Արդեն մեկ ամիս է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չի կայանում Նորք Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից բացահայտված «հանցավոր խմբի» գործով դատաքննությունը: Մեզ հետ զրույցում գործով փաստաբանները նշեցին, որ ամեն անգամ, երբ գնում են դատական նիստի, իրենց հայտնում են, որ նիստ չի կայանալու, քանի որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակում է: Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, դատական համակարգը վախենում է գործով կալանավորված անձանց դատարան բերել, քանի որ նիստի ներկա անձանց կողմից չի բացառվում, որ բունտ իրականացվի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց. «Անվտանգության խնդիրը չէ, որքանով ես եմ տեղյակ, երբ Բեկթաշյանին հարցրել եմ, թե ինչու չեն կայանում դատական նիստերը, որոշ փաստաբաններ չեն ներկայանում դատարան, եւ կա երկու անձ մեղադրյալներից, որոնք վատառողջ են եւ դատարան չեն գալիս: թե չեմ սխալվում նրանցից մեկը Վահան Շիրխանյանն է, եւ դա է պատճառը , որ դատական նիստերը չեն կայանում»: