ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ՀԱՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ ի վեր Հայաստանում իշխանությունը քաղաքական տեքստերով չէր խոսում, եւ նորընտիր վարչապետի արցախյան ասուլիսը շատերի համար դարձավ տպավորիչ նորարարություն: Նիկոլ Փաշինյանը մի շարք առանցքային մտքեր հայտնեց արտաքին քաղաքականության մասին, որոնցից ամենակարեւորը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հարցում վարվելիք քաղաքականությանը: Քանի որ ԼՂ հարցը Հայաստանի գերխնդիրն է, այդ ոլորտում նախորդ երկու ռեժիմների ինքնանպատակ քաղաքականությանը օր առաջ պետք է վերջ տալ:

Վարչապետի հայտարարությունը, թե պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, իսկապես նշանակալից է: Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով, իսկ իրականում որպես արտաքին ուժային կենտրոններից պալատական հեղաշրջման հարցում ստացած համաձայնության պարգեւավճար, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Դա մեծագույն նվեր էր առաջին հերթին Ադրբեջանին, որը հակամարտության սկզբնավորումից ի վեր ձգտում էր ոչնչացնել Արցախը որպես գործոն: Սերժ Սարգսյանին բաժին հասած այս ժառանգությունը նրա լեգիտիմության դեֆիցիտի պայմաններում հնարավոր չեղավ վերանայել: Չունենալով ներքին հենարան` Սարգսյանը չէր կարող լուրջ քայլեր ձեռնարկել նման պատասխանատու գործում, ինչպիսին Արցախը բանակցային գործընթացի մասնակից դարձնելն էր: Թեեւ հանուն արդարության պետք է նկատել, որ նրա նախագահության շրջանում գոնե երկու անգամ Հայաստանը նման հնարավորություն ստացավ: Այսպես, նախ` Հայաստանը կարող էր բանակցություններն առկախել ու որպես դրանց շարունակություն առաջ մղել ԼՂ-ի մասնակցության պայմանը այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին ու ազատ արձակելով` բարձր զինվորական կոչումների ու պատվի արժանացրեց: Սարգսյանի վարչակազմը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու փոխարեն պետք է հաշվենկատորեն մտածեր գործնական քաղաքական օգուտի մասին: Սակայն Սարգսյանն իրեն, բնականաբար, չէր կարող դավաճանել` Հայաստանի շահը վեր դասելով անձնական փիառից:
Երկրորդ եւ առավել իրական առիթը 2016թ. ապրիլյան պատերազմն էր: Այսժամ Ադրբեջանը խախտեց Մայնդորֆյան հռչակագիրը, ամբողջ աշխարհի առաջ ցուցադրեց բանակցային գործող ձեւաչափի ձախողումը եւ փորձեց ռազմական ճանապարհով գրավել Արցախը: Պատերազմական ձախողված գործողություններից հետո Ադրբեջանը Մոսկվայից մինչեւ Վաշինգտոն խնդրում էր բանակցությունների վերականգնումը: Եվ այդժամ Սարգսյանը ոչ թե պետք է կրկին իր խոսքերից հետ կանգնելով աճապարեր Վիեննա, այլ գործնական քայլեր ձեռնարկեր բանակցություններում ԼՂ-ի ներգրավման ուղղությամբ: Հատկապես արեւմտյան շրջանակները դրան հազիվ թե դեմ լինեին, քանի որ քաջ գիտակցում են, որ հակամարտության կարգավորումը գտնվում է փակուղում եւ շրջադարձ հնարավոր է միայն Արցախի ներգրավմամբ: Անշուշտ, այստեղ բարձրանում էր ռուսական գործոնը, որին իրապես ձեռնատու չէ(ր) բանակցային ձեւաչափի փոփոխությունը: Այսժամ արդեն պետք է գործի դրվեր դիավանագիտական հմտությունը ռուսական շահերը հակելու այս ուղղությամբ: Բայց ՌԴ ղեկավարությանը արեւոտ եղանակի համար երախտապարտ ՀՀ արդեն նախկին իշխանությունները հազիվ թե նման հանդգնություն ցուցաբերեին:
Այսպիսով` Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ վարված 20-ամյա քաղաքականության էջը կարծես թե կարելի է փակված համարել: Արցախյան հակամարտության կարգավորման հայաստանյան մեթոդաբանությունը վերադառնում է Արցախը որպես գործոն ընկալելուն: Այսժամ իրական խնդիր է դառնում համոզել միջազգային հանրությանը, որ հաշվի նստի այդ գործոնի հետ: Քոչարյանի, Սարգսյանի եւ հայր ու որդի Ալիեւների 20-ամյա համատեղ ջանքերի արդյունքում հակամարտությունը չի լուծվել առաջին հերթին հենց մեթոդաբանական այս պարզ խնդիրը չընկալելու համար. երբ հակամարտությանը չի մասնակցում այդ հակամարտության հիմնական կողմը, այն չի կարող լուծվել հիմնարար իմաստով: Անշուշտ, առավել հիմնավոր է կարծել, որ վերոնշյալ անձինք առաջնահերթ չէին համարում հակամարտության կարգավորումը` ստատուս-քվոն դիտարկելով սեփական իշխանավարության անընդհատ շարունակման իրական աղբյուր:
Դժբախտաբար, այս պահին միասնականություն չկա միջնորդների մոտ` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի վարած վայրիվերո արտաքին քաղաքականությունը, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարված բնույթը, ԱՄՆ-Եվրոպա ներդաշնակության բացակայությունը: Այդ միասնականությունը կարող էր օգնել հակամարտության կարգավորումն էականորեն արագացնելու առումով: Եթե նախկինում այդ միասնականությունը կարող էր մտահոգիչ լինել Հայաստանի համար, ապա միայն այն պատճառով, որ վերջինիս դիրքերը թույլ էին բանակցային սեղանի շուրջ: Այսօր Հայաստանում գոնե գործադիր իշխանության թիկունքին կանգնած է հասարակության ճնշող մեծամասնությունը: Սա հսկայական ֆորա է ոչ-ժողովրդավարական Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելուց առաջ, ինչը չեն կարող հաշվի չառնել ո՛չ միջնորդները, ո՛չ էլ Ալիեւը: Եվ հաշվի առնելով, որ լեգիտիմ իշխանությունն արդեն իսկ հոգեբանորեն կաշկանդված է իր լիազորությունների սահմանից դուրս գալու հարցում, լիովին օրինաչափ է ԼՂ-ը բանակցություններում չներկայացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ավելին` ստատուս-քվոյի միջոցով իշխանությունը պահպանելու հոգսի տակ կքած «միապետները» այդ բանակցությունները լիովին վերածել են ձեւականության: Ուստի այսօր բանակցությունները կարող են փրկվել միայն ԼՂ-ի մասնակցության պարագայում: Հայաստանի ժողովրդավարական բնույթը լրջագույն խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար 1990-ական թվականներին, ինչը սպառնում է կրկնվել ներկայումս Հայաստանի նոր իշխանությունների սթափ, դանդաղ շտապելու ու հավասարակշիռ քաղաքականության պարագայում: Հիշում եք` 90-ականներին Հայաստանը համարվում էր ժողովրդավարական կղզյակ, հիմա եւս, ի տարբերություն Ադրբեջանի, այն ժողովրդավարական ուղի է բռնել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ
Գյումրիի քաղաքապետարանը գրություն է ուղարկել Շիրակի մարզպետարան` թիվ 1 պոլիկլինիկայի շենքն ազատելու մասին: Եւ սա այն դեպքում, երբ բուժմիավորումը 1924 թվակնից տեղակայված է քաղաքի պատմական միջուկում գտնվող քարաշեն երկհարկանի, երկու մասնաշենքից կազմված կառույցում: Շենքն ազատելու պատճառը պարզ է. ներդրողներ են հայտնվել, որոնք ցանկություն են հայտնել շենքը բարեկարգել ու ծառայեցնել սեփական ծրագրերին: Այդ մասին հայտնել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: «Կան ներդրողներ, որոնք ցանկություն են հայտնել վերականգնել շենքը իր բոլոր ինժեներական ենթակառուցվածքներով: Քաղաքում լուրեր են շրջանառվում այն մասին, որ շենքով հետաքրքրված անձը «Ապավեն» բժշկական կնետրոնի տնօրեն Գագիկ Ադամյանն է, ով նաեւ հանդիսանում է պոլիկլինիկայի նկուղային հարկի սեփականատերը»: Արդեն մեկ ու կես տարի թիվ մեկ պոլիկլինիկան ղեկավարում է Այվազ Սուքիասյանը: Վերջինս անընդունելի է համարում տեղափոխության հարցը. «Չգիտեմ` ոնց է ստացվել, որ մասնավորի շահը գերադասվել է պետական շահից: Մենք պետական հիմնարկություն ենք, ծառայում ենք ազգաբնակչությանը: Ինձ համար դեռ գաղտնիք ու զարմանալի էր, թե ոնց կարելի էր նման քայլերի գնալ»:
Թիվ մեկ պոլիկլինիկան համայնքապատկան կառույց է: Պոլիկլինիկան տարեկան 400 հազար դրամ վարձ է տալիս: Տարիների ընթացքում պոլիկլինիկան 1.5 միլոն դրամ պարտք է կուտակել: Տնօրենն այսպես է մեկնաբանում փաստը. «Մեր պարտքերը գոյացել են վճարովի ծառայությունների իջեցման հաշվին: Շենքը քաղցրացել է, դա կապված է փողոցաշինության, թե մասնավոր ներդրողների հետ, չեմ կարող ասել»: Այժմ էլ այլ մարդու անուն է կապվել թիվ մեկ պոլիկլինիկայի շենքի հետ: Պարզվում է` շենքով հետաքրքրված է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը: Նա պոլիկլինկայի հարեւանությամբ ատամնաբուժարան ունի եւ հատուկ ծրագրեր է մշակել պոլիկլինիկայի շենքի հետ կապված: Հայտնի է, որ ատամնաբուժարանում թանկ ծառայություններ են մատուցվում, բժիշկներն էլ Մոսկվայում հատուկ վերապատրաստում են անցել: ««ՏիգաԴենտ». այդպես է կոչվում կենտրոնը, որը Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին է պատկանում: Նա եւ Գագիկ Ադամյանը կամ քավոր-սաներ են, կամ բարեկամական կապեր ունեն»,- ասաց պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը: Թավշյա հեղափոխությունը, սակայն, խառնել է շատերի ծրագրերը: Ինչ քաղաքական գործընթացը մեկնարկել է, պոլիկլինիկայով հետաքրքրվողներ այլեւս չեն հայտնվել: Բայց աշխատակազմը դեռ անհանգիստ է: Հեղափոխության օրերին էլ պոլիկլինիկայի աշխատակազմը գործադուլ էր արել եւ միացել ցուցարարներին՝ այդ կերպ նաեւ վեր հանելով իրենց խնդիրը:
Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկայի աշխատակազմը ոչ մի դեպքում հանձնվել չի պատրաստվում: Ինչ տարբերակ էլ առաջարկվի, տեղափոխվել չեն պատրաստվում: Բոյկոտելու են այնքան ժամանակ, մինչեւ հետաքրքրությունը շենքի հանդեպ վերջնական մարի:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՌՈՒԲԼԻՆԵՐՆ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը, որ հայտնի է Գազի Անդո անունով, անցած տարում 10 մլն դրամով վաճառել է «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները 2017 թվականի վերջին կազմել են 31 մլն 855 հազար դրամ, 265 հազար դոլար եւ 10.5 մլն ռուսական ռուբլի: Հարությունյանը անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական ընդհանուր կազմել է 1 մլն 202 հազար դրամ: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ պատգամավորն ունի մեկ բնակարան, երկու հողամաս, մեկ ավտոտնակ, շենք-շինություններ եւ երկու հատ «Mercedes-Benz 200», «Lexuz LX 570» մակնիշի ավտոմեքենա, որից մեկը վաճառել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա հայտարարագրել է նաեւ ունեցած 8 մլն դրամը գերազանցող մեկ հատ ժամացույց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորի կինը` Մերինե Ղեւոնդյանը, ոչինչ չի հայտարարագրել:
Նշեք, որ 40-ամյա Հարությունյանը, մինչ պատգամավոր ընտրվելը, աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եւ ԱԺ-ում համարվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն: Ինչով էլ պայմանավորված է Կոտայքի մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Չէ՞ որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը ու Վարդան Այվազյանն էին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս