ԴՈՆ ՊԻՊՈՅԻՑ ԲԱՑԻ՝ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՂԵԼ Է ԶԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու քրեական գործով լուրջ իրադարձություններ են սպասվում: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսումների հրապարակումից հետո քրեական աշխարհում լուրջ բախումներ կհասունանան: Բանն այն է, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձը ծրագրելու մեջ մեղադրվողների պլաններում եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ նման քայլ կատարելու մտադրություն:

Ինչպես հայտնի է` ապրիլի 10-ին ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ` Արտակ Այվազյանը:
Աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո հրապարակվեց, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի նկատմամբ, իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը: Այս քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան:
Սակայն նկատենք, որ նախաքննության ընթացքում պատկերը միանգամայն փոխվել է. պարզվել է, որ բացի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված սպանության փորձից, այլ քրեական հեղինակություններ են եւս թիրախում եղել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բացի Դոն Պիպոյի դեմ կոնկրետ մահափորձ կատարելուց` վերոնշյալ անձինք հետեւել են ու թիրախավորել են քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանին` Զապին, եւ եւս մեկ այլ քրեական հեղինակություն Գագիկ Մելիքյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մասնավորապես Անդրանիկ Սողոյանի դեմ մահափորձ անելու համար կալանավորված անձանցից մեկը արտերկրից հատուկ քաղաքացու է կանչել Հայաստան` խոստանալով 400 հազար ԱՄՆ դոլար: Համենայն դեպս, նման փաստեր կան քրեական գործով, իսկ թե որքանո՞վ են դրանք հիմնավոր, պարզ կդառնա դատաքննության ժամանակ:
Մինչ այդ, նկատենք, որ այս բոլոր բացահայտումներն արվել են ԱԱԾ-ի կողմից՝ գաղտնալսումների արդյունքում: Այդպես պարզ է դարձել, թե ինչ պլաններ են ունեցել, ինչպես են ամեն ինչ որոշել իրականացնել, որ ժամին որտեղ պետք է հետեւեն իրենց թիրախավորված անձանց եւ այսպես շարունակ:
Եվ հիմա հարց է առաջացել` եթե դատարանում քրեական գործի քննությունը իրականացվի դռնբաց, եւ հրապարակվեն ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումները, ապա քրեական աշխարհում բախումը անխուսափելի կլինի, քանի որ գաղտնալսումների մեջ եղած խոսակցությունները առիթ են հանդիսանալու, որ գործով տուժող ճանաչված քրեական հեղինակությունները փորձեն իրենց դեմ նման ծրագիր իրականացրած մարդկանցից պատասխան պահանջել: Ուստի չի բացառվում, որ դատարանը, հաշի առնելով նաեւ կալանավորված անձանց միջնորդությունները, քրեական գործի քննությունը իրականացնի դռնփակ:
Չնայած, մեծ հաշվով` քրեական աշխարհի համար այլեւս կապ չունի՝ գաղտնալսումներն ինչպես կհրապարակվեն. քրեական գործում դրանց առկայության փաստն ինքնին բավարար է որոշակի գործընթացներ ծավալելու առումով. արդեն իսկ այդ աշխարհի ներսում կարող են տեղի ունենալ որոշ գործընթացներ: Պարզապես դռնբաց դատական նիստում այդ գաղտնալսումները հրապարակվելու դեպքում մեծ կլինի հասարակական ուշադրությունը, եւ այդ փաստերը կդառնան նաեւ հասարակության սեփականությունը:
Ի դեպ, նշենք, որ գործի շրջանակներում կալանավորվածներից շատերը սկզբում հրաժարվել էին ցուցմունք տալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ գործով եղել են կալանավորվածներ, որոնց ԱԱԾ-ն վերջին պահին կարողացել է համոզել, եւ նրանց ցուցմունքները նախաքննությունը իրականացնող մարմնի համար հիմք են եղել, որպեսզի գործով նախաքննության ավարտ հայտարարվի: Թե ում մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Ավելին` հավելենք, որ նախաքննության ընթացքում եղել են կալանավորներ, որոնք հրաժարվել են ցուցմունք տալուց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԷՐ ԵՂԵԼ
Արդեն 5-րդ օրն է, ինչ ԱԺ պատգամավո Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Երեւան քաղաքում հանրահավաքային պայքար են իրականացնում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Երեկ` վաղ առավոտվանից, հանրահավաքի մասնակիցները փակել էին Երեւանի կենտրոնական փողոցները` կաթվածահար անելով երթեւեկությունը: Այդ ընթացքում մի շարք վարորդներ սկսեցին ընդվզել ցուցարարների այս քայլերի դեմ, իսկ ոմանք էլ, տեսնելով որեւէ կերպ չեն կարողանում պայքարի դուրս եկած երիտասարդների հետ լեզու գտնել, փոխում էին իրենց ճանապարհը կամ իրենց մեքենաները թողնելով փողոցում` ոտքով շտապում էին աշխատանքի:
Իսահակյան փողոցում նմանօրինակ իրավիճակում էր հայտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ դեսպանը մի քանի րոպե շարունակ պահանջում էր, որ բացեն Իսահակյան փողոցը, սակայն հանրահավաքի կազմակերպիչները նշում էին, որ չեն կարող ու հորդորում էին դեսպանին միանալ իրենց: Ինչեւէ, դեսպանի եւ ցուցարարների բանակցությունները արդյունք չտվեցին, եւ նրա մեքենան ստիպված եղավ փոխել իր ուղղությունը:
Լարված իրավիճակ էր ստեղծվել Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում ժամը 11:00-ի սահմաններում: Բանն այն է, որ փողոցը փակած ցուցարարների նկատմամբ բռնության փորձ կատարվեց, բայց ոչ իշխանության եւ ոստիկանների կողմից, այլ 62 SS 465 «Mersedes G 500» վարորդը մի քանի տղաների հետ իջավ մեքենայից եւ հարձակվեց փողոցը փակած երիտասարդների վրա:
Այս կատարվածում առավել մտահոգիչն այն է, որ մինչ ուսանողները փորձում էին պաշտպանվել «լավ տղաների» բռունցքներից, ոստիկանները որեւէ կերպ չէին կանխում այդ «լավ տղաների» քայլերը, այլ պարզապես հանգստացնում էին նրանց եւ ամեն ինչ անում էին, որ ուսանողները նրանց ճանապարհը բացեն: Ավելին` մեքենայի վարոդը մեքենան ակնհայտ քշում էր ուսանողների վրա, սակայն նրա այս գործողությունները եւս չկանխվեցին ոստիկանների կողմից:
Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց հայտնի է, թե ով է մեքենայի տերը եւ ով է եղել բռնություն կիրառողը. ինչ- որ ՀՀԿ-ականի ընտանիքի անդամ է, բայց չհրապարակեց անունը:
Մամուլում լուրեր տարածվեցին, որ 62 SS 465 «Mersedes G 500»-ի ղեկին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է եղել:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքապետից, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Իսկ ահա ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան հայտնեցին, որ կատարվածի մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ օրենքի սահմաններից դուրս չգա: Նա հավատում է Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհին, եւ նա թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի: «Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, որպես առաջնային մարմին ձեւավորում է իր իշխանությունը: Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա առաջին նիստին, Ազգային ժողովին, մանդատներ չստանային»,-ընդգծել է նա: Ա. Ռուստամյանի կարծիքով` ոստիկանությունը ճիշտ է անում, որ, օրինակ, Հանրային ռադիոյի դեպքում կտրուկ արձագանք չի տվել: «Շատերը տաք գլուխ` չեն հասկացել, որ ոստիկանությունն ունի իրավունք, որ ունեն իրավունք զենքով պաշտպանելու, նրա համար էլ այնտեղ էին: Բայց եթե ընթացքում մեկի արյունը թափվեր, չէր ներվի դա»,- նշել է նա:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեկ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿ
Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովի կարծիքով` հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը փակուղային է թվում: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց վերածվել է որոշ ուժերի քաղաքական-տնտեսական շահերի թեմայի, այդ թվում ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի: Ըստ նրա` բոլոր այս գործոնները ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվող են թողնում մոտակա տարիների համար, եթե Բաքուն առաջինը չհարվածի: Նա հավելել է, որ մեծ հարց է, թե դրանից ինչ դուրս կգա, սակայն մյուս բոլոր տարբերակները փակուղային են:

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲԱՆՏԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին եւ ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության փոխանցմամբ` նրանք շարունակում են այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաեւ նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով: Հիշեցնենք, որ ներկայումս ԼՂՀ-ում են գտնվում Ադրբեջանի 3 քաղաքացիներ, իսկ Ադրբեջանում են գտնվում 2 հայեր` Արսեն Բաղդասարյանը եւ Զավեն Կարապետյանը:

 

 

ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Նախօրեին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել. Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` մահվան հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում:




Լրահոս