Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը: Դեռևս 2017թ. դատախազության գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշվել էր, որ իբրև հակակռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև այդ հարցում ցուցաբերվող հետևողականության նկատմամբ հանրային վստահության և աջակցության մակարդակը բարձրացնելու գործուն միջոց՝ առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործությունների դեմ պայքարում անմիջականորեն ներգրավված պետական մարմիններում նմանատիպ դրսևորումներն ու սխեմաները և դրանցում ներգրավված պաշոնատար անձանց գործունեությունը:

Արդյունքում 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ մայիսի 18-ի դրությամբ, միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել և քննվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքերի վերաբերյալ 147 քրեական գործ: Այդ քրեական գործերով պետական ծառայություն իրականացնող 47 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առավելապես կոռուպցիոն բնույթի (կաշառք ստանալը, պաշտոնեական դիրքը չարաշահելը, պաշտոնեական կեղծիքը) հանցագործություններ կատարելու համար:

Այդ պաշտոնատար անձանցից՝

15-ը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներ են, որոնցից՝ 2-ը քրեական հետախուզության բաժանմունքի պետեր, 4-ը օպերլիազորներ, 1-ը բաժնի պետ, 1-ը հերթապահ մասի պետ, 1-ը ՊՊԾ դասակի հրամանատար, 1-ը բաժնի պետի տեղակալ, 2-ը անձնագրային ծառայության ղեկավար, 3-ը այլ ծառայողներ,
10-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, որոնցից՝ 1-ը քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ը մարզային քննչական վարչության պետ, 8-ը քննիչ,
13-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են, որոնցից՝ 1-ը քրեակատարողական հիմնարկի պետ, 1-ը օպերատիվ բաժնի պետ, 11-ը այլ ծառայողներ,
3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, որոնցից՝ 2-ը հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, 1-ը այլ ծառայող,
2-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներ են,
3-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչներ են,
1-ը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բաժնի պետ:

Վերը նշված քրեական գործերից 24 քրեական գործ պետական ծառայություն իրականացնող 35 պաշտոնատար անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, իսկ պետական ծառայություն իրականացնող 12 պաշտոնատար անձի վերաբերյալ 38 քրեական գործ գտնվում է նախնական քննության փուլում:




Լրահոս