Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակն էլ ԵԿՄ-ն վերակազմավորելն ու արտահերթ ընտրություններն են: Հենց այդ քննարկման ժամանակ էլ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ներխուժել է ԵԿՄ շենք, խուզարկություններ իրականացրել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԿՄ վարչության անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ դատաքննության ավարտն ու ԵԿՄ արտահերթ համագումարը կասեցնել Մավել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում: Հենց այդ նպատակով էլ, մեր տեղեկություններով, այսօր նույն այդ շենքում կհավաքվեն արդեն ԵԿՄ վարչության անդամները եւ քննարկումից հետո կհայտարարեն նրա լիազորությունների կասեցման մասին: Միաժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են ԵԿՄ պատից հեռացնում Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Պատկերը, խոստովանենք, բավական տհաճ է: Որքան էլ Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը քստմնելի ու աններելի է, որքան էլ այդ ամենի հետեւանքով կրքերը գերլարված են, սա դեռ նման կերպ վարվելու հիմք չէ: Մանավանդ, որ դեռ ընդամենը մի քանի օր առաջ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի հասցեին ձոներ էին հնչեցնում ու մեծարում: Բայց ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, եւ հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայանցնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները շեշտելու Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` որպես անվտանգության խնդիր: Միաժամանակ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով: Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, որեւէ քայլ չի արվում: Պատճառը դժվար չէ ենթադրել. տեսակետ կա, որ սա կազմակերպված սաբոտաժ է, որում իր դերակատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ ՄՆացականյանը նրա կադրն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մնացականյանը դեռ 1993թ մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ: Ասում են՝ ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտնվելը եւս Սարգսյանի շնորհիվ է:
Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի հետեւից նոր բացահայտումներ են անում: ԵՒ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Ազգային Անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմը մինչեւ ուշ գիշեր առանց հանգստյան օրերի մնում են իրենց աշխատավայրերում: Սա մի կողմից գերծանրաբեռնվածության պատճառով, մյուս կողմից՝ ամեն րոպե անցանկալի իրավիճակներում արագ արձագանքման պատրաստ լինելու համար:
Հայաստանի կառավարությունն այսօր կքննարկի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Այս ընկերությունը զբաղվում է կահույքի արտադրությամբ եւ մի շարք պետական հիմնարկությունների մատակարար է, բացի այդ, «ՎԱԲԱ» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն» ռեստորանային համալիրը: Սակայն Կառավարության քայլն ուշագրավ է ներքաղաքական իրողությունների համատեքստում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Արմեն Աշոտյանը խոսում էր նոր կառավարության կողմից քաղաքական հալածանքներ իրականացնելու, պետական ռեպրեսիվ մեքենա աշխատեցնելու մասին, նույնիսկ հայտարարել էր, որ Փաշինյանի կառավարությունից տուժածներն իրենց իրավունքների վերականգնման համար կարող են իրեն դիմել: Ու հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին պատկանող ընկերությանը կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ տալը լավագույն հերքումն է այն բանի, որ նոր իշխանությունները նախկինի նկատմամբ հալածանքներ են սկսել:
ՈՐՈՇԵԼ Է ՍՊԱՌՆԱԼ
Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում ռազմատենչ հռետորաբանությունից, այլեւ շատ ուղիղ տեքստով բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, խոսելով հաջորդ շաբաթ կայանալիք զորավարժությունների մասին, ասել է. «Մեր նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի համար, եւ այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաեւ հոգեբանորեն»:
Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից նման հռետորաբանությամբ առաջին հայտարարությունը, առաջին սպառնալիքը չէ: Նախկինում եւս այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է պատերազմ սկսելու, օկուպացված տարածքներն ազատագրելու մասին: Անկախ նրանից՝ սրանք Զաքիրովի հերթապահ հայտարարություններն էին, թե ոչ, անկախ նրանից՝ դրանք ուղղված էին ներքին, թե արտաքին լսարանին, միեւնույն է, փաստը մնում է փաստ, որ նա մեկ կարեւոր սկզբունք է խախտում՝ հակադրվում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու տարբերակին: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ մինչեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունը` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ վերջին բանակցությունների ժամանակ, հստակ պայմանավորվել էին զերծ մնալ սահմանին իրադրությունը սրելուց, նաեւ հերթական անգամ խոսվել էր հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Ու այդ սկզբունքից չի հրաժարվել նաեւ Հայաստանի նոր կառավարությունը:
Ադրբեջանի այս հռետորաբանության պատճառների մասին դժվար չէ կռահել. Հայաստանի նոր իշխանության դիրքորոշումը` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, դուր չի եկել նրանց: Ու հիմա Ադրբեջանի կոշտ հռետորաբանությունն այդ ամենի պատասխանն է: Բայց նկատենք, որ հիմա Հայաստանն անպատասխան չպետք է թողնի կատարվածը, եւ ԱԳՆ-ն հատկապես Զաքիրովի այս վերջին հայտարարություններից հետո դիվանագիտական խողովակներով, ինչու չէ, նաեւ հրապարակայնորեն պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր: Առավել եւս, երբ հենց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության մոտ աննախադեպ բարձրացել է, եւ թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ-ում վերականգնված ժողովրդավարության բարձր մակարդակը հենց Ադրբեջանին հակադրելու ամենալավ փաստարկներից մեկն է, ճիշտ այնպես, ինչպես 1990-ականների սկզբներին էր, երբ մեր երկիրը համարվում էր ժողովրդավարության կղզյակ: