Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի տարեկան հայտարարագիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա սկզբին քաղաքապետը իր ունեցած 25 հազար դրամ բաժնեմասը տարեվերջին վաճառել է 1.8 մլն դրամով: Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո: Մարգարյանն այսքան ունեցվածք է կուտակել այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է մոտ 677 հազար դրամ: Քաղաքապետը հայտարարագրել է նաեւ երկու բնակարան, անհատական բնակելի մեկ տուն, մեկ ամառանոց, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություններ, երկու հատ ավտոտնակ եւ մեկ հատ «MERCEDES-BENZ S 450» մակնիշի ավտոմեքենա:
Եւ որպեսզի պարզ լինի մեր ընթերցողի համար, նկատենք, որ քաղաքապետը Երեւանի Թումանյան փողոցում ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ` 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում` 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում` 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ` Աճառյան փողոցում` 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում` 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ: Ըստ շրջանառվող լուրերի` քաղաքապետին է պատկանում նաեւ «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանը 2011 թվականին ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո: Ի դեպ, նկատենք, որ տարիների ընթացքում նրա աշխատավարձը կրկնակի անգամ ավելացել է. 2011 թվականին այն ամսական կազմել է 336 հազար դրամ: Ավելին` 2014 թվականին քաղաքապետի ունեցած 115 մլն դրամը վերածվել է 250 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այդ տարում 156.5 մլն դրամով հողամաս է վաճառել, իսկ 15 մլն դրամով` RANGE ROVER Supercharged 4.2 VOGUE մակնիշի ավտոմեքենա: Թե ինչպես է Տարոն Մարգարյանը հասցնում տարեցտարի ավելացնել ունեցվածքը, այդպես էլ անհայտ է մնում: Եւ սա այն դեպքում, երբ մեր հանրապետությունում պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 30 տոկոս:
Քաղաքապետի տիկինը` Գոհար Մարգարյանը, անցած տարում ունեցել է 50 մլն դրամ, այն դեպքում, երբ նրա հայտարարագրում նշված չէ` աշխատում է, թե ոչ: Նշված կլորիկ գումարը Գոհար Մարգարյանը հայտարարագրել է նաեւ 2016-ին, 2015-ին, 2014-ին, 2013-ին, 2012-ին եւ 2011 թվականներին: Կարելի է ասել` 50 մլն դրամը քաղաքապետի տիկնոջ թալիսմանն է. ո՛չ ավելանում է եւ ո՛չ էլ պակասում: Միայն 2012 թվականին տիկին Մարգարյանը նվեր է ստացել 39 մլն 60 հազար դրամի չափով:
Ի դեպ, այս տարվանից ապօրինի հարստացումը քրեականացվել է, եւ հիմա Էթիկայի հանձնաժողովը պետք է ուսումնասիրի՝ արդյո՞ք Մարգարյանն ու իր հարազատները հարստությունը կուտակել են օրինական ճանապարհով: Իշխանափոխությունից հետո այս առումով ուշագրավ փաստեր կարող են բացահայտվել:
Սյունէ Համբարձումյան