ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԷԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ` ՄՆԱՄ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ուսանողները շարունակում են պահանջել ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Սա բացատրում են այն հանգամանքով, որ բուհում տիրում է կուսակցական մթնոլորտ, ֆինանսները չարաշահվում են եւ այլն: Իսկ ռեկտորն իրեն համարում է քաղհալածյալ, քանի որ կարծում է՝ իր ՀՀԿ խորհրդի անդամ լինելու պատճառով է այս ամենն արվում: Թեմայի շրջանակում երեկ նախ տեղի ունեցավ հարցուպատասխան ռեկտորի եւ ուսանողների միջեւ, ընդ որում՝ այն անցավ լարված մթնոլորտում, ապա Արամ Սիմոնյանը գնաց իր աշխատասենյակ: Այդ ընթացքում ուսանողներից մի քանիսը նստեցին նրա սենյակի դռան առջեւ` պահանջելով, որպեսզի բուհի ղեկավարը մինչեւ հրաժարական չներկայացնի, դուրս չգա այնտեղից: Սիմոնյանը, սակայն, մնաց անդրդվելի: Հրաժարականի, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, համալսարանի համար ինչո՞ւ եք 2 մլն 600.000 դրամանոց սեղան գնում, այլ խոշոր ծախսեր կատարում:
-Այդ գնումների թղթերը կան. նման բան չկա: Ուսանողներն ասում են, թե 1 մլն դրամ էլ տվել ենք, բազկաթոռ ենք գնել: Այդպես չէ: Մենք հայտարարում ենք, որ մինչեւ 1 մլն դրամի գնում ենք կատարելու, կարող է ընդհանրապես գնում չանենք: Գնել ենք 8 հատ աթոռ, 7 հատ բազկաթոռ: Այսինքն, իրենք ասում են 1 կտորի մասին, բայց մենք գնել ենք 15 կտոր: Իրենք չեն հասկանում, թե ինչ են ասում: Իմ կահույքն էլ 12 տարվա կահույք է, շքեղ բան չկա:
-Դուք 21 տարի է` ՀՀԿ անդամ եք: Լինելով ռեկտոր եւ կուսակցական` ինչպե՞ս եք համատեղել:
-Դրանք իրար չեն խանգարել, եւ ես մեկը մյուսի հետ չեմ կապել: Ընդունվել եմ այդ կուսակցության շարքերը` ելնելով իմ գաղափարական նկրտումներից: Ես Նժդեհի գաղափարների կողմնակից եմ եւ գտնում եմ, որ Նժդեհի գաղափարները հարիր են եւ օգտակար մեր պետության համար:
-Իսկ ինչո՞ւ այդ դեպքում մարդիկ դուրս եկան փողոց` պայքարելու ՀՀԿ-ի դեմ:
-Դա ուրիշ խնդիր է, որովհետեւ տեղի ունեցան անարդարություններ, սխալներ, վրիպումներ եւ այլն: Բայց չի կարելի մարդու սահմանադրական իրավունքը խախտել, ասել` դու կուսակցական ես: Սա հո՞ 20-ական թթ. բոլշեւիկյան ժամանակաշրջանը չի: Բայց ես երբեւէ որեւէ մեկին չեմ ասել` աչքիդ վերեւն ունք կա, դու ինչո՞ւ այս կուսակցության անդամ չես. Դաշնակցական ես, ՔՊ ես կամ ինչ ես: Ես կուսակցական գործունեություն վարել եմ աշխատանքից հետո, իսկ համալսարանում որեւէ մեկին չեմ թողել` քարոզչություն անի:
-Ուսխորհրդի կազմում գտնվող ՀՀԿ-ական ուսանողներն օրերով դասի չեն հաճախում, սակայն Դուք ստորագրում եք թղթեր` համարելով, որ այդ բացակայությունները հարգելի են: Եվ սրա մասին ոչ միայն ուսանողները, այլեւ դասախոսներն են ասում:
-Մեր ուսխորհրդում չկան կուսակցականներ: Նախկինում մեկ, երկուսը եղել են, բայց այսօր չկան: Դա անգրագիտություն է, որ ասում են: Որեւէ մեկի անվան դիմաց չեմ ստորագրել: Նման մանր բաներ ինձ թույլ չեմ տվել: Ես այնքան մանր մարդ չեմ, որ նման բաներ անեմ:
-Դուք չե՞ք պատրաստվում հրաժարական տալ, քանի որ գտնում եք, որ անփոխարինելի՞ եք այս պաշտոնում:
-Ո՛չ, աշխարհում անփոխարինելի անձ չկա: Անփոխարինելի է միայն Աստված: Ասեմ, թե ինչու հրաժարական չեմ տալիս. Էսպիսի բռնության մեթոդներով չեմ գնա նրանց պահանջին ընդառաջ: Պետք է օրինական ճանապարհ լինի: Այդ 200 բողոքող ուսանողների կեսը մեր ուսանողները չեն: Իրավական տեսանկյունից կա՛մ ես պետք է ինքնակամ հրաժարական տամ, կա՛մ ռեկտորատը դա պահանջի: Երբ կհամոզվեմ, որ կոլեկտիվն ինձ չի ուզում, այդ ժամանակ հրաժարական կտամ, կգնամ մեծ ուրախությամբ:
-Կոլեկտիվը գուցե վախենում է բարձրաձայնել այդ մասին:
-Ինչի՞ց է վախենում..: Ես որեւէ մեկի վրա չեմ բռնացել, չեմ պատժել: Ես ընդհանրապես շատ լիբերալ եմ գործել, երեւի չափից դուրս..: Այսօր ռեկտորատի նիստ է եղել, ոչ մեկ չասաց`հրաժարական տուր: Ինձ քննադատեցին, օրինակ, ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանը: Դա էլ իր իրավունքն է: Ես ո՛չ բռնացա, ո՛չ էլ..: Հանգիստ եմ ընդունում դա, ինձ միշտ էլ քննադատել են:
-Այն, որ ուսանողների պահանջը չեք ցանկանում կատարել, նշանակում է` Ձեզ համար միեւնո՞ւյն է այստեղ սովորողների կարծիքը:
-Իրենց պահանջն անօրինական է: Ես ընտրված ռեկտոր եմ: Իսկ իմ կամքի վրա հիմա փորձում են բռնանալ: Ես որեւէ բռնության դեմ չեմ չոքի:
-Սերժ Սարգսյանն էլ չէր պատրաստվում հրաժարվել վարչապետի պաշտոնից, սակայն, ի վերջո, դա արեց:
-Էդ իր խնդիրն է: Դա երկրի ղեկավարի մասին է, որովհետեւ ժողովուրդը վեր կացավ, ցանկություն հայտնեց, որ նա հրաժարական տա: Իմ կոլեկտիվը նման պահանջով հանդես չի եկել: Իսկ էն, ինչ հիմա անում են ուսանողները, սա խուլիգանություն է, որի համար պետք է պատժվեն, բայց մենք չենք գնա դրան: Սա հենց իրենց համար կարող է վատ վերջանալ քննությունների ժամանակ եւ այլն, բայց մենք երբեք այդ բռնություններին չենք գնա: Գիտեք, ես այս աթոռից կպած չեմ, իրավունքից եմ կպած:
-Եթե վարչապետը կամ նախագահը պահանջեն, այդ դեպքում հրաժարական կտա՞ք:
-Եթե վարչապետը, նախագահը պահանջեն, այո՛, հրաժարական կտամ: Բայց չեմ կարծում` իրենք կգնան իրավունքի ոտնահարման ճանապարհով: Ես բռնությամբ չեմ գնա հրաժարականի: Դա կնշանակի, որ ես կդառնամ ստրկամիտ: Շատ լավ հասկանում եմ, որ մարդիկ կան ԿԳ նախարարությունում, ովքեր ուզում են նստել այս աթոռին. կարծում են` այստեղ մեղր ու կարագ են բաժանում: Բայց սա ծանր աշխատանք է: Ռեկտորի պաշտոնում սկզբից ես չեմ եղել ՀՀԿ թեկնածուն: Հետո երբ 2-րդ փուլը եկավ, այդ ժամանակ իշխանություններն ինձ աջակցեցին:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ գտան, որ ես փորձ ունեմ, կարող եմ աշխատել: Բայց իմ ուժերն էլ անսահման չեն: Եվ իմ ժամկետն ավարտվում է 2020 թվին: Շատ հնարավոր է` դրանից առաջ էլ դուրս գամ: Ես կարող եմ 4-րդ անգամ էլ ռեկտորի թեկնածություն դնել, բայց որեւէ ցանկություն չունեմ: Ես ուզում եմ գիտությամբ զբաղվել: Մանավանդ որ իմ ընտանիքն էլ բացարձակ չի ուզում` մնամ ռեկտորի պաշտոնում, որովհետեւ իրենց վրա էլ է ազդում այս ամենը: Բայց կան սկզբունքներ. ես բռնության զոհ չեմ գնալու:
-Իսկ արհմիության համար ինչո՞ւ են ամեն ամիս 200.000 դրամի գրենական պիտույքներ գնվում:
-Այդպիսի բան չկա…ամոթ է:
-Դուք ունեք հողամաս եւ առանձնատուն Դիլիջանում, մեկ առանձնատուն էլ` Երեւանում, Սեւանում էլ` քոթեջ: Բացի այդ, մի քանի ավտոմեքենա: Ինչպե՞ս եք կուտակել այդ հարստությունը:
-Ես չունեմ մեծ հարստություն: Ես ունեմ մի տուն: Ասեմ, որ ժամանակին պետությունից ինձ տրվել է մի հողամաս, որը հետո վաճառել եմ եւ գնել եմ մի տուն` ոչ այնքան մեծ: Իսկ Դիլիջանի հողամասը վաղուց եմ ունեցել, բայց ես մի քանի տուն չունեմ: Իսկ մեքենաների մասով` ունեմ մի հատ 60 թվականի Գազ 69, անձնականը դա է: Մյուսը հիմնարկի մեքենան է, որ ինձ սպասարկում է: Իսկ Սեւանի քոթեջը երկաթյա մի վագոնկա է: Վերջին 10 տարում ես այնտեղ չեմ էլ եղել, 4 օր եմ այնտեղ ապրել:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի մոտ քննարկումներ են անցկացվել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկումներին ներկա են եղել ներկայացուցիչներ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, թե՛ շահագրգիռ կողմերից՝ ՀԷՑ-ից եւ «Գազպրոմից»: Սակայն մեր տեղեկություններով` քննարկմանը չի մասնակցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, այլ ներկա է եղել նրա տեղակալը: Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, թե երեկվա քննարկմանն իր տեղակալն է մասնակցել, սակայն որեւէ առանձնահատուկ պատճառ չի եղել: Միեւնույն ժամանակ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, թե վաղ է խոսել էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազման հնարավորության մասին, քանի որ քննարկումները մեկ օրվա բան չեն: «Պետք է հստակեցնենք, թե ինչ ունենք: Երեք ամիս առաջ է ընդամենը նոր սակագների մասին որոշումն ուժի մեջ մտել, երեք ամսում շոշափելի բաներ չեն լինում: Բայց հնարավոր է` կառավարությունը մեզ ինչ-որ տարբերակ է հուշում, քանի որ մեր միջոցներով դա չենք կարող անել», – նշեց Նազարյանը:

 

 

ԸՆԴԴԵՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ
Դեռեւս նախկին կառավարության օրոք ապրիլի 12-ի որոշմամբ նախատեսվում էր լուծարել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն` միավորելով այն բուժկենտրոնից 7-10 կմ հեռավորության վրա գտնվող հոսպիտալին: Որոշմանը դեմ են ինչպես բուժկենտրոնի աշխատակիցները, այնպես էլ տեղի բնակիչները: Գործընթացը կասեցնելու նպատակով տեղի բնակիչներից «Իրավաբան» ՍՊԸ տնօրեն Ներսես Խաչատրյանը դիմել է կառավարությանը: «Թույլ տվեք նկատել, որ հիվանդանոց լուծարելն, առավել եւս` այն զինվորական հոսպիտալին միացնելն այն արդյունավետ լուծումը չէ, որ կարող էր առաջարկել նախկին կառավարությունը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ներսես Խաչատրյանը: Սիսիանցիները հույս ունեն, որ նոր կառավարությունն իրենց տեսակետը հաշվի կառնի եւ չի լուծարի բուժկենտրոնը:

 

 

ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Մայիսի 23-ից Երեւանի որոշ փողոցներում արագաչափ սարքերը հանվել են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանվել են Արմենիա հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատվածում, Արտաշիսյան, Սարալանջի, Տիգրան Պետրոսյան, Ռուբինյանց փողոցներում տեղադրված արագաչափերը: Ավելին` Վանաձոր քաղաքում տեղադրված եւս երկու արագաչափ սարք հանվել է, Գորիսում նույնպես: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Նաեւ ՀՀ տարածքի բնակավայրերի` 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է:

 

 

ՆԱՅԻՎ Է ԱՍԵԼ, ԹԵ ՀՅԴ-Ն ԴԱՎԱՃԱՆԵՑ ՀՀԿ-ԻՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության եւ քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ:

-Տիկին Առաքելյան, այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Արտահերթ ընտրությունների հնարավորությունը պետք է տա սահմանադրությունը, նաեւ իրավիճակից առաջացած անհրաժեշտությունը: Հիմա առաջացել է իրավիճակ, երբ քաղաքական ուժերից մեկն առաջարկում է այդ արտահերթ ընտրություններն անցկացնել,բայց կարծում եմ` սահմանադրությունը պետք է լինի ելակետն այս հարցում:
-Իսկ ՀՅԴ շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
-Գիտեք ինչ, ՀՅԴ-ն միշտ ունեցել է կայուն ընտրազանգված, եւ հիմա էլ մենք չենք կորցրել այդ ընտրազանգվածը: Ինչու պետք է կորցնեինք մեր ընտրողներին, եթե կարողացել ենք ցանկացած քայլ հիմնավորել:
-Երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, կարծիք կար, որ Ձեր քաղաքական ուժը դավաճանեց ՀՀԿ-ին:
-Գիտեք, չափազանց նայիվ է ասել, թե քաղաքական ուժը դավաճանել է: Դա դավաճանելու կամ հավատարին մնալու խնդիր չէ: Դաշնակցությունն իր աշխատանքի առանցքում դնում է պետականության կայունությունը: Եվ չեմ կարծում, որ 21-րդ դարում որեւէ ուժի պետք է գնահատել, ասել` դավաճանել է, հավատարիմ է եւ այլն: Քաղաքական մշակույթն այժմ այնքան է զարգացել, որ քաղաքական ուժերը 3 օրում կարող են դիրքորոշում փոխել:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս