ՊԵԿ-Ը ԽԱԲՈ՞ՒՄ Է՝ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ Ս. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Այդ գործի շրջանակներում, ըստ ՊԵԿ-ի, հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ` ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մինչդեռ Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է իրեն հարցաքննության կանչելու մասին հայտարարությունը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, վերջին շրջանում զինվորներին տրամադրվող ներքնազգեստի առումով խնդիրը բացահայտվեց, եւ կարծես թե լուծում է տրվել: Տարիներ առաջ էլ այդ խնդիրը կա՞ր:
-Եթե հարցեր կան, ուղղե՛ք այսօրվա ղեկավարությանը: Ես կապ չունեմ: Բանակը միշտ ապահովված է եղել եւ այսօր էլ ապահովված է, որքան որ ես տեղյակ եմ: Մնացած խնդիրները, գուցե տարբեր օղակներում տարբեր խնդիրներ են առաջանում տարբեր պաշտոնատար անձանց ոչ պարտաճանաչ լինելու պատճառով, բայց մեր բանակը ե՛ւ իմ ժամանակ, ե՛ւ այսօր էլ ամբողջությամբ ապահովված է ամեն ինչով:
-Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակումն այս պահին, ըստ Ձեզ, արդարացվա՞ծ քայլ էր:
-Ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր, ելնելով այսօրվա իրադրությունից, նշանակել է տվյալ անձանց եւ նաեւ պաշտպանության ոլորտում ղեկավարելու համար: Ես այդ նշանակումները չեմ մեկնաբանում, բայց գտնում եմ` դա իրենց որոշումն է, որը պետք է ընդունել: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնց հետ ես աշխատել եմ եւ ծառայել, ես բոլորին էլ հարգում եմ եւ հուսով եմ, որ իրենք այսօրվա իշխանության եւ մեր ժողովրդի վստահությունը կարդարացնեն:
-Դուք մասնակցում էիք համաժողովրդական շարժմանը եւ եղել եք հավաքներին հրապարակում: Հիմա ցանկություն չկա՞ ինչ-որ ձեւով համագործակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
-Ես այսօր համագործակցում եմ Փաշինյանի հետ այնքանով, որքանով որ ձգտում եմ լինել այս երկրի օրինակելի քաղաքացի: Մնացածը, այն փորձառությունը որ ես ունեմ, եթե անհրաժեշտություն լինի, իրենք այդպես գտնեն, ես տարբեր խորհուրդների, տարբեր հանդիպումների ժամանակ, նաեւ հրապարակավ ներկայացնում եմ: Իրենք են ղեկավարում իրականացնում: Ես միշտ պատրաստ եմ ծառայել մեր հայրենիքին:
-Դուք մշտական կապի մեջ եք եղել Արցախի ղեկավարության հետ, գուցե նաեւ այժմ էլ: Այնտեղ տեղի ունեցած ցույցերն, ըստ Ձեզ, օգտակա՞ր էին Արցախի համար, թե՞ կարող են խնդիրներ առաջացնել:
-Ես գտնում եմ, որ Արցախի հասարակությունը եւ այնտեղ տիրող իրավիճակն առանձնացել են մշտապես իշխանությունների եւ ժողովրդի կապով, անմիջականությամբ: Եվ մշտապես լինելով ժողովրդի մեջ` իրենք վեր են հանել այն բոլոր խնդիրները, որ կան, եւ լուծում են տվել դրանց: Եվ իրենք իրենց աշխատանքն իրականացրել են` հենվելով դրականի վրա: Այս տարիների ընթացքում ես տեսել եմ, որ կերտվում է քաղաքացիական հասարակություն, որն օրինակելի կարող է լինել մեր տարածաշրջանում, նաեւ Հայաստանի համար: Դա նաեւ երկրի ղեկավարի աշխատանքի արդյունքում է: Ինքը բավական լուրջ աշխատանք է կատարել արդարություն մտցնելու, արատավոր երեւույթների դեմ պայքարելու առումով: Բայց այնտեղ, որտեղ կա աշխատանք, կան նաեւ թերություններ: Երեւի թե տարիների ընթացքում ինչ-որ բաներ կուտակվել են, ինչ-որ վրդովմունք կա եւ այլն: Արցախի ղեկավարությունն այսօր կարողացավ շատ արագ ուսումնասիրել իրադրությունը եւ լուծումներ տալ: Եվ կարծում եմ, որ իրենք այդ իրավիճակից դուրս կգան. Արցախն այն հատվածն է, որտեղ շատ ցնցումներ մենք չպետք է ունենանք, քանի որ իրականում առաջին գծում են իրենք գտնվում, անվտանգության խնդիրներ կան: Բայց եթե կան նաեւ այլ խնդիրներ, որ ժողովրդին անհանգստացնում են, ես գտնում եմ, որ Արցախի իշխանությունները կարճ ժամանակում լուծում կտան դրանց:
-Պարո՛ն Օհանյան, ՊԵԿ-ը հրապարակել է, որ Ձեզ կանչել են հարցաքննության: Իրենց կասկածները փարատվե՞լ են, թե՞ ոչ:
-Ի՞նչ հարցաքննություն:
-Հայտարարության մեջ նշված է, որ ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
-Պետական եկամուտների կոմիտե: Բայց ես ՊԵԿ-ի հետ ի՞նչ կապ ունեմ: Ես ո՛չ բիզնեսմեն եմ, ո՛չ հարկերի հետ կապված խնդիր ունեմ, ո՛չ սահմանից բանան եմ ներմուծում կամ խնձոր: Ես ի՞նչ կապ ունեմ ՊԵԿ-ի հետ:
-Ա՞յլ մարմնի կողմից են կանչել հարցաքննության:
-Ո՛չ, ո՛չ: Այդպիսի բան չի եղել: Ես հիմա կանգնած եմ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիմաց, մեր մարտական ընկերոջ մոտ եմ եկել: Այդպիսի բան չկա:
-Նշված է Ձեր անունը, որ Դուք էլ եք այդ ցանկում:
-Դե նախկին նախարարը ես եմ: Բայց այդպիսի բան չկա: Ես կապ չունեմ այդպիսի բաների հետ: Որեւէ մի անգամ լսած կա՞ք, որ Սեյրան Օհանյանի բարեկամները կամ եղբայրը, տղան, այս մեկն, այն մեկն ինչ-որ մի տեղ աշխատում են: Որեւէ տեղ լսած կա՞ք, որ Սեյրան Օհանյանն այս է բերում, այն է բերում: Չգիտեմ, գուցե ուզում են կանչել: Ինձ համար զարմանալի է: Ես ՀՀ քաղաքացի եմ: Այսքան ժամանակ տեսած կաք` Օհանյան Սեյրանն ինչ-որ խախտում կատարի, չենթարկվի կամ այլ բան: Ինչպես ես, այնպես էլ մյուսները վերին արտի ցորեն չենք. եթե իմ մարտական ընկերը` շարքային, գնում, ներկայանում է, բոլորս էլ պարտավոր ենք գնալ եւ ներկայանալ, եթե այս կամ այն խնդիրները կան: Բայց էլի կրկնում եմ` ես գործարար չեմ, նախկինում իմ աշխատանքն իրականացրել եմ օրենքի շրջանակում:
-Իսկ եթե հրավիրեն, դրանում խնդիր տեսնո՞ւմ եք:
-Ես ՀՀ քաղաքացի եմ: Այսքան ժամանակ Դուք լսած կա՞ք` Օհանյան Սեյրանն ինչ-որ խախտում կատարի, օրինականությանը չենթարկվի: Ինձ իսկապես չեն կանչել հարցաքննության: Բայց եթե իմ մարտական ընկերը գնում, ներկայանում է, բոլորս էլ պարտավոր ենք գնալ եւ ներկայանալ, եթե այս կամ այն խնդիրները կան: Բայց ես գործարար չեմ, նախկինում իմ խնդիրներն իրականացրել եմ օրենքի շրջանակներում: Բանակում եթե նյութատեխնիկական խնդիրներ են եղել, համապատասխան պաշտոնատար անձինք լուծել են այդ բոլոր հարցերը: Իսկ ես ո՛չ ինչ-որ բիզնեսով եմ զբաղվում, ո՛չ էլ որեւէ ապրանքի ներմուծմամբ:
-Խոսվում է, որ Մարտի 1-ի գործով էլ պետք է նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնատար անձինք հրավիրվեն հարցաքննության:
-Ես երբեւէ որեւէ իրավական մի գործընթացի չեմ խոչընդոտել իմ կյանքում: Եվ այսօր էլ օրենքի առջեւ բոլորս, այդ թվում` ես, հավասար ենք:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ խորհրդարանում հերթական անգամ տապալվեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Այս անգամ եւս հնարավոր չեղավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ, արդյունքում ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց: Այս անգամ անհրաժեշտ քվորումը նույնիսկ չկար, եւ 105 պատգամավորներից մասնակցել էր 54-ը, այնինչ այս դեպքում անհրաժեշտ էր ձայների 3/5՝ 63 կողմ քվե: Երեկ գրանցվեց հետեւյալ պատկերը՝ 36 կողմ եւ 17 դեմ ձայն: Երեկվա քվեարկությունը յուրօրինակ ստուգատես էր նաեւ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորների համար՝ արդյոք նրանք իներցիայի սկզբունքով կքվեարկեին, թե ոչ: Չնայած ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած մի քանի պատգամավորներ՝ Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը խորհրդարանում էին, սակայն նրանցից ոչ ոք չներկայացավ քվեարկության: Իսկ Միհրան Պողոսյանը, չնայած խորհրդարանում առավոտյան եղել էր, սակայն քվեարկության այդպես էլ չէր ներկայացել: 17 դեմ ձայներից պարզ է դառնում, որ առնվազը 10 ձայն հենց ՀՀԿ-ի ներսից է դեմ եղել, քանի որ քվեարկության մասնակցել է միայն ՀՅԴ-ն, որն ունի 7 պատգամավոր: Ստացվում է՝ քվեարկության մասնակցած 46 ՀՀԿ-ականներից 10-ը, ըստ էության, դեմ գնացին խմբակցության որոշմանը:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: ԱԱԾ աշխատակիցները երեկ հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամում: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «Հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց բացի օրենքով սահմանված վճարումներից իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է»: Կատարվածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցները երեկ մտել են քաղաքապետարան, եւ «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ: Հատկանշական է փաստը, որ ԱԱԾ-ն այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ավագանու առաջիկա նիստում լուծարվելու է «Երեւան» հիմնադրամը: ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել են դատարան՝ հիմնադրամի ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին ավելի լայն ինֆորմացիա ստանալու պահանջով: Իսկ Երեւանի քաղաքապետարանը, որ հիմնադրամի հիմնադիրն է, որոշել էր արագ փակել այն՝ կոծկելով մինչ այդ եղածը: Ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ հիմա այս հիմնադրամով զբաղվում է ԱԱԾ-ն: Ու որքան էլ քաղաքապետարանից պնդեն, թե հիմնադրամն իրենց աշխատակազմի մեջ չէ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար լինելը ոչինչ չի նշանակում, միեւնույն է, իրավիճակը դրանից չի փոխվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանից, սակայն ապարդյուն. ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ե՛ւ Ղազարյանը, ե՛ւ հիմնադրամի հաշվապահը բերման են ենթարկվել ԱԱԾ: Ըստ որոշ տեղեկությունների` նրանց ձերբակալել են, թեեւ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա:
Նկատենք, որ սա Երեւանի քաղաքապետարանի հետ առնչվող երրորդ քրգործն է: Ոստիկանությունը ստուգումների արդյունքում չարաշահումներ ու յուրացումներ էր հայտնաբերել «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ում, որը թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ է մատուցում Երեւանի քաղաքապետարանին՝ մշտապես հանդիսանալով հայտարարված մրցույթների հաղթողը: Հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն էր չարաշահումներ հայտնաբերել քաղաքապետարանին ծառայություն մատուցած «ԱՆՆԱ-80» ՍՊԸ-ում, գումարներն այստեղ հափշտակվել էին, իսկ աշխատանքներն ամբողջությամբ իրականացված լինելու մասին կեղծ կատարողականներ էին հաստատվել վարչական շրջանների աշխատակիցների կողմից։




Լրահոս