Արտահերթ ընտրությունների արգելք չկա. ինչ ուղերձ է հղում ՀՀԿ-ն Դավիթ Հարությունյանի միջոցով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են: Այդ փաստը լավ երեւաց երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պատրաստ է թե ԸՕ-ի, թե ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների: Նա պնդել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ արգելք չի տեսնում: Այնուհետեւ, խոսելով ԸՕ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ մեխանիզմների ներդրմանը, նա նշել է. «Որպես կարեւորագույն մեխանիզմներ՝ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա․ Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»:

Սա իսկապես զարմանալի է: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2016 թվականին, երբ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում փոփոխվեց ընտրական օրենսգիրքը, այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դիմադրում էր եւ մատնահետքերի միասնական բազայի, եւ ընտրացուցակները մաքրելու դրույթներին, որ պնդում էին ընդդիմադիրները: ՈՒ այն ժամանակ նույն Դավիթ Հարությունյանը փորձում էր հակառակը համոզել, իսկ երբ ստիպված էր այնուամենայնիվ համաձայնվել ընդդիմության պնդած որեւէ դրույթի, այնպիսի մեխանիզմներ էր առաջարկում, որ պարզապես անհնարին էին դարձնում օրենքի կիրառումը: Միաժամանակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջերս դեմ էր արտահայտվում արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց հիմա Դավիթ Հարությունյանի միջոցով փորձում է ուղերձ հղել՝ պատրաստակամության հայտնելով այս փուլում քննարկել այդ հարցը: Իսկապես, քաղաքական դաշտը գնալով հետաքրքիր է դառնում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս