբաղվում եմ: Ամեն մարդ պետք է անի այն, ինչ իր մոտ լավ է ստացվում»:
Մենք հարցրինք՝ Վարդանը հասկացավ, որ շոու-բիզնեսը գնում է դեպի ռաբիսացո՞ւմ. «Այո, երեւի ես ուզեցի ջրից չոր դուրս գալ (ծիծաղում է): Բայց ասեմ, որ ժողովրդական երգեր միշտ էլ երգել եմ, այնպես չէ, որ նոր սկսեցի կատարել: Եվ հետո՝ տարբեր հաղորդումների ժամանակ կատարում եմ էստրադային երգեր, ուղղակի այդ ժանրի երգերի հիման վրա տեսահոլովակներ չեմ նկարահանում, կարծում եմ՝ դա կարեւոր էլ չէ»:
Իսկ հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանում ժողովրդական երգեր կատարելով՝ գումար աշխատել. «Որ ասեմ շատ՝ սուտ կլինի: «Շերամ» խումբն, օրինակ, աշխատում է էնտուզիազմի հաշվին: Ու թեեւ ութ հոգանոց խմբի համար Հայաստանում դժվար է գոյատեւելը, միեւնույն է, ամեն մեկն էլ սիրում է իր գործը: Ասեմ, որ մենք պարբերաբար ունենում ենք համերգներ: Օրինակ՝ ապրիլի 25-ին համերգով մեկնում ենք Միացյալ Նահանգներ, ավելի ուշ՝ Մեծ Բրիտանիա, ապա՝ Լիբանան: Մեր երաժշտությունը մեծ մասամբ պահանջված է սփյուռքում»,-մեկնաբանեց Վարդանը:
Ի դեպ, «Շերամը» համերգներով արդեն եղել է Իրանում եւ Լիբանանում, մասնակցել է տարբեր ֆոլկ-փառատոների. «Շատ փառատոներից ենք հրավերներ ստանում, սակայն ոչ բոլորն ենք ընդունում, քանի որ միշտ չէ, որ մեր ֆինանսական պահանջները բավարարվում են»,-եզրափակեց երգիչը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԿՄՐՑԵՆ
Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդ»-ը կիսաեզրափակչում կմրցի մրցաշարի հաղթողի եւս մեկ հավակնորդ «Բավարիա»-ի դեմ: Շվեյցարիայում կայացել է կիսաեզրափակչի վիճակահանությունը: Ձեւավորվեցին հետեւյալ 2 զույգերը` «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» եւ «Լիվերպուլ»-«Ռոմա»։ Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը: Կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 24-ին եւ 25-ին, պատասխանները՝ մայիսի 1-ին եւ 2-ին: «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողը եզրափակչում հանդես կգա նոմինալ տանտիրոջ կարգավիճակում: Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիեւում:

 

 

ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի` հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը մրցաշարի 1/4 եզրափակչի պատասխան խաղերի արդյունքներով: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Արսենալ»-ի կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենին, ով ԲԿՄԱ-ի հետ Մոսկվայում կայացած խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, Դիմիտրի Պայետը («Մարսել»), Ամադու Այդարան («Ռեդ Բուլ Զալցբուրգ») եւ «Աթլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը: Հիշեցնենք` Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերի արդյունքներով կիսաեզրափակիչ են դուրս եկել «Արսենալ»-ը, «Մոնակոն», «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ը եւ «Աթլետիկոն»։

 

 

ԵՎՍ 2 ՇԱԲԱԹ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւս երկու շաբաթ բաց կթողնի: Այս մասին ԵԼ-ի 1/4 եզրափակչի` ԲԿՄԱ-«Արսենալ» խաղից հետո հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։
«Մխիթարյանը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել, նա եւս երկու շաբաթ բաց կթողնի: Բայց այդքան մի անհանգստացեք: Մենք հիանալի բժշկական շտաբ ունենք, ու նա լրջորեն է անցնում վերականգնման փուլը»,- ասել է Վենգերը։




Լրահոս