Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանել է 346 հազար 458 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.1 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 293 հազար 807 զբոսաշրջիկի մասին է: Եւ տարեցտարի նրանց թիվն ավելի է մեծանում: Պատճառը մեկն է. ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 346.4 հազար զբոսաշրջիկից հյուրանոցներում մնացել է ընդամենը 52 հազար 651 հոգի:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 4600-ով ավելացել է: Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 26 հազար 900 զբոսաշրջիկ: Բացի այս, ավելացել է նաեւ Ուկրաինայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Վրաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ, ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարի նույնիսկ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, այն էլ՝ 3.4 անգամ: Փոխարենը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի նվազել`15 հազար 500-ով: Եւ սա այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայսատնում: Ինչպես հայտնի է, Վրաստանում այն ավելի մատչելի է, քան մեզ մոտ: Բացի այդ, խոստովանենք, ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը: Այս մասին խոսվել է ոչ մեկ անգամ: Անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր նման հարց բարձրացրել:
Ինչեւէ, մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 13 տոկոսով: Հունվար-մարտ ամիսներին մեր երկրից մեկնել է 300 հազար 832 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 266 հազար 324-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 300 հազար 232 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն, առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 600 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:
Սյունէ Համբարձումյան