Կառավարության նիստում տեղի ունեցածը ՀՀԿ-ի սրտով էր. առաջին լուրջ առճակատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երեկ արտահերթ նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ այդմ` 1974թ. հետո ծնված բոլոր քաղաքացիները այս հուլիսի 1-ից յուրաքանչյուր ամիս իրենց եկամտից 2.5 տոկոս կփոխանցեն կուտակային կենսաթոշակային համակարգին:

Կառավարության արտահերթ նիստի անցկացման եւ օրակարգում այս հարցի ներառման մասին հայտնի դարձավ առավոտյան, եւ մինչ նախատեսված ժամն օրենքի այս ձեւով փոփոխման դեմ հանդես եկող քաղաքացիները հավաքվել էին կառավարության դիմաց իրենց ձայնը բարձրացնելու համար:

Սակայն ամեն ինչի մասին հերթով. այժմ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է քաղաքացին, 5 տոկոսը՝ պետությունը: Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն` անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։

Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների` ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։ Եվ այժմ նոր կառավարության անդամները կարծիք են հայտնում, որ համակարգին արդեն իսկ անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որն էլ հանրության հիմնական մտահոգությունն է:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե համակարգի ամբողջական ներդրումը կարեւոր է՝ հաշվի առնելով այն փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Նշենք, որ այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Եվ որքան էլ հիմավորման մեջ նշվում է, թե այս կերպ նաեւ կբարձրանա հուսալիությունը ներդրումային իրավիճակի համար, սակայն կառավարության նիստում եւ շենքի դիմաց երեկ լարված իրավիճակ էր, նիստն էլ չանցավ առանց բանավեճի. ընդ որում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծին կողմնակից էր, իսկ ահա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ դեմ:

Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Անարդար կլիներ հետաձգել կուտակայինի պարտադիր բաղադրիչը նրանց հանդեպ, ովքեր 2014-ից արդեն միացել էին համակարգին։ Նրանց եկամուտները մոտ հինգ հազարով կավելանան, համակարգին նոր միացողներինը գրեթե այդքանով կնվազի։ Սա ժամանակավոր է` մինչ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը։ Սա նուրբ հարց է, մենք վստահության խնդիր չունենք, բխում է մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից: Սա այն լուծումն է, որ բխում է պետական, քաղաքացու երկարարաժամկետ շահերից: Կարծում եմ, որ 207 հազար քաղաքացիները գոհ կմնան, եւ ութսուն հազար քաղաքացիները ըմբռնումով կմոտենան»:

Օրենսդրական այս փոփոխությունը վեճի առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև: Վերջինս համաձայնեց, որ սա ամենադժվար կայացվող որոշումներից մեկն է, վարչապետի բացատրություններն ընկալելի են ներկա պայմաններում, սակայն հայտարարեց՝ անհրաժեշտ է, որ հասարակության մոտ ձեւավորվի համոզմունք, որ այս համակարգը լավն է, և մասնակիցներն իրենք գնահատեն: Նա հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, եւ այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է, սակայն նշեց, որ շատ ավելի լավ լուծում կարելի էր բերել:

Վարչապետը հիշեցրեց, որ իրենք գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում. «Մենք այստեղ կառավարության նիստում ենք, խորհրդարանական ընդդիմություն չենք: Այդ հարցերը, որ դուք բարձրացնում եք, մեր լիազորությունների տիրույթում են: Ես՝ որպես վարչապետ, եւ կառավարությունը՝ որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում ենք: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Սակայն այս համակարգին միայն Արծվիկ Մինասյանը չէ, որ դեմ էր: Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում շենքի դիմաց: Ակցիայի նախաձեռնողը Լեւոն Հարությունյանն էր: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենք պահանջում են հետաձգել հուլիսի 1-ից պարտադիրի ներդրումը եւ որեւէ եզրակացության հանգել միայն իրենց հետ քննարկումներից հետո: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքում նախատեսված փոփոխությունները բավարար չեն եւ չեն փակում այն եզրույթները, որ մարդկանցից պարտադիր գումար են վերցնելու, և չի փակում հետագայում շեմերի բարձրացումը 2020 թվականից:

Երեկ տեղի ունեցած դեպքերն, ըստ էության, կարող ենք համարել առաջին լուրջ անհամաձայնությունն ու առճակատումը Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության անդամների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների միջեւ: Որքան էլ Փաշինյանի որոշումը տրամաբանական լինի (քանի որ ՀՀԿ-ական կառավարությունը ժամանակին այնպիսի համակարգ է ներդրել, որ տարիներ անց դրանից ետդարձի ճանապարհը վտանգավոր կլինի հենց պետության համար), միեւնույն է, այն հասարակությանը հասցնելու, դրա անհրաժեշտությունը բացատրելու ուղղությամբ ոչինչ չի արվել: Դեռ ավելին` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մինչ այդ ասել էր, թե հնարավոր է մասնավոր սեկտորի համար պարտադիր բաղադրիչի կիրառումը կրկին հետաձգվի: Բայց ահա տեղի ունեցավ ճիշտ հակառակը. օրենքը, միեւնույն է, պարտադիր կիրառելու են, պարզապես, մի փոքր այլ համամասնությամբ:

Մինչ այդ նկատենք, որ երեկ տեղի ունեցածը ՀՀԿ-ի սրտով է, երբ քաղաքացիներն իրենք են անհամաձայնություն հայտնում իրենց առաջադրած վարչապետին: Սակայն միեւնույն ժամանակ հենց վերջիններս չեն հասկանում, որ հենց նախկին իշխանությունների քաղաքականությունն ու ներդրված ծրագրերն են պատճառը, որ լայն եւ արագ փոփոխություններ այնքան էլ հնարավոր չեն:

Հ.Գ. Հավելենք, որ երեկվա քննարկումներից հետո այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ինչպես նաև դուրս եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս