«Այդ կուսակցությունը ժողովրդի տունը քանդել է». ինչպես են ՀՀԿ-ական գյուղապետերն աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այսօր ունեցավ նոր վարչապետ: Խոսքը «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին է: Արդյո՞ք ՀՀԿ-ական գյուղապետերը պատրաստ են աշխատել նրա հետ: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական մի քանի գյուղապետերի հետ:

ՀՀ Արագածոտնի մարզի 90 բնակիչ ունեցող Տեղերի ՀՀԿ-ական գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյո՞ք պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինայնի հետ նրա վարչապետ դառնալուց հետո, թե՞ ոչ: «Մեզ համար ինչ տարբերություն, թե ում հետ, թե որ կուսակցության ներկայացուցիչն է գալիս իշխանության, միայն թե մարդկանց համար լավ լինի»,- ասաց նա:

Սակայն Տեղերի գյուղապետը չշտապեց կիսվել հույսերի, սպասելիքների մասին. «Պետք է տեսնենք, նոր… Ամեն անգամ մենք ամեն ինչին ու բոլորին հավատացել ենք: Այլ ելք չկա, պետք է դարձյալ հավատանք… Բայց Նիկոլ Փաշինյանի մասին վատ կարծիք չունենք: Կուզենայինք, որ լավը լինի»: Ապա մեր զրուցակիցը փոխանցեց, որ ՀՀԿ-ի անդամատոմսից չի հրաժարավի, ավելին` չի պատրաստվում առաջիկայում կուսակցափոխ լինել կամ ՔՊ-ի շարքերը մտնել. «Հանրապետական եմ եւ այդպես էլ կմնամ»: Նա մեզ հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները այլեւս չեն կարող իրենց ծննդավայր բերել 1993-ականներին հեռացած գյուղացիներին:

Նույն մարզի Օթեւանի ՀՀԿ-ական գյուղապետ Ջամալ Սալմոյանն, ընդհակառակը, տարակուսում է`դուրս գա ՀՀԿ շարքերից, թե ոչ: «Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, ուղղակի այդ կուսակցությունը ժողովրդի տունը քանդել է: Ավելի լավ է` մարդը անկուսակցական լինի: Այդ կուսակցությունները եղբորը եղբոր դեմ են դուրս հանել. մեկը ՀՀԿ-ական է, մյուսը` դաշնակցական եւ այլն: Ես ճիշտ չեմ համարում կուսակցական լինել»,- նկատեց ՀՀԿ-ական գյուղապետը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` եթե ճիշտ չի համարում, ապա ինչպես է դարձել ՀՀԿ-ական, նա արդարացավ. «Դե որ կանչել էին, դրա համար էլ դարձա: Ավելի լավ է անկուսակցական լինել… ամենաճիշտ ուղին դա է … թե չէ, ամենքը իր կողմից քաշում է»:

ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի ՀՀԿ-ական գյուղապետ Հարություն Հարությունյանը հույս ունի, որ այս հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ կլինի Հայաստանի կյանքում: «Մենք ցածր պաշտոնյա ենք, ինչ տարբերություն, թե ում հետ կաշխատենք: Մեր երկիրը առաջ գնա, մարդիկ աշխատանք ունենան, կարողանան ընտանիք պահել, դա է կարեւորը: Բայց այս երկիրը մի քայլ առաջ է գնացել, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վաստակեցինք: Մեր գյուղից եւս մարդիկ կային հանրահավաքներին մասնակցող»,- ներկայացրեց Հ. Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` հնարավո՞ր է` այս ամենի արդյունքում հրաժարվի ՀՀԿ-ից եւ «կուսակցափոխ» լինի, ՀՀԿ-ական գյուղապետը զայրացավ. « Իհարկե ոչ: Կյանքը ցույց կտա: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն այսօր դիրքերը զիջել է, մենք պետք է ՀՀԿ-ից դուրս գանք ու գնանք այլ ուղղությամբ: Մեզ ինչպե՞ս կհարգի, ինչպե՞ս կընդունի մեր բնակիչը, մեզ ճանաչողը: Կողմնորոշվող մարդիկ ենք եղել եւ ժամանակին կողմնորոշվել ենք այդ ուղղությամբ: Բայց ի՞նչ, նշանակում է, որ վաղն էլ կարող է կրկին իշխանափոխություն լինել, ուրեմն պետք է փախնե՞նք այդտեղ: Ես այդ կատեգորիայի մեջ չկամ: Ամեն դեպքում, ՀՀԿ-ականների սխալները գիտենք` որն է ճիշտ, որը` սխալ, ինչ վատ ու լավ կողմեր ունի ՀՀԿ-ն, մենք էլ մեր ներսում մեր կուսակիցներին ենք քննադատել»:

Նույն մարզի Նիզմամիի ՀՀԿ-ական գյուղապետ Հարութին Կարապետյանը կարծում է, որ «ՀՀԿ-ական լինելը ամոթ բան չէ»: Բայց եթե կուսակցությունից հրաժարվի, ապա մնալու է անկուսակցական: «Աստծու սիրուն, ես ՀՀԿ-ական գրքույկը գրպանումս չեմ ծնվել կամ նշանը կրծքիս: Միայն մեր սահմանները խաղաղ լինեն, որ տղաները գնան ու հետ վերադառնան: Եթե կուսակցությունը ինչ-որ բան այն չանի, ապա այդ դեպքում միայն կարող եմ մտածել դուրս գալու մասին: Եթե այսքանից հետո ոչ մի փոփոխություն չլինի, թող գնան, մկնդեղ ուտեն, մեռնեն, ինչ ասեմ… մեր ժողովրդի վիճակը եթե չլավանա, ուրեմն բոլորը սրիկա են, սուտասան»,- ներկայացրեց գյուղապետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս