2014 թվականին ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց: Խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի ընկերությունը պարտքեր էր կուտակել: Պարտատերերի թիվն անցնում էր հարյուրը: Հատկանշական է, որ մինչ այդ նույն 2014-ին «Արմավիան» ՀՀ 11-րդ հարկատուն է եղել: Ընկերության վճարած հարկերը կազմել են մոտ 7,2 մլրդ դրամ: Գործարար Բաղդասարովին էր պատկանում նաեւ «Միկա» ֆուտբոլային ակումբը, որը նույնպես փակվել է: Բաղդասարովի «Միկա կենաց ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու, կոնյակի արտադրությամբ, նույնպես սնանկ ճանաչվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ պարզելու համար, թե ինչով է նա այժմ զբաղված, ինչ իրավիճակ է գործնական դաշտում եւ արդյոք եւս մեկ անգամ կորոշի բիզնես հիմնել Հայաստանում:
-Պարո՛ն Բաղդասարով, նախ հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս Դուք ընդունեցիք թավշյա հեղափոխությունը Հայաստանում:
-Դրական, շատ դրական:
-Ինչո՞ւ:
-…որովհետեւ այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով:
-Այս իրավիճակում, երբ նոր կառավարություն է ձեւավորված, երկրում իրավիճակ է փոխվել, Դուք կորոշե՞ք Հայաստանում նոր բիզնես սկսել:
-Առաջին հերթին ոչ մի հարցով չի կարելի ասել ոչ: Ամեն ինչ այս կյանքում կարող է լինել: Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, եւ եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն, ինչ-որ բան կլինի:
-Գուցե գործոններից մեկը Սերժ Սարգսյա՞նն էր, որ Դուք որոշեցիք ամեն ինչ փակել, գնալ:
-Դե դժվար չէ կռահել: Բայց ես կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի:
-Բայց, իհարկե, խնդիրներ եղան «Արմավիա»-ի հետ, եւ ի վերջո Դուք սնանկության հասաք:
-Իհարկե: Խնդիրներ կային, եւ բոլոր աշխատակիցները դա գիտեն, եւ տեսանելի էր:
-Իսկ այժմ ի՞նչ իրավիճակ է «Արմավիա»-ի առնչությամբ:
-Արմավիան սնանկացավ. պետությունը չէր օգնում: Մենք թոշակառուների, վետերանների տեղափոխումներ էինք կատարում, եւ այդ գումարի 50 տոկոսը պետք է պետությունը վճարեր, բայց չէին վճարում: Եվ ընդհանուր շատ խնդիրներ կային: Արմավիան եղել է շատ ուժեղ, եւ դա դուր չէր գալիս մեր հարեւաններին:
-Գիտենք, որ Դուք վաճառքի էիք հանել ինքնաթիռները, նաեւ Ձեր բնակարանները:
-Ես կորցրի ամեն ինչ` ե՛ւ ինքնաթիռները, ե՛ւ գրասենյակները, ե՛ւ մնացածը: Կարճ ասած` ամեն ինչ վերցրին:
-Հիմա Դուք ոչինչ չունե՞ք:
-Չկա…ընդհանրապես ոչինչ: Ես այդ մասին չեմ ուզում խոսել:
-Մնացել եք առանց ոչնչի՞:
-Այո՛:
-Իսկ այժմ հեռանկար տեսնո՞ւմ եք Հայաստանում:
-Եթե պետք է Հայաստանին ավիացիա, ուրեմն հեռանկար կլինի, իսկ եթե պետք չէ, ուրեմն պետք չէ:
-Իսկ մտածո՞ւմ եք նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել այս հարցերի շուրջ:
-Ես դեմ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու: Ես չգիտեմ` ուզում է նա ավիացիա, չի ուզում: Նա ասում է, որ թռչելու է ուղեւորափոխադրող օդանավերով: Դա շատ լավ որոշում է: Բայց ես կարծում եմ, որ հայկական ուղեւորափոխադրող ինքնաթիռներով է պետք թռչել, այլ ոչ թե ռուսական, ուկրաինական: Եթե պետք է լինի ավիացիա, ուրեմն նա պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, քայլ անի, որպեսզի դրանից հետո ստեղծվի ավիացիա: Դա շատ բարդ մեխանիզմ է: Շատ պատճառներ կան, թե ինչու այն չի ստացվում Հայաստանում, եւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց դժվար է հասկանալ ինչ անել: Դրա համար էլ մեզ մոտ ավիացիան այդպես էլ չբացվեց Արմավիայից հետո, քանի որ բոլորը տանում են նրան, որ հնարավորինս շատ փող աշխատեն:
-Այժմ պետությունը պետք է Ձեզ աջակցի՞, որպեսզի Դուք վերսկսեք Ձեր աշխատանքը:
-Ո՛չ: Պետությունից ոչինչ պետք չէ: Պետությունը միայն պետք է իր հավանությունը տա եւ վերջ:
-Իսկ ինչպե՞ս կսկսեք Ձեր գործունեությունը, եթե գումար չունեք:
-Գումար չկա, բայց կան կապեր: Պարտադիր չէ ինքնաթիռները գնել, կարելի է վարձել: Իսկ մյուս կողմից կարելի է շատ գումար ծախսել, բայց ոչինչ չստեղծել:
-Իսկ այժմ Դուք ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա դատարանների հետ կապված հարցերով եմ:
-Այժմ խոսվում է այն մասին, որ երբ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր երկիրը, սեւ դրամարկղ է գործել, եւ բոլոր գործարարները վճարում են արել: Դուք էլ եք վճարե՞լ այդ դրամարկղին:
-Ես չգիտեմ այն, ինչ Դուք ասում եք: Բայց մենք մշտապես գումար ենք տրամադրել Արցախի համար, բանակը պահելու համար:
-Եթե պետությունը չաջակցի, Դուք ա՞յլ երկրում եք բիզնես հիմնելու:
-Այո՛: Ռուսաստանի Դաշնությունում երեւի թե դա կանեմ: Այնտեղ հիմա շեշտը տեղական բիզնեսի վրա է դրվում:
-Այժմ Դուք բնակարան էլ չունե՞ք:
-Ունեմ, բայց այն գրավադրված է բանկում: Դեռեւս այդ տանն եմ ապրում:
զրուցեց Մերի Մարտիրոսյանը