ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կենտրոնականը Սարդարապատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր։ Զգացմունքայնությամբ հանդերձ ելույթը «հայաստանակենտրոնության» գաղափարը դարձրեց Հայաստանի առաջիկա տարիների իշխանության քաղաքական օրակարգ։ Դրա նշանային ու խորհրդանշական իմաստաբանությամբ այսօր կարելի է փակված համարել վերջին 20 տարվա կեղծ-պահանջատիրության շրջափուլը։

1988-91թթ. Համաժողովրդական շարժման հիմնական հավատամքը հայաստանակենտրոնությունն էր, որը մերժում էր կողմնորոշումային ընտրությունը արեւմուտքի ու արեւելքի (հյուսիսի) միջեւ։ Անգամ Հայաստանի հարեւանների հետ հարաբերություններում, որոնք ոչ միայն բարդ էին, այլեւ նույնիսկ թշնամական, Շարժումն ընտրել էր այնպիսի քաղաքականություն, որը պիտի բավարարեր բացառապես Հայաստանի շահերը։ Չտարվելով համաշխարհային ճգնաժամում առաջամարտիկ լինելու գայթակղությամբ, որը միջազգային հարաբերություններում փոքր պետությունների համար ի վերջո սպառնում է մանրադրամի վերածվելու, եւ հույս չդնելով պատահականությունների վրա` անկախության Շարժումը նախաձեռնողական էր ու պատասխանատու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության առաջնահերթությունների մշակման ու իրագործման հարցում, այն է՝ ցանկացած քայլ անելիս պետք է ելակետ ունենալ ՀՀ ազգային-պետական շահերը։ Եվ այդ հավասարակշռության ու ազգային պետականության կայացման ընկալումով հնարավոր դարձան 1990-ական թթ. սկզբին անիրական թվացող ձեռքբերումները՝ ՀՀ անկախության հռչակումը, պետական ինստիտուտների ձեւավորումն ու հաղթանակն Արցախյան ճակատում։ Շարժումը ժամանակին խոհեմաբար հրաժարվեց անհարկի ու արկածախնդիր ընտրանքներից, իսկ հայաստանակենտրոնությունը` որպես պետական քաղաքականության գերագույն սկզբունք, տվեց իր լրջագույն արդյունքները: Այս քաղաքականությունը տարվեց 1991-1998թթ: Հայաստանակենտրոնության սկզբունքային շարունակականությունը կարող էր լինել Վագգեն Սարգսյանի ազգային-հեղափոխականությունը, որը, սակայն, խաթարվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության հիմքում ընկած Հայաստանի պետական քաղաքականության սկզբունքը հայաստանակենտրոնությունը անխուսափելիորեն պիտի փոխարիներ ինքնանպատակ կեղծ-պահանջատիրությամբ։ Արտաքնապես լինելով հայաստանակենտրոնության ու ազգային-հեղափոխականության տրամաբանական շարունակությունը՝ այն ոչ միայն չլուծեց իր առջեւ դրված խնդիրները, այլեւ պարզապես աղճատեց պետական ինստիտուտն ու քաղաքականությունը Հայաստանում։ Քոչարյանի թեթեւ ձեռամբ Հայաստանը պետական ինստիտուտների ամրապնդման փոխարեն լծվեց փուչ հայրենասիրությամբ ու ցեղասպանության ճանաչման մասին աղաղակներով սփյուռքից ֆինանսական հոսքեր ներգրավելու գործին։ Նախ այդ գումարները չծախսվեցին ըստ իրենց նշանակության, ինչպիսին կարող էր լինել դրանք բացառապես պետական ինստիտուտների կայացման, ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացու` որպես պետության համար գերակա արժեքի ձեւակերպման վրա ծառայեցնելը: Մինչդեռ ավելի դյուրին էր օրնիբուն թուրքերին հայհոյելը, Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին բղավելը, սեփական հաճույքների համար փող կուտակելն ու Հայաստանի խնդիրների համար ադրբեջանաթուրքական շրջանակների մեղադրելը: Այդ տրամաբանության մեջ էր նաեւ ցանկացած ընդվզում Ղարաբաղյան պատերազմի սպառնալիքով խեղդելը, իսկ ճշմարտության բարձրաձայնումը «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» չարագուշակ զգուշացմամբ սաստելը։ Այսպիսով, 20 տարի պետական քաղաքականության հիմքում չարչրկվեց կեղծ պահանջատիրության գաղափարը՝ ծառայեցվելով բացառապես մի նեղ շրջանակի անձնական բարօրությանը։ Դրանով թե՛ արժեզրկվեց պահանջատիրությունն ինքնին, թե՛ ապաֆունկցիոնալիզացվեց պետական համակարգը։ Այսօր ներկայիս իշխանության խնդիրն առաջին հերթին պետական համակարգի բնականոն գործառնության վերականգնումը պիտի լինի։
Հատկանշական է, որ Սարդարապատում 100-ամյակի միջոցառումները ինքնաբերաբար երեւան հանեցին այս խնդիրը։ Այն դրսեւորվեց վարչապետի ելույթի ու տոնական միջոցառումների միջեւ առկա անհամարժեքությամբ։ Նիկոլ Փաշինյանի ելույթը գրվել էր եւ արտասանվում էր այլ Հայաստանում, մինչդեռ տոնական միջոցառումները կազմակերպվել էին լիովին հակառակ արժեհամակարգով: Փաշինյանի ելույթում կարմիր գծով անցնում էր Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը, որտեղ Հայաստանի արտաքին ու ներքին առաջնահերթությունները սահմանվելու էին պետության շահերին համապատասխան։ Արտաշես Առաջինի ու Մեսրոպ Մաշտոցի անունների հիշատակումը նույնպես խորհրդանշական իմաստով ուշագրավ էր։ Եթե Արտաշեսը Հայաստանի ինքնիշխան ու անկախ պետականության հիմնադիրն է, ապա երկրորդը` մշակութային հեղափոխության ռահվիրան։ Եթե առաջինին պարտական ենք` իբրեւ քաղաքական միասնական հանրույթի, ապա երկրորդին` ուրույն քաղաքակրթական ինքնության ձեւակերպման համար։ Հարկ է հատուկ շեշտել նաեւ ելույթի հեղափոխական բնույթը, որը հստակ ցուցիչ էր նախկիններին, որ հեղափոխությունը չի ավարտվելու, քանի դեռ չի հասել իր տրամաբանական հանգրվանին։ Դա չափազանց կարեւոր մեսիջ էր, որ հատուկ ընդգծվեց Պետականության տոնի պաշտոնական արարողակարգում։ Իսկ ընդհանրապես, սրանք բանալիներ են, որ փոխանցում են նոր իշխանության ընկալումը ազգային-պետական կյանքի կազմակերպման հարցում։ Փաշինյանը, այսպիսով, մեկնարկում է այն կետից, որտեղ դոփում է Հայաստանը 1999թ. ի վեր։ Այսպիսով, հայաստանակենտրոնությունը կրկին դառնում է պետական քաղաքականության անկյունաքարը։ Եթե 1990-ական թթ. այդ նույն սկզբունքը ապահովեց անկախ պետականության հաստատում ու փաստացի հաղթանակ Արցախյան պատերազմում, ապա ներկայումս այն խնդիր ունի կայացանելու այդ պետականությունն ու դե յուրե ամրագրելու Արցախյան հաղթանակը։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱն

 

 

 

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ
Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին եւ, փաստորեն, հանդիսանում է սահման: Ջողազի ջրամբարը մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց 1980թ.: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990թ.` հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվելուց հետո, Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը: Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվելու 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի մոտակա հենակետերից: Բերքաբերցիները, ռիսկ անելով, փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա վտանգավոր է. ադրբեջանական զինուժը ձկնորսներին թիրախ է դարձնում: Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա բազմաթիվ գնդակներ արձակեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքների շրջանում, կյանքի համար վտանգ չէին ներկայացնում: Բերքաբերցիները հայտնեցին, որ Աղասի Թամրազյանը ներկայումս գտնվում է, աշխատում է Ռուսաստանում: Բերքաբերցիներն ասացին, որ իրենց համագյուղացիները արհեստական լճում նավակների միջոցով, ուռկաններով որս են անում: Նրանց մի մասը, վախենալով ջրամբարի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերի դիպուկահարներից, գիշերով են ձկնորսության գնում:

 

 

377 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մինչեւ հրաժարականի դիմում ներկայացնելը` մայիսի 24-ին, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի՝մայիսի 22-ի որոշումը եւ Ռուբեն Տիգրանյանի դիմումը, որոշել է մայիսի 25-ից Ռ. Տիգրանյանին նշանակել մարզպետարանի աշխատակազմի հիշյալ վարչության պետի թափուր պաշտոնում: Նույն որոշմամբ մարզպետը Ռ. Տիգրանյանի դրույքաչափը սահմանել է 377 հազար 659 դրամ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի նշված վարչության պետի պաշտոնը վաղուց թափուր էր, առողջապահության պետական գործակալության Տավուշի մարզային մասնաճյուղի լուծարումից հետո դրա ղեկավար Ռուբեն Տիգրանյանն անգործ էր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱն

 

 

 

 

ԴԵՄ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ

Երեւանի թիվ 132 դպրոցը տեւական ժամանակ է, ինչ տնօրեն չունի: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը փորձ է արել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ դպրոցի 108 հոգանոց անձնակազմը դեմ է եղել:

Ինչպես հայտնի է, նշված դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանի կողմից կաշառք վերցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բանն այն է, որ թիվ 132 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հակոբ Թադեւոսյանն ահազանգել է «Հետք» լրատվամիջոցին եւ հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն իրենից 70 հազար դրամ կաշառք է պահանջել բացակայությունները հաշվի չառնելու համար: Դրանից հետո Սուքիասյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել թիվ 132 դպրոցի ոչ միայն ուսուցիչները, այլեւ սաների ծնողները: Նրանք Երեւանի քաղաքապետարանից պահանջում են, որպեսզի դպրոցին «դրսից» տնօրեն չնշանակեն: Ավելին` նրանց պատմելով` ռազմագիտության ուսուցչի բողոքից հետո ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլեւ տնօրենի կողմից թույլատրված մի շարք խախտումներ են բացահայտվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը դպրոցի անձնակազմին փորձ է արել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացնել՝ Երեւանի թիվ 146 փոխտնօրեն Մարիետա Դավթյանին: Սակայն 108 հոգանոց անձնակազմը դեմ է արտահայտվել: Մասնավորապես դպրոցի ուսուցիչները «Չենք ուզում Տարոնի նշանակածին», «Մեր իրավունքները խախտվել են», «Նշանակեք մեր փոխտնօրենին ԺՊ» եւ այլ պաստառներով բողոքի ակցիա են իրականացրել:
«Մեր հիմնական պահանջը, խնդրանքը հետեւյալն է. մենք ցանկանում ենք, որպեսզի տնօրենի ԺՊ նշանակվի մեր դպրոցից որեւէ մի ուսմասվար: Բացի այդ, կա երեք ուսուցիչ, որոնք ունեն տնօրենի հավաստագիր եւ շատ լավ կարող են թեկուզ ԺՊ-ի աշխատանքը կատարել, իսկ քաղաքապետարանը հակառակն է անում: Մենք բոյկոտել ենք նրանց ընտրությունը: Ուրբաթ օրը դրսից բերել էին դպրոցի տնօրենի ԺՊ, մենք անգամ ներս չենք մտել, քանի որ մենք կասկածներ ունենք, որ Աննա Ստեփանյանի դպրոց բերած տնօրենի ԺՊ-ն՝ Մարիետա Դավթյանը, նախկին տնօրեն Վիկտորյա Սուքիասյանի ընկերուհին է, որովհետեւ տնօրենը դուրս գալուց մեզ խոստացավ, որ «դպրոցում 37 թիվն է լինելու, ընկերուհիս գալու է, կտեսնեք»»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրին իրավիճակը: Արդյունքում արդեն մի քանի օր է, ինչ դպրոցը տնօրեն չունի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն




Լրահոս