Շիրակի նորանշանակ մարզպետը հաշվեհարդար կտեսնի ՀՅԴ-ական թեկնածուի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը քաղաքական դաշտում հայտնվեց Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ ավագանու իր կազմով ընտրությանը մասնակցեց նաեւ Քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ընտրություններին կուսակցության ձայները չգերազանցեցին 400-ը: 3 տարի անց Կարեն Սարուխանյանը կրկին հայտնվեց քաղաքական դաշտում: «Իմ քայլը» շարժման կողքին կանգնեց առաջին իսկ օրվանից, քայլեց Նիկոլ Փաշինյանի հետ ու նրա կողքին եղավ մինչ հաղթանակը:

Կարեն Սարուխանյանը ծնունդով գյումրեցի է: Ընտանիքը որեւէ բիզնես չունի: Միայն հայտնի է, որ հայրը Աշոցքի շրջանում անասնապահությամբ է զբաղվում: Բյուրակնի վարչական ղեկավարի փոխանցմամբ` ընտանիքը գյուղի հետ որեւէ այլ առնչություն չունի:

Շիրակի մարզպետի պաշտոնում Սարուխանյանը հայտարարել է, որ մարզի խնդիրներին քաջատեղյակ է եւ գործելու է հանուն շիրակցու պայմանների բարելավման. «Շիրակի մարզի հոգսերին ու խնդիրներին տեղյակ եմ, քանի որ մարզի բնակիչ եմ: Ես ձեզանից մեկն եմ, ապրում եմ Շիրակի մարզում և մարզի հոգսերով, ինձ համար, բնականաբար, մեր մարզի դարդ ու ցավն անծանոթ չէ: Սա, կարծում եմ, առավելություն է, որոշակիորեն կհեշտացնի իմ աշխատանքը, բայց անելիքներ շատ կան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր մարզն ամենաաղքատ ու գործազրկությամբ աչքի ընկնող մարզերից մեկն է: Ինձ համար առաջնային է լինելու աշխատատեղերի ստեղծման հարցը, այն անհատներն ու գործարարները, ովքեր ներդրում անելու ցանկություն են ունենալու մեր մարզում, ես միշտ նրանց կողքին եմ կանգնելու»:

Նաեւ հայտնի է, որ Կարեն Սարուխանյանը անձնական խնդիրներ ունի Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ, որն, ի դեպ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ ցուցակն էր գլխավորում: Ըստ տարածված լուրերի` առաջին հաշվեհարդարը հենց նրա հետ է լինելու, եթե, իհարկե, ՀՅԴ-ն չփորձի Կուրղինյանին պահել եւ իշխանության վերեւներում լեզու գտնել: «Իսկ կադրային այլ փոփոխություններ կլինեն բոլոր ոլորտներում»,- հայտարարել է նորանշանակ մարզպետը:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս