Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին սկսել է բարձրանալ ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի փոխարժեքը: Եթե ապրիլի 25-ին մեկ դոլարի առքը հայաստանյան բանկերում եղել է 478, վաճառքը` 482 դրամ, ապա մեկ օր անց` ապրիլի 26-ին, դոլարի առքը կազմել է 481, վաճառքը` 485 դրամ:
Նույն պատկերն է նաեւ եվրոյի փոխարժեքի դեպքում. ապրիլի 25-ին մեկ եվրոյի առքը կազմել է 582 դրամ, վաճառքը` 590 դրամ, իսկ ապրիլի 26-ին առքը կազմել է 584 դրամ, վաճառքը` 591 դրամ: Սակայն մասնագետների պնդմամբ` եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրանալը իր բացասական ազդեցությունը կունենա ներկրվող ապրանքների գների բարձրացման առումով, մասնավորապես բենզինի շուկայի վրա:
Ինչպես հայտնի է` այս պահի դրությամբ ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 450-460 դրամ, պրեմիումը` 470-480 դրամ: Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված` արդեն իսկ թանկացել էին սեղմած գազը, դիզվառելիքը, քսանյութերն ու բենզինը: