Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ու պետք է նկատենք, որ պարոն Մնացականյանը վերջապես անդրադարձել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին` ներկայացնելով այն դրականը, որ ունեցել ենք այս ամիսներին: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման մեջ, որն արժանացավ ԱԳ նախարարի խոսնակի ոչ ադեկվատ արձագանքին, միջազգային հարթակներում հենց նման պահվածք ցուցաբերելու հրամայականի վրա էինք ուշադրություն հրավիրել, հրամայական, որն այս մեկ ամսվա ընթացքում արհամարհվել է ԱԳՆ-ի կողմից:
Բայց լավ է, որ վերջապես ԱԳՆ-ն ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակն ու հիմա սկսել է ճիշտ քաղքականություն իրականացնել: Հուսանք՝ այս տեմպերը կպահպանեն նաեւ առաջիկայում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ