Գյումրին հայտնվել է գործարարների ուշադրության կենտրոնում: Գործարար, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը դիմել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` ցանկություն հայտնելով սեփականաշնորհելու Գյումրու Բարեկամության այգին, այն դարձնելու ժամանցի կենտրոն: Նախատեսվում է մոտ 4 միլիոն դոլարի ատրակցիոններ տեղադրել, տարածքում նաեւ սրաճարաններ ու կարուսելներ են լինելու: Ծրագիրն, իհարկե, գյումրեցիների սրտով է, սակայն Բարեկամության այգում 20 ընտանիք է ապրում: Նրանց արդեն հրահանգվել է սեղմ ժամկետում ազատել այգին. «Արդեն 30 տարի Բարեկամության այգում եմ ապրում: Փոքրիկ տնակում 7 անձով ենք բնակվում: Եկան քաղաքապետարանից, ասացին, որ բարերար է հայտնվել, տարածքը պետք է ազատենք: Ոնց կարող եմ թողնել տնակս, երբ գնալու տեղ չունեմ: Հենց իմ պահանջները բավարարեցին, ես էլ նրանց պահանջը կբավարարեմ»,- ասում է բնակիչներից մեկը:
Բնակիչների պահանջները հիմնականում նույնն են՝ ապահովել հարմարավետ բնակարաններով՝ կոմունալ բոլոր պայմաններով. «Արդեն 30 տարի` քայքայված տնակներում ենք, այլեւս հարմարվելու նպատակ չունենք, հիմա էլ թող մեզ հարմարվեն»,- ավելացրեց տարածքի բնակիչներից մեկը:
Քաղաքացիներն ասում են` 3 միլիոն դրամ գումար է առաջարկվել յուրաքանչյուրին նոր բնակարան ձեռք բերելու համար: Շատերը որոնել են, բայց այդ գնի սահմանում Գյումրիում լավ բնակարան չի գնվի: Ասում են` հնարավոր չէ գումարի մեջ տեղավորվել, իրենք չեն պատրաստվում լքել ժամանակավոր կացարանները:
Բարեկամության այգում դեռ մեկ տարի առաջ մոտ երեք տասնյակ ընտանիք էր ապրում: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ջանքերով շատերի համար կեցության խնդիրը վաղուց է լուծվել: Մյուս ընտանիքներն էլ հանդիսանում էին հիմնադրամի շահառուները:
Բայց հիմա նրանց խնդիրը Ռուբեն Վարդանյանի ուսերին է: Տարածքի բարեկարգման ծրագիր նաեւ հիմնադրամն ուներ, ցանկանում էր Բարեկամության այգին Բարերարների այգու վերածել, բարեկարգել ու տեղադրել այն բարերարների անուններով ցուցանակերը, որոնց շնորհիվ ընտանիքները տներ էին ստացել: Սակայն գործարարի ծրագիրը քաղաքապետի սրտով է, արդյունքում հիմնադրամը այգում այլեւս անելիք չունի:
Շուշանիկ Օհանյան
Գյումրի