Գյումրու քաղաքապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Սամվել Բալասանյանը: Ընտրության ընթացքում ՀՎԿ-ն ու Գալա կուսակցությունները բոյկոտել են նիստը, չեն մասնակցել քվեարկությանը: Ձեւավորվել է նոր հաշվիչ հանձնաժողով, ինչի արդյունքում ավագանու անդամները կրկին են քվեարկել, ինչից հետո էլ դեմ են քվեարկել քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին: Իսկ արդյունքում քաղաքապետի պաշտոնը եւս մեկ տարի կշարունակի զբաղեցնել Սամվել Բալասանյանը:
Նշենք, որ ավագանու 33 անդամից քվեարկությանը մասնակցել են 18-ը։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ Գյումրիի ավագանու` այսօրվա նիստում բեմադրվելու է «անվստահություն» կրկեսային տրագիկոմեդիան: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները փորձելու են նրան անվստահություն հայտնել, բայց իրենք էլ ձախողելու են այդ գործընթացը: Նպատակը մեկն է, որպեսզի ՏԻՄ մասին օրենքով սահմանված կարգով առաջիկա մեկ տարվա ընթացքում որեւէ մեկը «չանհանգստացնի» Բալասանյանին, եւ ավագանին մեկ տարի չքննարկի նրան անվստահություն հայտնելու առաջարկ: Ինչպես հայտնի է` ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ավագանին համայնքապետին անվստահություն հայտնելու առաջարկ կարող է քննարկել տարին մեկ անգամ:
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամից 10-ը, նաեւ մեկական հոգի ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից, Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին ներկայացել: Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Գյումրու ավագանու անդամներից Բալասանյանի մտերիմ Տիգրան Հովհաննիսյանին: «Մենք մեր թեկնածուին չառաջադրեցինք: Ընդդիմությունը ներկայացնող երեք քաղաքական ուժով որոշեցինք հետեւել ու տեսնել, թե ինչի համար են անվստահություն հայտնում Բալասանյանի թիմակիցները: Սա իրական կրկես է, ու գյումրեցիները երբեք չեն ներելու: Ամեն ինչ անելու ենք, որ գյումրեցուց գողացված իշխանությունը վերադարձվի գյումրեցուն: Փակագծերը չենք բացում, մենք ունենք ծրագիր ու առաջիկայում հայտարարությամբ հանդես կգանք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: