Լուսանկարն արվել է Գյումրիում
Գյումրու Վարդանանց հրապարակում երեկ ավտոմեքենա է այրվել: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ, եւ հրդեհը մեկուսացվել է: Ավտոմեքենայում քաղաքացի չի եղել: Բռնկման պատճառը քննության ընթացքում կպարզվի:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորումները որտե՞ղ են անցկացվում: Եվ ուզում եմ իմանալ` թեստավորմանը մասնակցելու համար պետական տուրք գանձվո՞ւմ է:
Գրիգոր Հարությունյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորումներն անցկացվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մասնաշենքում: Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին կատարել պետական տուրքի վճարումը, որը կազմում է հինգ հազար դրամ, եւ վճարման անդորրագիրը պատճենի հետ միասին ներկայացնել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ մնացած փաստաթղթերի հետ միասին: Հաշվեհամարի տվյալները կարող եք ձեռք բերել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտարարությունը հրապարակվում է թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու կամ զինծառայողի հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը կարո՞ղ է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:
Ռիմա Իսրայելյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի` որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
Ոչ, քանի որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի` որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է ՀՀ-ից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: