Թիմի հետ եկել ենք, թիմի հետ էլ կգնանք. Հովհաննես Սահակյանը` հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովհաննես Սահակյանի հետ հրաժարականի պատճառի եւ քաղաքական այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Սահակյան, Դուք ա՞յլ աշխատանքի եք տեղափոխվում:

-Ո՛չ:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր հրաժարականի որոշումը:

-Դա բացառապես իմ անձնական որոշումն է բարոյական հարթության վրա: Որեւէ խնդիր չի եղել:

-Քանի որ երկրում քաղաքական իրավիճակ փոխվեց, Դուք չէիք պատկերացնո՞ւմ Ձեր աշխատանքը նոր կառավարության եւ նոր վարչապետի հետ:

-Ոչ թե չէի պատկերացնում, այլ մարդն իր քաղաքական թիմի հետ գալիս է իր ծրագրերով, մոտեցումներով..: Հիմա եղել է իշխանափոխություն, եկել են նոր մարդիկ եւ ունեն իրենց ծրագրերը: Եվ թիմի հետ եկել ենք, թիմի հետ էլ գնանք: Դա չի նշանակում, որ մենք հրապարակային դաշտից ենք դուրս գալիս, չի նշանակում, որ մենք որեւէ կերպ չենք օգնելու..: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկիրը, մեր պետությունը հաջողություն ունենա եւ գրանցի լավագույն արդյունքները: Դա որպես ՀՀ քաղաքացի, որպես պետական մտածելակերպի տեր մարդ ես դա ասում եմ:

-Իսկ հիմա Դուք որտե՞ղ եք Ձեր գործունեությունը ծավալելու:

-Մի քիչ կհանգստանամ, որովհետեւ բավական ծանր եւ բուռն շրջան ենք անցել. բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացած էին, փորձել ենք լուծել: Շարունակելու եմ մնալ հրապարակային դաշտում, շարունակելու եմ ապրել մեր պետության սահմաններում: Ընդդիմադիր դաշտում մնալը չի նշանակում, որ չես կարող օգնել քո երկրի զարգացմանը: Հետեւաբար կյանքը չի սկսվում պաշտոնով եւ չի ավարտվում պաշտոնով:

-Մի քանի պաշտոնյաներ հայտարարել են ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Հնարավո՞ր է` Դուք էլ դուրս գաք, թե՞ դա բացառվում է:

-Նշեմ հետեւյալը. ես ՀՀԿ անդամ եմ 2001 թվականից: Շարքեր եմ ընդունվել Անդրանիկ Մարգարյանի հետ շփումից հետո: Շարունակելու եմ մնալ կուսակցության անդամ: Եվ այն գործընթացը, որ տեղի է ունենում այսօր, բնական է: Եթե կան մարդիկ, ովքեր դուրս են գալիս կուսակցությունից, դա իրենց անձնական որոշումն է, ի սեր Աստծո:

Քննադատելու կամ որեւէ խոսք ասելու միտում չունեմ ես, բայց կարծում եմ` դա Հանրապետական կուսակցությանը պետք է, եւ կարող է հետագայում շատ ավելի լավ լինել: Առաջիկայում կա կառավարության ծրագրի հարցը, այսօրվա իշխանությունը նշել է նաեւ 1 տարվա ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Հետեւաբար, բավական հետաքրքիր ժամանակաշրջան է, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերն էլ ապագայի հետ կապված վերադասավորումներ են իրականացնում, որոշակի գործողություններ են անում, որպեսզի հասկանան, թե ուր են գնում եւ ինչպես: Ես կարծում եմ` խնդիր չի մեր` ընդդիմադիր դաշտում գործելը: Դա շատ հաճախ նաեւ օգտակար է քաղաքական ուժի համար:

-Հիմա սպասելո՞ւ եք աշխատանքի առաջարկի, թե՞ գուցե մասնավոր հատվածում աշխատեք, թեկուզ ժամանակավոր:

-Ես այս պահին դրա մասին չեմ մտածում: Կապ չունի` պաշտոն ունես, թե չունես, յուրաքանչյուր հայ մարդ պետք է օգնի, որպեսզի մեր պետությունը միշտ հաջողի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ




Լրահոս