Միշտ ասել ենք, որ եղբայրս նախագահ է դառնալու. Հայկ Ստվերը՝ սփյուռքի նախարարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանում թավշա հեղափոխության հիմնը դարձած երգի` «Իմ քայլ»-ի երաժշտության հեղինակ եւ երգի կատարող Հայկ Ստվերի հետ: Քանի որ Հայկը բնակվում էր Ուկրաինայում, երաժշտությունը ստեղծվել է այնտեղ: Բայց հիմա արդեն երգիչը մտադիր է մնալ եւ ստեղծագործել Հայաստանում, Ուկրաինա վերադառնալու ծրագրեր դեռեւս չի կազմում: Մենք Հայկի հետ խոսել ենք իր հետագա անելիքների, շոու-բիզնես մուտք գործելու, իր եղբոր` սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, իրենց մանկության, տարբեր բնավորություններ ունենալու եւ այլ թեմաների շուրջ: Հայկը խոստովանել է` մինչեւ այժմ էլ չի պատկերացնում եւ հավատում, որ իր եղբայրը նախարար է:

-Հայկ, հիմա ստեղծագործական պրոցեսի մե՞ջ եք, ինչո՞վ եք զբաղված, կպատմե՞ք: Նոր երգեր ծնվո՞ւմ են:

-Համագործակցում եմ Կարեն Ծատուրյանի հետ, նոր երգ ենք ձայնագրում: Տեսահոլովակ դեռ չենք պլանավորում, տեսնենք` ինչպես կստացվի:

-Հայկական շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն, նպատակ ունե՞ք: Ըստ Ձեզ` Ձեր ներկայացրած ժանրը (հիմնականում` ռոք) կարո՞ղ է եկամտաբեր լինել:

-Այո՛, շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն կա, հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Կարծում եմ` ինչ-որ կերպ պետք է վաստակել օրվա հացը, իսկ ուրիշ աշխատանք անելիս ինձ չեմ պատկերացնում: Ամենալավը ինձ մոտ երգ գրելն ու կատարելն է ստացվում, ուստի ձգտում եմ այդ ուղղությամբ շարժվել: Ինչ վերաբերում է իմ ներկայացրած ժանրին, ապա, իհարկե, դրա պահանջարկը կա: Մինչեւ հիմա Հայաստանում ակտիվ կերպով հանդիսատեսին հրամցվել է ռաբիսը, փոփը, իսկ մյուս ժանրերում հատուկենտ կատարողներ են երեւացել, որոնք հնարավորություն էլ չեն ունեցել իրենց աշխատանքի շնորհիվ գումար վաստակել: Հիմա եթե ամեն բան նորմալ դասավորվի, գուցե իրավիճակ փոխվի:

-Դուք արդեն վերջնականապես վճռե՞լ եք, որ Հայաստանում եք մնալու:

-Այս պահին այդպես եմ որոշել: Եթե կանչեն համերգով հանդես գալու Ուկրաինայում, կգնամ, կան նաեւ ծանոթներ, որոնց կցանկանամ տեսնել ու վերադառնալ: Նպատակահարմար եմ համարում թեկուզ մեկ շաբաթով այցելել այդ երկիր ու կրկին վերադառնալ:

-Հայկ, Դուք կպատկերացնե՞ք, որ ժողովրդական շարժման ակտիվիստ Ձեր եղբայրը, որը հենց միջնորդ է հանդիսացել Ձեր ու Նիկոլ Փաշինյանի միջեւ, եւ ստեղծվել է «Իմ քայլը» երգը, մի օր կդառնար սփյուռքի նախարար, այն էլ` այդքան երիտասարդ տարիքում:

-Մենք ընտանիքի անդամներով միշտ էլ կատակել ենք նրա հետ` ասելով, որ մի օր նախագահ է դառնալու: Ճիշտն ասած` հիմա էլ չենք պատկերացնում եւ չենք հավատում, որ նա նախարար է:

-Թերեւս, նրա զբաղվածությունը բավական մեծ է: Հասցնո՞ւմ եք միմյանց հանդիպել, զրուցել, իրար հետ ժամանակ անցկացնել:

-Ո՛չ, համարյա չենք տեսնվում: Նա վաղ առավոտյան դուրս է գալիս տնից, կեսգիշերին վերադառնում է: Շատ խիստ գրաֆիկով է աշխատում: Հիմա էլ նախարարությունը ծրագիր է կազմում, որպեսզի ներկայացնի կառավարությանը, Մխիթարն էլ օրվա ընթացքում մի քանի հանդիպում է ունենում, այնպես որ ազատ ժամանակ չի մնում:

-Դուք շա՞տ տարբեր եք իրարից: Հետաքրքիր է` ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը: Ամեն մեկդ ի՞նչ հատկություններով եք աչքի ընկել:

-Քանի որ ես ավագ եղբայրն եմ, միշտ ցանկացել եմ լինել Մխիթարի հերոսը, ուզեցել եմ ուժեղ լինել, սպորտով եմ զբաղվել, այդքան էլ լավ չեմ սովորել, բայց դա ցույց չեմ տվել եղբորս: Միշտ ձգտել եմ այնպես անել, որ ուսումն իր համար գայթակղիչ լինի: Մխիթարն, ի տարբերություն ինձ, միշտ մեծ սեր է ունեցել ուսման նկատմամբ եւ շատ լավ է սովորել:

-Իսկ Ձեզնից ո՞վ է չարաճճի եղել: Կռվարար եղե՞լ եք:

-Երեւի թե ես (ծիծաղում է): Իսկ կռիվներ, ո՛չ, մեր միջեւ չեն եղել: Հազվադեպ լեզվակռիվներ են եղել:

-Եվ վերջում` Ձեր երկրպագուներին հետաքրքիր է՝ ընտանիք ունե՞ք, որքանով տեղյակ եմ` ոչ, ուստի ուզում եմ հարցնել` գուցե սիրահարվա՞ծ եք:

-Ո՛չ, ընտանիք չունեմ, սիրտս էլ զբաղված չէ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս