Հայաստանում բնակարանների գները թանկացել են, փոխարենը առքն ու վաճառքն է պասիվացել: Վերջին ամիսներին հատկապես Երեւանում անշարժ գույքի գները զգալի բարձրացել են: Պաշտոնական տվյալներով` մեկ ամսվա ընթացքում` ապրիլին, մարտի համեմատ, Երեւանի բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանները բավականին թանկացել են: Բնակարանների գները թանկացել են նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն. այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվույթունից:
Գնաճի առումով ամենաակտիվը Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններն են, որոնք համարվում են մայրաքաղաքի ամենաբանուկ թաղամասերը: Ավելին` անգամ պաշտոնական տվյալներով` ապրիլին, մարտի համեմատ, ավելի շատ բարձրացել է կենտրոն վարչական շրջանի բնակարանների 1 քմ-ի գները: Եթե մարտին կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 500 հազար 900 դրամով, ապա մեկ ամսվա ընթացքում այն 6300 դրամով թանկացել է` դառնալով 507 հազար 200 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսում բնակարանները թանկացել են 3500 դրամով. մարտին մեկ քմ-ն Արաբկիրում վաճառվել է 356 հազար 600 դրամ, իսկ ապրիլին` 360 հազար 100 դրամ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանները չնչին չափով են թանկացել`1200 դրամով, մեկ քմ մարտին վաճառվել է 272 հազար 500 դրամով, իսկ ահա ապրիլին այն արդեն արժեցել է 273 հազար 700 դրամ: Ավելի քան 1000 դրամով բնակարանների գները բարձրացել են նաեւ Նոր Նորքում, Ավանում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավիթաշենում, Նուբարաշենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնաճը ամենափոքրը եղել է Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ բնակարանի մեկ քմ թանկացել է 600 դրամով: Ըստ անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչների` Երեւանում բնակարանների գները դեռ շարունակելու են բարձրանալ: Նրանց խոսքերով` անշարժ գույքի շուկայում հատկապես ապրիլին դրական շարժ է սկսվել. մարդկանց արդեն հետաքրքրում է անշարժ գույքը: Ի դեպ, դրսից Հայաստան եկող մի զանգված նաեւ սկսել է հետաքրքրվել անշարժ գույքով: Որոշ մասնագետներ համոզված են, որ մարդիկ սկսել են արդեն ավելի մեծ հույսեր կապել նոր Հայաստանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն այս տարվա ապրիլին գրանցվել է բնակարանների վաճառքի 14 հազար 258 հատ գործարք, ինչը ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բայց մյուս կողմից` Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները մեկ ամսվա ընթացքում պակասել են 1632 հատով: Սակայն գործարքների մեծ տոկոսն, այնուամենայնիվ, իրականացվել է մայրաքաղաքում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անշարժ գույքի նկատմամբ գործարքներից օտարումը կազմել է 4948 հատ, որը նույնպես մարտի համեմատ նվազել է: Միայն առուվաճառքի գործարքները ապրիլին կազմել են 3565, իսկ մարտին` 3611: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի գյուղերում ապրիլին իրականացվել է առուվաճառքի 1454 հատ գործարքներ: Անգամ գրավադրման գործարքներն են ապրիլին, մարտի համեմատ, նվազել` կազմելով 2149: Ի դեպ, գրավադրման գործարքների մեծ մասը դարձյալ իրականացվել է մայրաքաղաքում` 1159 հատ: Իսկ ահա մարզային քաղաքներում իրականացվել է գրավադրման 583 հատ գործարք, գյուղերում` 407:
Մասնագետները պնդում են, որ Հայաստանում բնակարանների վաճառքի ծավալների նվազման վրա բացասական է ազդում նաեւ այն, որ հիպոթեքային վարկ ձեւակերպելը շատ է բարդացել, քանի որ մարդկանց օրինական գրանցված աշխատավարձերը ցածր են, մինչդեռ բանկերի կողմից հիմք չեն ընդունվում «սեւ» աշխատավարձի մասին տեղեկանքները: Այդ պատճառով քաղաքացիների մեծ մասը չի կարողանում բնակարան գնել: Բայց չնայած սրան` հիպոթեքային վարկավորումը Հայաստանում շատ արագ է զարգանում:
Սյունէ Համբարձումյան