Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության խուզարկությունների հետքերով. տնօրենը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը երեկ մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ` «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել:

Պարզվել է, որ ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ 30-70, 50-50 եւ 10-90 տոկոսային հարաբերակցությամբ են բաշխվել: Բացի այդ, ըստ ոստիկանության՝ 2017թ. կնքված պայմանագրով ՃՈ-ն գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաեւ, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ` դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն:

Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ: Ոստիկանները տվյալներ ունեն, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաև նախկինում, որոնց հետեւանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են:

ՀՀ ոստիկանության այս բացահայտումների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Սեքյուրեթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանի հետ: «Ես տեսա այդ նորությունը ու շատ զարմացած եմ: Բնականաբար համաձայն չենք այդ ամենի հետ, որովհետեւ նման բան գոյություն չունի: Քրեական գործ է հարուցված, թող հետաքննեն, պարզեն, թե ով է ճիշտ: Դուք ինքներդ չեք տեսել, որ «Էլիպս»-ը սպասարկում է այդ համակարգը, ու հիմա հանկարծ պարզվում է, որ «Էլիպս»-ի հետ այդ պայմանագիրը կնքվել է փող լվանալու համար: Հավանաբար պետք էր իրենց, որ այդպես նշեին, բայց դե ես հասկանում եմ` կոռուպցիայի դեմ պայքար է… դա շատ լավ է, մենք առաջիններից ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարին կողմ ենք: Քանի որ մեզ այսքան տարի հալածել է հենց նույն այդ կոռուպցիոն վիճակը, որը մեզ չի թողել աշխատել, մեզ շուկայից դուրս է մղել եւ այլն: Այսինքն` մենք առաջին կռվողն ենք կոռուպցիայի դեմ»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Զաքարյանը:

«Սեքյուրեթի Դրիմ»-ի ներկայացուցիչը անկեղծացավ` նշելով, որ այս ուսումնասիրությունները պայմանավորված է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի գործոնով: Բանն այն է, որ ընկերության գործունեության հենց առաջին օրվանից համառորեն լուրեր են շրջանառվում, որ ընկերության սեփականատերը հենց Սաշիկ Սարգսյանն է: «Հավանաբար այս պայքարի մեջ սխալներ էլ թույլ կտան, որը կոնկրետ այս դեպքում այս պատմությունն է: Մենք հասկանում ենք, որ թիրախավորել են զուտ Սաշիկ Սարգսյանով, բայց դե ի՞ նչ Սաշիկ: Մինչեւ այսօր ոչ մեկը չի մատնանշել, որ հեսա Սաշիկը: Օդում հայտարարել են, որ Սաշիկինն է, հիմա ես էլ կարող եմ հայտարարել, որ դուք Հռոմի պապի եղբոր աղջիկն եք: Դա հիմք ունի՞: Իհարկե ո՛չ: Նույնն էլ Սաշիկն է, ում ես երբեւէ չեմ ճանաչել, հետը չեմ խոսել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ նշեց, որ ընկերության տնօրինությունը ոստիկանության համար խոչընդոտ չի հանդիսացել այս «հատուկ գործողությունների» ընթացքում: «Երբ հասցրեցին դա ուսումնասիրել, ես չգիտեմ: Եկել են, մենք էլ հոժարակամ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, ոչ մի խոչընդոտ չենք հանդիսացել: Իրենք այն ամբողջ գումարը, որը փոխանցվել է «Էլիպսին», համարել են առանց ծառայություն մատուցելու, այսինքն` լվացած փող: Բայց ամբողջ հանրությունը տեղյակ է ու տեսել է, որ փողոցներում «Էլիպս»-ը գործ է անում: Բա «Էլիպս»-ը այդ դեպքում ինչով էր անում, ինչ հիմքով, ինչ գումարով, հո բարեգործությո՞ւն չէր: Հիմա անունը կպցրել են՝ Սաշիկինն է, ու իբր իր դեմ սկսել են պայքարել, բայց մեզ են թիրախավորել»,- հանգիստ տոնով ասաց Զաքարյանը:

Զրույցի ընթացքում նա հույս հայտնեց, որ շուտով ամեն ինչ կպարզվի, քանի որ երկրում այլեւս նախկին վիճակը չէ: «Չէ՞ որ մեր երկրում կա անկախ դատարան, կարծես թե դատարանները հիմա հրահանգներ չեն կատարում: Ես այս մասով որեւիցե անհանգստություն չունեմ: Մենք կփորձենք պարզաբանել, բոլոր բացատրությունները տալ, փաստաթղթերը ներկայացնել: Միտինգներ չենք պատրաստվում անել, կամուրջներից չենք փորձի մեզ գցել, մեծ հույս ունենք, որ իրավական դաշտում կպարզվի: Հետո արդեն կսկսենք հասարակությանը բացատրել, որ մեր անունը մաքուր է, մենք որեւէ վատ բան չենք արել ո՛չ պետության եւ ո՛չ էլ հասարակության հանդեպ: Եթե հեղափոխությունը զոհեր է պահանջում, եւ այդ զոհերից մեկն էլ մենք ենք, ապա պետք է պայքարենք, բացատրենք: Բայց ձեռնարկություն, որը այս վեց տարիների ընթացքում պայքարել է կոռուպցիայի դեմ, ու այսօր իրեն մեղադրել կոռուպցիայի մեջ, համաձայնեք` մի քիչ տարօրինակ է»,- անկեղծացավ «Սեքյուրեթի Դրիմ»-ի տնօրեն Ալեքսան Զաքարյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս